Չուգունը քուրայում է ձուլվում

Չուգունը քուրայում է ձուլվում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար անհասկանալի է Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին պաշտոնապես սգո օրեր հայտարարելու կառավարությանն ուղղված պահանջը: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ուր մասնակցում էր Սերյոժայի հոգեհանգստի պատարագին, նա ասել է լրատվամիջոցներից մեկին:



«Իմ համար անհասկանալի են նման հարցադրումները, քանի որ չեմ կարծում, որ պաշտոնապես սուգ հայտարարելու մեջ է խնդիրը: Բոլորս սգում ենք, այսօր չկա որեւէ մեկը, ով իրեն հայ ազգի ներկայացուցիչ է համարում ու չի սգում: Ուրիշ ձեւակերպումների մեջ ուղղակիչ պետք է մտնել: Ես ուղղակի ասում եմ, որ մենք հիմա սգում ենք բոլորս»,- ասել է ՀՀԿ-ական իմաստուն երիտպատգամավորը:



Ինչպես տեսնում եք, այս երիտասարդը բավականին ամուր նյարդեր ունի: Հարցնում է՝ ախր ինչո՞ւ սուգ հայտարարեն, երբ արդեն իսկ ազգովի սգում ենք: Հենց թեկուզ նրա համար, պարոն Ավագյան, որ միջազգային հանրությանը չթվա, թե Հայաստանում շարքային սպանություն է տեղի ունեցել, հենց միայն նրա համար, որ մեր նախագահին միայն Պուտինը չզանգի ու տպավորություն չստեղծվի, թե սա հայ-ռուսական ներքին խնդիր էր...



Իսկ գուցե հենց այն պատճառո՞վ սուգ չհայտարարվեց, որ դրսում արձագանքներ չլինեն:



Այսօր մի տեղ կարդացի այն մասին, թե Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հաջորդ օրն ինչպես էր Կարեն Ավագյանը, ՀՀԿ-ի երիթևը հետևից գցած, եղերամոր դեմքով շտապում Ֆրանսիայի դեսպանատան պատին ծաղիկներ դնելու: Արդյոք դա այն պատճառով չէ՞ր, որ Ֆրանսիան պետական մակարդակով ընկալեց Փարիզում տեղի ունեցածը:



Այո, շատ ամուր նյարդեր ունի Կարեն Ավագյանը: Նրա նյարդերը կոփվել են իր կազմակերպած տոնախմբությունների ժամանակ, որոնք, որպես կանոն ավարտվում են հրդեհներով: Չմոռանանք՝ չուգունը քուրայում է ծնվում: