Արա Աբրահամյանի դեմ բողոքը շարունակվում է

Արա Աբրահամյանի դեմ բողոքը շարունակվում է

Արդեն 4 օր է, ինչ Ռուսաստանի հայ համայնքը բուռն ստորագրահավաքի մեջ է: Պահանջում է Ռուսաստանի հայերի միության ղեկավարների՝ Արա Աբրահամյանի եւ Լեւոն Մուկանյանի հրաժարականները: Ստորագրությունների թիվը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է 1000-40 հազարի սահմաններում եւ օրեցօր աճում է: Ռուսաստանաբնակների տարածած հայտարարությունից դատելով, նրանք դժգոհ են միության լճացած վիճակից, Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ գրաված դիրքից, անգործությունից: «Ստրկամիտ կազմակերպությունը չի ծավալում որեւէ կազմակերպչական գործունեություն Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար:



Ռուսաստանի սփյուռքը ձուլվում է սարսափելի արագությամբ, երիտասարդության մի մասը չի խոսում իր մայրենի հայերեն լեզվով, հեռանում է հայկական մշակույթից եւ ավանդույթներից, եւ այդ երեւույթների դեմն առնելու համար ՌՀՄ-ն ոչինչ չի ձեռնարկում, վարելով ապազգային քաղաքականություն»: Հայտարարության անհայտ հեղինակները հիշում են նաեւ Աբրահամյանի կառույցի պասիվությունը Գյումրվա ողբերգության հարցում: «Նա ընդհանրապես անտեսեց այդ ոճրագործությունը եւ չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները:



Միակ արձագանքողը եղավ Լեւոն Մուկանյանը, ով սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց խամաճիկային պահվածքի մեջ: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր»: Այս կոշտ հայտարարությունը, այնուամենայնիվ, անսպասելի էր: Չնայած չկար հայ, ով նրա մասին խոսելիս չասեր, որ նա ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, Աբրահամյանը համարվում է ամենաանձեռնմխելի մեծահարուստներից: Արա Աբրահամյանի առաջին կազմակերպությունը եղել է «Սոգլասիե» ՓԲԸ-ն:



Ըստ ռուսական որոշ աղբյուրների, 1994 թվականին հիմնադրված այս կազմակերպությունն առնչվել է Հայրենական մեծ պատերազմից հետո ստեղծված «Ալմազնի ֆոնդի» պաշարների փոշիացման գործարքների հետ: «Ալմազնի ֆոնդը» 4 մլն դոլարով տրվեց «Սոգլասիե»-ին, որպես կանոնադրական կապիտալ: Ինքը՝ Արա Աբրահամյանը, ալմաստի բիզնեսով է զբաղվել, ինչպես նրա եղբայրը՝ Հայաստանում: Ռուսաստանի բիզնես շրջանակներում նա հզոր ազդեցություն ունի, որն օգտագործվել է նաեւ ի վնաս հայ գործարարների: Մեր տեղեկություններով, հայ համայնքի դժգոհությունների սկզբնաղբյուրը հենց հայ գործարարներից մեկի բողոքն է եղել Ռուսաստանի իրավապահներին: Սույն անձը, որի անունը չեն հայտնում, փորձել է բենզալցակայան հիմնել Մոսկվայում, բայց խնդիրներ է ունեցել որոշ հայերի հետ, որոնք սնանկացրել են նրան, ոչնչացնելով թե նրա օբյեկտը, թե հարստությունը: Սա էլ «հասարակ տղա» չի եղել, եւ բանը հասել է ռուս իրավապահներին:



Մեկնաբանությունների համար մենք դիմեցինք Արա Աբրահամյանի նախագահությամբ գործող մեկ այլ կուսակցության՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, քանի որ Արա Աբրահամյանի հետ կապվել չհաջողվեց, իսկ Լեւոն Մուկանյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին: «Ասենք թե այդպիսի բան եղել է: Եվ ի՞նչ: Ի՞նչ կապ ունի Արա Աբրահամյանը: Ուրեմն ստացվում է, որ մեկը պետք է այս ձեւո՞վ հաշիվ մաքրի: Եթե որեւէ դժգոհություն կա կազմակերպության անդամների մոտ, հարցը պետք է բարձրացվի հենց կազմակերպության ներսում:



Պետք է աշխատեն վերընտրել ուրիշ նախագահի: Իսկ եթե ոչ, պետք է աշխատեն ստեղծել մեկ այլ՝ ավելի լավ կառույց: Երրորդն էլ, նման հարց բարձրացնելիս պետք է նայել, թե ինչ գործեր է արել կազմակերպությունը»,- ասաց նա, վրդովված ավելացնելով, որ մամուլը չի հետաքրքրվում Արա Աբրահամյանի բարեգործություններով եւ կատարած գործերով, բայց «մի քանի անգրագետի» մի տեքստ է տարածվում ինտերնետով, որը, ինչպես հայտնի է, «մեծ աղբանոց է» նաեւ, որով «ով ուզում է, թող հետաքրքրվի»: «Էսպիսի փորձեր միշտ էլ կարող են լինել,- եզրափակեց Արամ Սարգսյանը:- Համայնքների ղեկավարները բոլորն էլ հնարավորություն ունեն հավաքվելու եւ համագումարի ժամանակ հարց բարձրացնելու, եւ եթե նրանք դժգոհ լինեն, դա շատ բարդ խնդիր կառաջացնի, որովհետեւ այդ կառույցներն են կազմում Ռուսաստանի հայերի միության հիմքը:



Ինչ վերաբերում է Գյումրիի դեպքերին, ապա Արա Աբրահամյանը միանգամից ցավակցական հեռագիր էր ուղարկել. սա մեկ, երկրորդը՝ 100-ից ավելի գյումրեցիներ, որոնք ՌՀՄ անդամներ են, հրավիրվել են գրասենյակ եւ հայտարարությամբ են հանդես եկել: Արա Աբրահամյանը, վերջապես, հարցազրույցով արձագանքեց այս ամենին: Մի բան էլ՝ Արա Աբրահամյանը որ գար, ի՞նչ պիտի աներ: Ոչ ոք այս հարցը չի տալիս»: