Քննիչներին պահել են ռազմաբազայում և չեն թույլատրում հարցաքննել Պերմյակովին

Քննիչներին պահել են ռազմաբազայում և չեն թույլատրում հարցաքննել Պերմյակովին

Ռետինե խողովակներից սնվող, բժշկական սարքավորումներով ապրող երեխայի լուսանկարներն անտարբեր չէին թողել ոչ մեկի: Մարդիկ կապվել էին փոքրիկ Սերյոժայի հետ, հույս ունեին, որ կապաքինվի, բայց երեկ լավատեսության այս փոքրիկ ճրագն էլ մարեց: Տեղացի եւ ռուս բժիշկների ջանքերը, փաստորեն, արդյունք չէին տվել: Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից աշխարհով մեկ տարածվեց երեխայի մահվան գույժը: 6-ը դարձավ 7: Վերքը թարմացավ: Զարհուրելի այս թիվը երեկոյան մարդիկ իրար էին փոխանցում:



Ռուսաստանյան լրատվամիջոցները նույնպես արձագանքեցին, իսկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանն առցանց սոցհարցում էր կատարում «Պե՞տք է արդյոք հանձնել ՀՀ իշխանություններին սպանության համար կասկածվող ռուս զինվորին» հարցով: Հարցման արդյունքն ապշեցնող է. երեկ երեկոյան, 18:00-ի դրությամբ քվեարկողների 81 տոկոսը պատասխանել էր՝ «այո»: Հետաքրքիր զուգադիպություն. երեխայի «կենսաբանական մահվան» ժամը, ըստ կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, տեղի էր ունեցել 17:02-ին: Այդ նույն ժամին էլ Գյումրի հասան հատուկ ջոկատայինները: Սա կասկածների տեղիք է տալիս, որ երեխայի մահն ավելի վաղ էր հայտնի փորձառու արտասահմանյան եւ տեղացի բժիշկներին, բայց պետք էր, որ սովորական մարդիկ այդ մասին իմանային ճիշտ այն ժամանակ, երբ ոստիկանության հատուկ զորքը մտներ Գյումրի:



Տեղի աղբյուրները հայտնեցին, որ քաղաքում լարվածություն է զգացվում, թեեւ փողոցներում ոստիկանական համազգեստով մարդիկ տեսանելի չեն, իսկ Երեւանից ժամանած զորքն անմիջապես անհետացավ ռազմաբազայի տարածքում: Ակնհայտ է, որ իշխանություններն ուժեղացրել են ռազմաբազայի հսկողությունը, զգուշանալով, որ երեխայի մահը նոր ցնցումներ կառաջացնի: Բայց երեկոյան, 19:30-ին, քաղաքը հանգիստ էր: Երեխայի մարմինը դեռ Գյումրի չէին տարել: Ոստիկանության շենքի դիմաց մի 100 մարդ էր հավաքված: ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էր փակ խորհրդակցություն անցկացնում Շիրակի մարզային վարչությունում: Մարզպետն ու այլ պաշտոնյաներ էին ներկա, նաեւ որոշ պատգամավորներ: 18:00-ի շրջանում, սակայն, նոր ցնցումներ եղան, թերեւս, միայն սոցցանցերում: Ֆեյսբուքը մի անվերջանալի սեւ ժապավեն էր հիշեցնում: Իսկ քաղաքացիական ակտիվության կենտրոններում՝ ռազմաբազայի, ՌԴ գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ, առավոտից չկային ընդվզող ժողովուրդ, բախումներ, պայթյուններ ու ծուխ: Հյուպատոսարանի առօրյա հաճախորդները՝ Ռուսաստանում հաց փնտրող խոպանչիները, անտարբեր դեմքերով խմբված էին շենքի մոտ, փաստաթղթային հարցերով սպասում էին ռուսների ընդունելությանը: Վնասվածքներ ստացած քաղաքացիները, ստանալով անհրաժեշտ բուժօգնությունը, հեռանում էին Գյումրու հիվանդանոցից: Երեկ երեկոյան այնտեղ էին միայն 3 ոստիկաններ, որոնք գլխի տրավմաներ էին ստացել:



Այնպես որ, Գյումրին սկսում էր ապրել սովորական կյանքով: Բայց մարդկանց տրամադրություններում կար սպասում: Նրանք դատախազ Կոստանյանի նամակի հետ կապված հույսեր էին փայփայում: Հիշեցնենք, որ նա տղամարդու խոսք էր տվել, որ պահանջելու է ՌԴ գլխավոր դատախազից Պերմյակովի հանձնումը ՀՀ իրավապահներին, եւ նրա նամակի պատասխանին սպասում է ողջ Գյումրին: Ինչպես նաեւ Երեւանում ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի եւ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպման արդյունքներին, որը ժամանել էր Հայաստան՝ քննարկելու Ավետիսյանների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր: Թե ինչ հարցեր են քննարկվելու, պաշտոնապես չի հաղորդվում, սակայն պարզ է, որ հայկական կողմը փորձել է Բաստրիկինի միջոցով գոնե Պերմյակովին հարցաքննելու համաձայնություն ձեռք բերել: Ինչպես հայտնի է, կասկածյալ Պերմյակովը պահվում է ռազմաբազայի տարածքում, մենախցում, եւ նրան մեղադրում են ՌԴ Քրօր. երկու հոդվածով՝ երկուսից ավելի մարդկանց սպանություն (105, մաս 2) եւ դասալքություն՝ ծառայողական զենքով (338, մաս 2):



Մեր քննիչներն իրենց հերթին են սպանության հոդվածով գործ հարուցել: Գլխավոր դատախազը սպանությունից անմիջապես հետո փորձում էր տպավորություն ստեղծել, թե համագործակցություն կա հայ եւ ռուս իրավապահների միջեւ, եւ մեր քննիչներն ազատ ելումուտ կարող են ունենալ ռազմաբազայի տարածք: Մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ քննիչները մտել են եւ գրեթե մեկ օր անցկացրել ռազմաբազայի տարածքում, բայց Պերմյակովի հետ հանդիպել նրանց թույլ չեն տվել: Իրականում Կոստանյանը որեւէ հիմք չունի նման հայտարարությունների համար, քանի որ Պերմյակովին հարցաքննելու համար անհրաժեշտ է ՌԴ գլխավոր դատախազության համաձայնությունը, որից հետո միայն քննիչները կարող են քննչական գործողություն կատարել: Մեր տեղեկություններով, Գեւորգ Կոստանյանը փորձել է ՌԴ գլխավոր դատախազ Չայկայից ստանալ այն, բայց ապարդյուն: Նման համաձայնություն, ըստ ամենայնի, չկա, իսկ առանց դրա ՀՀ քննչական մարմնի վարած նախաքննությունը նման է լրագրողական հետաքննության: