Փաստաբանի հոգուն հասավ

Փաստաբանի հոգուն հասավ

«Փաստաբանները խաբում են մեզ նման ինտելիգենտ, խելոք մարդկանց»,- խոսքերը բերանին՝ խմբագրություն եկավ Բաղրամյան փողոցի բնակիչ Մարգարիտա Սիմոնյանը, որը եկել էր՝ «խայտառակելու» իր փաստաբան Տոնական Գասպարյանին: Մարգարիտա Սիմոնյանը վստահեցնում է, որ Տոնական անունով մարդն ամենեւին էլ տոն չէ, այլ թալանչի, որն իրենից գումար է վերցրել տանուլ տված գործի համար: «Ես բանվորներ էի հրավիրել, որ երկրորդ հարկ գցեն իմ ավտոտնակի վերեւում, բայց նրանք գողացան շինանյութս, ցեմենտս: Ես դիմեցի դատարան՝ պահանջելով, որ գողոնը վերադարձնեն, բայց դրա փոխարեն դատարանը որոշեց 436 հազար բռնագանձել շինարարներից: Ես համաձայն չէի, ուզում էի իմ շինանյութը, որն ավելի թանկ արժեր, բայց Տոնականը զոռով տարավ ինձ ԴԱՀԿ, ստիպեց ստանալ այդ կոպեկները, վրայից էլ 250 հազար վերցրեց իրեն»,- պատմում է տարեց կինը, վստահեցնելով, որ Տոնական Գասպարյանը գումարը խլելուց հետո պատռել է փաստաբանական ծառայությունների մատուցման մասին իր հետ կնքած պայմանագիրը:



Պայմանագրի կտորներն այս տարեց տիկինը խնամքով փաթեթավորված պահում է պայուսակում եւ ցույց է տալիս լրագրողներին: «Նա սադիստի պես էր այն պատռում: Այստեղ նշված է, որ ես նրան 250 հազար պետք է տամ: Բայց ես նրան ավելի շատ եմ վճարել, նույնիսկ չօգտագործած բջջային եմ նվիրել»: Տարօրինակ իր արարքը փաստաբանը բացատրեց զայրույթով: Ասաց, որ տիկին Ռիտայի համար երեք տարի չարչարվել է, երկու գողության գործ է վարել, անթիվ բողոքներ է գրել բարձրաստիճան չինովնիկներին, դատարաններ, եւ այնքան է հոգնել, որ պատռել է պայմանագիրը՝ հույսով, որ էլ երբեք այդ կնոջը չի տեսնի: «Կան մարդիկ, որոնց համար բողոքելը տարիների սովորություն է: Եթե նա բողոք ունի, թող դիմի դատարան, ես նրան կտամ պայմանագրի իմ օրինակը»,- խոստացավ փաստաբանը՝ վրդովված, որ այս պատմությունը թերթում է հայտնվելու: Իսկ տիկին Ռիտան հիմա էլ շարունակում է երեք տարվա վաղեմության դատական որոշումը ձեռքին խմբագրություններ գնալ՝ վստահեցնելով, որ թալանված է: