Եկածդ օրվանից քաղաքը սգի մեջ է, էլ ի՞նչ սուգ հայտարարենք

Եկածդ օրվանից քաղաքը սգի մեջ է, էլ ի՞նչ սուգ հայտարարենք

Հունվարի 8-ին, երբ ուժգին քամին շրջեց Գյումրիի գլխավոր տոնածառը, առավել սնահավատները սրա մեջ տխուր նշան տեսան թե քաղաքի, թե քաղաքապետի համար: 4 օր անց վատթարագույն կանխատեսումն իրականացավ՝ եղավ սպանդը: Իսկ քաղաքագլուխը, ինչպես միշտ, կարեւոր իրադարձությունների ժամանակ տեղում չէր: Մինչ ամբողջ աշխարհը Գյումրիում էր, քաղաքագլուխը բավարարվեց տրաֆարետային ցավակցությամբ, ինչպես օտարը: Ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիները նրան էին կանչում. «Ո՞ւր ես, Փալասանյան, դե եգուր, մեռե՞լ ես»:



Բալասանյանը, ինչպես եւ նախորդ տարի այս ժամանակ, ԱՄՆ-ում էր: Միայն 2 օր անց նրա խոսնակը «պրես ռելիզ» տարածեց, թե, իբր, քաղաքապետը Գյումրիի եւ Գլենդելի միջեւ համագործակցության հուշագիր էր ստորագրում, բայց ահա, տեղեկանալով սպանության մասին, «ընդհատել է այցն ԱՄՆ-ի Գլենդել քաղաք եւ վերադառնում է Գյումրի»: Այս հայտարարությունն ըստ էության երեկ իր ասուլիսում հերքեց հենց Բալասանյանը, հայտարարելով, որ արձակուրդ էր գնացել: Ասուլիսում Բալասանյանն արդարանում էր համաքաղաքացիների առաջ՝ ուշացող եւ ծույլիկ աշակերտի նման, թե հունվարի 9-ին Ամերիկա է մեկնել իր գումարով, ոչ թե բյուջեի փողերով եւ քաղաքային բյուջեն խնայելով է արձակուրդ ձեւակերպել, որ ամեն ինչ արել է 17.00-ին գյումրեցիների կողքին լինելու համար, բայց չի հաջողել, հանգանակության է մասնակցել եւ ինչ-որ տուն է գնել: «Ես իմ գյումրեցու հետ եմ»,- դոշ էր ծեծում քաղաքապետը, բայց ինչ տուն էր, ում համար, մարդիկ այդպես էլ չհասկացան:



Հիշեցնենք, որ անցյալ Ամանորից հետո էլ էր մեկնել ԱՄՆ: Այն ժամանակ շրջանառվեց, որ Գյումրու քաղաքապետն այնտեղ տների բիզնեսով է զբաղվում՝ վարձով հանձնում է իրեն պատկանող բնակարանները Գլենդելում եւ Հոլիվուդում, ինչը, բնականաբար, պաշտոնապես հերքեցին, վստահեցնելով, որ համատեղ ծրագրեր կան ամերիկյան քաղաքների հետ: Նույն քույրության մասին էր նա խոսում, երբ Գյումրու լուսավորությունը բարելավելու նպատակով սկսեց Չինաստանից լամպեր ներկրել, բայց հետո պարզվեց, որ լամպերի ներկրումը նրա մերձավորներն են անում: Բայց քաղաքում ոչ մի նոր փողոց չլուսավորվեց: Քաղաքապետարանը փոխում էր լամպերն արդեն լուսավորված փողոցներում, իսկ երբ քաղաքապետին հարցրին, թե ինչու, նա ասաց, որ այս լամպերն ավելի խնայողական են, եւ որ դրանց էֆեկտը հետո կերեւա:



Այնպես որ, գյումրեցիներն այնքան էլ չեն հավատում քույր-քաղաքների վարկածին եւ Բալասանյանի ճանապարհորդությունների տակ միայն բիզնես-շահեր են նշմարում: Նույնիսկ այն, որ գիշերը Բալասանյանը վիրավոր ցուցարարների եւ ոստիկանի է այցելել, համոզիչ չթվաց: Քաղաքապետի ասուլիսի ուղիղ հեռարձակման ընթացքում գյումրեցիները կոպիտ մեկնաբանություններ էին գրում համացանցում: Ավտոբուս էր շուռ եկել, ինքը չկար, եղեւնի շուռ եկավ, չկար, Ծառուկյանը եկավ Գյումրի՝ միտինգ անելու, չկար՝ թվարկում են մարդիկ: «Դեպքը տեղի է ունեցել, իսկ դու ե՞րբ ես եկել: Ըդիկ հերիք է, օր գյումրեցիք համարեն, որ իրանց քաղաքապետը մեռած էր, հմի վերակենդանացավ:



Կմնա, օր Փալասանյանը դիմե վերեւներին՝ իրան մե հատ մը վերտալյոտ առնին, օր ինքը շուտ գա հասնի»,- գրեց նրանցից մեկը: Լրագրողների հարցին, թե ինչու Գյումրիում սուգ չհայտարարվեց, քաղաքապետը պատասխանեց, որ նման իրավասություն ինքը չունի: Իսկ հասարակ մարդիկ իրենց տներում գյումրեցուն բնորոշ սեւ հումոր էին անում. «Եկածդ օրվանից քաղաքը սգի մեջ է, էլ ի՞նչ սուգ հայտարարենք»:



ՀԳ. Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ քաղաքապետ Բալասանյանն ԱՄՆ էր մեկնել նաեւ իր բիզնեսի հարցերով, նրա մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանն ասաց. «Այցը պլանավորվել էր դեռ նախորդ տարի: Քաղաքապետը փորձում էր ներդրումներ ներգրավել Գյումրիի համար: Ինչ վերաբերում է բիզնեսին, ես կարող եմ պատասխանել միայն Գյումրու հետ կապված: Ես նման տեղեկության չեմ տիրապետում»: