Կարիք կա՞ր նկատել Էրդողանի հրավերը

Կարիք կա՞ր նկատել Էրդողանի հրավերը

Սերժ Սարգսյանի պատասխանը Էրդողանին, ով անտակտություն էր ունեցել 2015թ. ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրել Թուրքիա, մեր կարծիքով մի քիչ երկար էր, մի քիչ հանգամանալից և մի քիչ գիտական: Անտակտությանը, լկտիությանը, ցինիզմին, որ այդպես շռայլորեն դրսևորել էր Էրդողանն իր հրավերում, այդպես չէր կարելի պատասխանել՝ էլ հարգելի նախագահ, էլ Ձերդ գերազանցություն…



Մի քիչ շատ չէ՞ր Էրդողանի համար, ով, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, միտումնավոր, համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից շեղելու համար է այդ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունը նշանակել հենց ապրիլի 24-ին:



Եթե Էրդողանի այս քայլը համարում ես Հայոց ցեղասպանությունը անտեսելու, մոռացության տալու, պատասխանատվությունից խուսափելու, վերջապես՝ քո ցավի վրա ծիծաղելու փորձ, ուրեմն այլևս անիմաստ է մարդու և քաղաքական գործչի այդ տեսակին գիտականորեն բաներ բացատրելը: Մեր կարծիքով՝ պետք էր ընդամենը ղարաբաղցու մի քանի սիրուն խոսք ասել և հարցը փակել: Իսկ եթե նույնիսկ դա չաներ Սերժ Սարգսյանը, այլ ուղղակի չնկատեր այդ հրավերը, ամեն ինչ իր տեղը կընկներ: Այլապես Էրդողանն իր այս «կապիկությամբ» հասկացրել էր նաև, որ ինքը «տեղեկացված չէ» կամ «լուրջ չի ընդունել» նախընթաց՝ հայկական կողմի հրավերը:



Կարդացեք Սերժ Սարգսյանի պատասխանի հետգրությունը և ամեն ինչ պարզ կդառնա. «Հ.Գ. Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:



Ստիպված ենք նորից ասել՝ Թուրքիայի հետ խաղեր տալ ոգևորության առաջին իսկ ալիքի տակ, մեղմ ասած՝ խելացի չէ: Այդ երկիրն իր գոյությամբ պարտական է իր խորամանկ դիվանագիտությանը, որ սկսած 1800-ական թվականների վերջերից Թուրքիայի համար մանևրելու լայն հնարավորություններ է ապահովել համաշխարհային պրոցեսների հորձանուտում: Այսպիսի հակառակորդի հետ խաղալ իր իսկ զենքով՝ ամենաճիշտ որոշումը չէ: