Մեր անկախ տարեգրության պակասող օղակը՝ երկու ժամ

Մեր անկախ տարեգրության պակասող օղակը՝ երկու ժամ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին մեկնաբանությունները` կապված ռուս ոճրագործի հետապնդման եւ ձերբակալման հետ, թույլ տվեք ասել, համոզիչ չլինելուց բացի, նաեւ պատիվ չեն բերում մեր ոստիկանությանը: Օրինակ, ի՞նչ է նշանակում` մենք 2 ժամ առաջ գիտեինք, որ Պերմյակովը սահմանի մոտ է, եւ զգուշացրել էինք սահմանապահներին:



Մեզ, այնուամենայնիվ, թվում է, որ ՀՀ ոստիկանապետը չէր կարող չիմանալ, որ եթե ռուս սահմանապահները բռնեին Պերմյակովին, հանձնելու էին ռազմաբազային, այսինքն` Ռուսաստանի իշխանություններին: Հետեւաբար, դուրս է գալիս, որ ՀՀ ոստիկանությունը 2 ժամ շարունակ սպասել է, որ ռուս սահմանապահները բռնեն Պերմյակովին: Վլադիմիր Գասպարյանն ասում է` 35 հոգանոց խումբ ենք ուղարկել այնտեղ: Ինչո՞ւ 35: Երբ պետք է լինում, Հայաստանի ամենահեռավոր գյուղում հաշված րոպեների ընթացքում ոստիկանական զորաբանակ է հայտնվում: Այդ ինչպե՞ս եղավ, որ այս աղաղակող գործի հետ կապված ընդամենը 35 ոստիկան ճարեցին, այն էլ 2 ժամ առաջ տեղեկություն ունենալով, թե որտեղ է մարդասպանը: Եվ նորից տեղին է թվում արդեն թեւավոր հարցը` այդ 35 հոգուն այնտեղ եք ուղարկել, որ ի՞նչ անեն` դիտեն, թե ինչպե՞ս են ռուս սահմանապահները բերման ենթարկում Պերմյակովին:



Մենք, իհարկե, բոլոր մանրամասներին չենք տիրապետում, բայց ոստիկանապետի մեկնաբանություններից էլ պարզ չի դառնում, թե ինչ են արել այդ 35 ոստիկանները 2 ժամ շարունակ: Գուցե նրանց թույլ չե՞ն տվել մոտենալ սահմանին: Ոստիկանապետն այդ մասին ոչինչ չի ասում, փոխարենը հայտարարում է, որ իր համար տարբերություն չկար, թե ով կբռներ հանցագործին: Ինչպե՞ս կարող էր տարբերություն չլինել: Արդյոք նո՞ւյն բանն է` տաք-տա՞ք հարցաքննել մարդասպանին, թե՞ վերամշակելուց հետո: Ո՞ւմ համար պարզ չէ, որ ռուսական կողմը լրջորեն վերամշակելու է իր զինվորին, սովորեցնելու, թե ինչպես իրեն պահի ու ինչ պատասխանի հայ քննիչների հարցերին: Հիմա ես ավելի քան 100 տոկոսով վստահ եմ, որ Պերմյակովը չի ասի մի այնպիսի բան, որ պարզվի, թե ինչպիսի թափթփվածություն է տիրում այդ ռազմաբազայում: Մինչդեռ մեր ոստիկաններն իրենց տրամադրության տակ երկու ժամ են ունեցել նման բան թույլ չտալու համար:



Մի ուրիշ առիթով Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ինքը հիմքեր չունի չվստահելու ռուս իրավապահներին ու ռազմաբազայի ղեկավարությանը: Սկզբունքորեն դա այդպես էլ պետք է լիներ: Իսկ ինչո՞ւ ռուսական կողմը չունի նույն վստահությունը մերոնց նկատմամբ: Գուցե մտածում են, որ Պերմյակովը մեր կողմում կպահվեր անմարդկայի՞ն պայմաններում, եւ կամ մեր իրավապահները գազա՞ն են: Մեր կարծիքով` նույն մտավախությունը կա ռուսների մոտ, որ մարդասպանից, այնուամենայնիվ, հայկական կողմը կկարողանար անցանկալի տեղեկություններ կորզել ոչ միայն սպանության շարժառիթների ու հանգամանքների մասին, այլեւ ռազմաբազայի ներքին կարգուկանոնի, այնտեղ ընթացող խմորումների, սպաների ու զինվորների փոխհարաբերությունների, ով գիտի, գուցե նույնիսկ Պերմյակովին այդպիսի զարհուրելի հրաման տվողների մասին: Իսկ դա հայ-ռուսական հետագա հարաբերությունների համար, հավատացեք, շատ կարեւոր, նույնիսկ շրջադարձային կարող էր լինել ամենադրական առումով:



ՀՀ նախագահից ու Պուտինից մինչեւ ՀՀ գլխավոր դատախազ եւ ոստիկանապետ համոզված են, որ Պերմյակովն արժանի պատիժ կստանա` օրենքի ողջ խստությամբ: Ո՞րն է այդ արժանի պատիժը, կամ ո՞րն է այդ օրենքը, որով պատժում են իր դաժանությամբ նույնիսկ ծայրահեղ իսլամիստների հանցագործությունները գերազանցող այս ոճիրը: Այս դեպքի համար օրենք պարզապես չկա եւ ոչ էլ պատիժ ու պատժաչափ: Այնպես որ, մերոնց ու Պուտինին թող չթվա, թե մարդկանց վրա հոգեպարար ազդեցություն են թողնում իրենց համոզված հայտարարություններն այն մասին, որ Պերմյակովն արժանի պատիժ կստանա: Թեկուզ բաց թողնեն նրան: Ոչինչ չի փոխվի այլեւս հայ հասարակության մեջ, որ քիչ է ասել` ցնցված է տեղի ունեցածից: Այսպիսի վերքը ժամանակը չի դարմանում:



Ես չգիտեմ, թե ինչպիսի նյարդեր պետք է ունենան հայ իրավապահները, որ Գյումրիի դեպքերից հետո մի բան էլ քրեական գործ հարուցեն հայերի նկատմամբ: Փոխարենը` Գյումրիի ցուցարարներից եւ ողջ ժողովրդից պետք է ներողություն խնդրեն ՀՀ իշխանությունները, որոնք ռազմաբազայի տեղակայման 50-ամյա պայմանագիր են ստորագրել, բայց նույնիսկ չեն հետաքրքրվել, թե ինչ սկզբունքներով են ընտրվում այդ ռազմաբազայում ծառայության ուղարկվող զինակոչիկները, եւ կամ ինչ օդ են շնչում թուրքերի հետ ամեն օր շփվող նրանց հրամանատարները: Արդյոք ռազմաբազայի՞ց չի հնչել հրամանը` Պերմյակովին չմոտենալ, ինչն էլ կատարել է ՀՀ ոստիկանությունը: Մեր խնդիրը Պերմյակովին տարածքից դուրս գալու հնարավորությունից զրկելն էր` ասում է ոստիկանապետը: Ո՞վ էր ձեզ այդպիսի սահմանափակ խնդիր առաջադրել, հետաքրքիր է իմանալ:



Հայ իրավապահները, եւ ոչ միայն նրանք, կարծում ենք, այս դեպքից հետո հրաշալի հասկացան, թե ինչերի է ունակ ռուսական ռազմաբազան, երբ հրաման ունի գործելու: Սրանից լուրջ հետեւություններ ունեն անելու բոլորը` ՀՀ իշխանություններից, որ տիրապետում են հայ-ռուսական այս մի ուրիշ տեսակ բարեկամության նրբություններին, մինչեւ հասարակ ժողովուրդ, որ բանից անտեղյակ ու մերկ ձեռքերով ռազմաբազա է գրոհում:



ՀԳ. Գյումրիի ողբերգությունը շատ մութ խորքեր ունի: Կրեմլյան քարոզիչներն ու նրանց հայաստանյան հինգերորդ շարասյունը (ռուսալեզ ստահակների ոհմակը կամ հայ-ռուսական կլուբականները) ամեն կերպ փորձում են այս ամենին արեւմտյան հետք կպցնել: Պատահական չէ, որ շեշտում են Պերմյակովի աղանդավոր լինելն ու Թուրքիայի սահմանն անցնելու փորձը: Մենք դժվարանում ենք հավատալ այս վարկածին: Եթե ռուսները փոքր-ինչ համոզված լինեին, որ Պերմյակովը թուրքական կամ արեւմտյան որեւէ ծառայության կողմից հավաքագրված մեկն է, կթողնեին, որ նա անցնի սահմանը, եւ հետո աղմուկ կբարձրացնեին նրան վերադարձնելու պահանջով: Այլապես նրանց ինչի՞ն է պետք Պերմյակովն այստեղ` որպեսզի մե՞զ վախեցնեն մայդանի հնարավորությամբ: Ախր շատ ծիծաղելի է մայդան սպասել մի երկրից, որի ԱԺ-ն 99 տոկոսով կողմ է հայ-ռուսական միասնությանը: