Երբ մենք «Շարլի» ենք, բայց` Հայ

Երբ մենք «Շարլի» ենք, բայց` Հայ

Ինչո՞ւ են լռում արեւմտյան երկրների ղեկավարներն ու Հայաստանում հավատարմագրված դեսպանները Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո: Երեւի իրենք այլեւս «Շարլի» չե՞ն: Իսկ գուցե անմեղ ընտանիքն այդ հանդեսի ծաղրանկարիչների չափ ապրելու իրավո՞ւնք չուներ…



Էդվարդ Նալբանդյանը վազ տվեց Փարիզի երթին մասնակցելու: Բա ի՞նչ, ցիվիլ ազգ ենք, չէ՞, հո չէի՞նք կարող հանգիստ դիտել եղբայրական Ֆրանսիային պատուհասած այդ դժբախտությունը: Հավանաբար, Ֆրանսուա Օլանդը սգի մեջ է ու այնքան խորը, որ չի կարողանում մի ցավակցական հեռագիր ուղարկել Հայաստան: Օլանդը` հասկացանք: Իսկ մյուսնե՞րը, նրանք, ում հետ, թեւանցուկ, Նալբանդյանը Փարիզում միասնության երթ էր անում:



Իսկ ի՞նչ իմանաս, գուցե ցավակցե՞լ են, օգնությո՞ւն առաջարկել, բայց այդ մասին նույն Նալբանդյանը չի բարեհաճել հայտարարել: Պաշտոնական սուգ չհայտարարվեց, հայկական տելեները տաշիտուշի էին հեռարձակում, հռհռում էին: Որքանո՞վ տեղին կլիներ այդ հռհռոցն ընդհատել ու ցավակցական որեւէ հեռագիր կարդալ, ենթադրենք` Չեխիայի նախագահի անունից:



Մյուս կողմից էլ արեւմտյան տերությունների այս քար անտարբերությունը, հնարավոր է, վախի հետեւանք է: Քիչ բան չէ` մարդասպանն ԱՄՆ-ում առաջացած աղանդի հետեւորդ է, փորձել է անցնել Թուրքիա… Մոսկվան Կիսելյովի ձեռամբ զորաշարժի է ենթարկել Հայաստանում իր հինգերորդ շարասյունը՝ ի դեմս հայկբաբուխանյանների, ով դիմել է արդեն թվերի մոգական ներգործությանը` ոճիրը կատարվել է 102-րդ ռազմաբազայի զինվորի ձեռքով, Ապրիլի 24-ից 102 օր առաջ, Էրդողանը Թուրքիայում ապրիլի 24-ին տեղի ունենալիք տոնախմբություններին հրավիրել է 102 երկրների առաջնորդների: Սահմռկեցուցիչ է, այնպես չէ՞: Այսքանից հետո, խեղճ Արեւմուտք, դեռ պետք է համարձակություն ունենա նայելու հայ ժողովրդի աչքերին, որ մի բուռ դարձած` Գյումրիում կռիվ է տալիս մարդկային հոգու ամայացման դեմ:



Իսկ գուցե արեւմտյան երկրները տեղի ունեցածը համարեցին հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լոկալ, ինչ-որ առումով` այդ երկրների ներքին խնդի՞ր: Գուցե 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարության պատասխա՞նն է այս լռությունը:



Վերոբերյալ հարցերի պատասխանները ես չունեմ: Իմ ականջներում հնչում են Դմիտրի Կիսելյովի խոսքերը. «Սա մեր ժողովուրդների ընդհանուր ցավն է, եւ այն մեզ ավելի պետք է մտերմացնի: Պերմյակովը երկար կնստի բանտում, գուցե` ցմահ»: Բայց իմ եւ իմ ժողովրդի ինչի՞ն է պետք Պերմյակովի ցմահ բանտարկությունը: Դա նույնն է, թե ինձ ցմահ դատապարտեն հիշելու, որ հերթական անգամ հայ ժողովրդի ցավն անտեսվեց միջազգային հանրության կողմից, ու նրանց նավերը, այս էլ որերորդ անգամ, չկարողացան բարձրանալ հայկական լեռները: