Գյումրիի ողբերգությունը լուրջ խորքեր ունի

Գյումրիի ողբերգությունը լուրջ խորքեր ունի

Ինչ ասես` կարդացինք ու լսեցինք այս օրերին, բացառությամբ որեւէ ղեկավարի հոդաբաշխ խոսքից, թե վերջապես ինչ է տեղի ունեցել Գյումրիում: Ինչպես միշտ է պատահում մեզանում, մամուլն էր դարձյալ առաջին պլանում ու տարատեսակ վերլուծաբանները, ովքեր չէին զլանում լեզվին եկածը հրամցնել հասարակությանը` որպես անվիճելի ճշմարտություն:



Ակնհայտ է, որ տեղի ունեցածը շարքային հանցագործություն չէ, որ սպանությունը (այս դեպքում` սպանդը) կատարվել է խիստ որոշակի հողի վրա` ունենալով խիստ որոշակի նպատակներ: Պարզ է նաեւ, որ ոճիրն իրականացվել է առանձնակի դաժանությամբ: Իսկ այն, ինչ հրամցվեց Պերմյակովին բռնելուց հետո` ծարավ էի, ջուր էի ուզում խմել եւ այդ նպատակով գնացել էի այդ տունը, ինչպես նաեւ առաջին հայտարարությունները` Պերմյակովը, իբր, հիմարի մեկն է, հոգեկան հիվանդ, մեր կարծիքով, բուն իրականության հետ որեւէ կապ չունեցող ապատեղեկատվություն է, որպիսին տարածում են իրենց առաջին անելիքը չիմացող, շոկը դեռեւս չհաղթահարած իշխանություններն ու ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը:



Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հանրապետությունում կամ գոնե Գյումրիում սգո օր չհայտարարեցին: Այս հարցը երկու ճիշտ պատասխան ունի` կամ չգիտեին, թե ինչ է կատարվել իրականում, կամ էլ շատ լավ գիտեին, բայց չկարողացան խոստովանել` ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Նույն վիճակում է եղել նաեւ ռազմաբազայի ղեկավարությունը: Ռուսական լրատվամիջոցներում դեպքից տեւական ժամանակ անց պահպանվող լռությունը (նրանք խոսեցին միայն ՌԴ ԱԳՆ-ի` հայտարարություն տարածելուց հետո) փաստում է, որ ռազմաբազայի ղեկավարությունն առաջին ժամերին չի կարողացել ճշմարտանման որեւէ տեղեկություն փոխանցել Մոսկվա: Հարց է առաջանում` իրենք է՞լ ոչինչ չգիտեին, թե՞ գիտեին ողջ ճշմարտությունը, բայց չէին կարողանում խոստովանել:
Զինվորը, ավտոմատով, երկար ճանապարհ է անցել Գյումրիով, մինչեւ հասել է Ավետիսյանների տուն, որը քաղաքի հակառակ ծայրում է գտնվում: Ինչպե՞ս է պատահել, որ նրան ոչ ոք, այդ թվում նաեւ ոստիկանության գիշերային պարեկային խմբերը չեն նկատել: Իսկ գուցե սովորակա՞ն երեւույթ են ռազմաբազայի զինվորների` Գյումրիում ավտոմատով զբոսնելու դեպքերը:



Տեսակետը, թե սա հայ-ռուսական դարավոր բարեկամության հակառակորդների ձեռքի գործն է, նույնպես տրամաբանական չի թվում: Դժվար թե անվտանգության ռուսական եւ հայկական ծառայություններն այն աստիճան քնած լինեին, որ նման միջամտություն թույլ տային այնպիսի կարեւորագույն օբյեկտի գործերին, ինչպիսին 102-րդ ռազմաբազան է, որ գտնվում է Արեւմուտքի եւ Արեւելքի սահմանի վրա: Այդուհանդերձ` Պերմյակովը բռնվել է հայ-թուրքական սահմանը հատելիս (տեսնես մտավոր հետամնացն ու հոգեկան հիվանդը ինչո՞ւ էր փորձում հատել հենց հայ-թուրքական սահմանը եւ իր ավտոմատով չէր նստել Գյումրիի տոնածառի տակ): Չի՞ թվում, արդյոք, որ ռազմաբազայում ինչ-որ բան թաքցնում են, որ Պերմյակովը, ոճիրն իրագործելուց հետո, արեւմտյան վարկած ձեւավորելու նպատակով, հատուկ տարվել է այդ տարածք, ապա ձերբակալվել հենց ռուսների կողմից:



Այսօր նույնիսկ ռուսական մամուլն է տարակուսանք հայտնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մասին եւ Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու փաստը որակում որպես ոչ գործընկերային մոտեցում: Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ գրեցին, որ Գյումրիում սկսված հուզումների բուն պատճառը հենց այդ չհասկացվածությունն է: Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս` այս ո՞վ է պաշտպանում իրենց անդորրը, սա գործընկերությո՞ւն է, թե՞ նեոգաղութացում: Կարծել, թե պաշտոնական Մոսկվան այս իրավիճակը չի հասկանում, միամտություն է: Այդ իսկ պատճառով, հավանական է, մունդիրի պատիվը փրկելու համար, փորձ արվի դեռ պնդել Պերմյակովի հոգեկան անհավասարակշռության վարկածը, գործում ներգրավելով նրա անմիջական հրամանատարներին եւ, չի բացառվում, նաեւ զինկոմիսարիատի այն մասնագետներին, ովքեր պիտանելության թուղթ են տվել այդ կիսախելագարին:



Բայց, արդյոք, այս ամենը ճշմարտացի՞ կերեւա, իրենք` գյումրեցիները, կհավատա՞ն այդ թատրոնին: Բանն այն է, որ ռազմաբազայի անձնակազմի եւ գյումրեցիների միջեւ անցած տարիների ընթացքում բավականին հետաքրքիր փոխհարաբերություններ են ձեւավորվել, կարելի է ասել` տնավարի են վերաբերվել միմյանց, ինքնաբուխ շփումների որոշակի մակարդակի հասել: Թե որեւէ գյումրեցուց հաց ու ջուր խնդրելն է ընդունված, թե որեւէ հարցով զինծառայողներին դիմելը: Եվ հանկարծ` այսպիսի ողբերգություն: Գյումրեցիները, արդյոք, չունե՞ն այս ամենի բացատրությունը: Նորից նշենք` այն փողոցը, ուր գնացել է Պերմյակովը, կամ ուր տարել են նրան, այնքան մոտ չէ ռազմաբազային, որ ջուր խմելու նպատակով, ավտոմատն ուսիդ` հասնես այնտեղ: Հետեւաբար, պետք է որ մի բացատրություն լինի, թե հատկապես ի՞նչ է (են) փնտրել զինվորականն (ները) այնտեղ:



Այն, որ գործին հետամուտ են ռուս եւ հայ իրավապահները, դեռ երաշխիք չէ, որ ամբողջ ճշմարտությունը կհայտարարեն: Կարվի ամեն ինչ, որ ոչ իր թափթփվածությամբ հայտնի Ռուսաստանը տուժի, ոչ էլ ՀՀ իշխանությունները, որ այդպես էլ չկարողացան հավասարը-հավասարի հարաբերություններ ձեւավորել իրենց ռազմավարական գործընկերոջ հետ: Այնպես որ, գոյացած վերքի ցավն ստիպված է լինելու տանել ժողովուրդը` Երեւանում ու մյուս բնակավայրերում` յուրովի, Գյումրիում` յուրովի: