Աղվան Հովսեփյանը առաջնահերթությունը վերցրեց Գևորգ Կոստանյանից
Գյումրեցի ընտանիքի սպանության հաջորդ օրը, երբ Պերմյակովն արդեն բռնված էր, փոխոստիկանապես Հունան Պողոսյանը հայտնեց, որ ռուսական կողմը` Գյումրիում կատարված սպանության փաստի առիթով Հայաստան այցելած պաշտոնյաները նպատակահարմար են գտնում գործը փոխանցել հայկական կողմին․
«Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հակված են նրան, որ ճիշտ եւ տրամաբանական կլինի, որ հայկական կողմը վարի նախաքննությունը: Երբ որոշում կայացվի, որ նախաքննությունը պետք է վարի հայկական կողմը, ձերբակալվածը կհանձնվի հայկական կողմին»: Հետո պարզվեց, որ փոխոստիկանապետը շտապել է: Լավատեսությունը սառեց, երբ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հաջորդ օրը մեկնեց Գյումրի եւ այնտեղ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե կատարվել է զինվորական հանցագործություն, կիրառվում է ռուսական Սահմանադրությունը, եթե կատարվում է այլ հանցագործություն՝ ՀՀ տարածքում, «որը զինվորական չէ կամ 5-րդ հոդվածի այս բացառությունների տակ չի ընկնում, անկախ ծանրության աստիճանից, ունենում ենք ՀՀ օրենսդրության կիրառություն»:
Նրա հայտարարություններից պարզ դարձավ, որ կան խոչընդոտներ, որ դեպքից 2 օր անցել է, բայց մեր քննիչները դեռ չեն հարցաքննել Պերմյակովին: Հանուն արդարության պետք է ընդունել, որ Կոստանյանը ռազմաբազայի մոտ բողոքի ցույցերի ժամանակ, բանակցություններ բեմադրելով ՌԴ դատախազության հետ, իրեն իրոք տղամարդավարի պահեց, ժողովրդի վրդովմունքի հարվածն իր վրա ընդունելով: Սակայն հետագայում դատախազությունը գոնե մամուլի խոսնակի շուրթերով չպատասխանեց հարցին, թե մեր քննիչներն արդյոք ունե՞ն ռազմաբազա մտնելու, քննչական գործողություն կատարելու համաձայնություն ՌԴ գլխավոր դատախազից: Այս հարցը բախվեց պաշտոնական լռության, իսկ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մշուշոտ պատասխան տվեց. «Հարցը պետք է լուծվի ՀՀ դատախազություն-ՌԴ դատախազություն հարթությունում»: Խոչընդոտ է նաեւ այն, որ, փաստորեն, կա 2 քրեական գործ Վալերի Պերմյակովի դեմ, ում միաժամանակ երկու երկրների քրեական օրենսգրքերով է մեղադրանք առաջադրվել՝ սպանության եւ դասալքության համար:
Ինչ ընթացակարգով են քննվելու այս գործերը, ինչպես են կազմվելու մեղադրականները, ի վերջո, ո՞ր դատարանն է քննելու, ոչինչ պարզ չէր: Սառույցը շարժվեց երեկ, դեպքից 9 օր անց, 15:00-ին, երբ «հայոց հարցը»՝ մեր քննիչների մուտքը ռազմաբազա, ստացվեց, եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց մինչ այդ առանց հղման տարածվող լուրը. մեր քննիչները գտնվում են ռազմաբազայում եւ հարցեր են ուղղում Պերմյակովին: Մինչ այդ, մեր տվյալներով, նրանց չէին թույլատրում անգամ մտնել նրա խուց: Ընդամենը ներկա էին բազայի տարածքում: Սա միանգամից ընկալվեց որպես լուրջ առաջխաղացում եւ Աղվան Հովսեփյանի հաղթանակ: Չէ՞ որ նրա հրավերով էր նախօրեին Գյումրի այցելել ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Նախօրեին էլ, ռուս եւ հայ քննիչների այցելությունից հետո, լրագրողները մի քանի ժամ ցրտին սպասելուց հետո ստիպված եղան փակել ռազմաբազայից դուրս եկող իրավապահների մեքենաների ճանապարհը, որպեսզի որեւէ տեղեկություն ստանան գերգաղտնի քննության ընթացքի մասին:
Բայց նրանց հետ որեւէ մեկը, բացի Սոնա Տռուզյանից, չհանդգնեց խոսել: Վերջինս այդպես էլ հստակ չասաց, թե արդյոք մերոնք հարցաքննե՞լ են Պերմյակովին, ընդամենը նշեց. «Երբ նրան հարցաքննել են, մեր քննիչները ներկա եղել են»: Բայց ի՞նչ կարգավիճակում են ներկա եղել, արդյոք նույն սենյակո՞ւմ են եղել Պերմյակովի հետ, թե՞ Մարտունի նման պատուհանից են նայել նրան: Խորհրդականը խոստացավ պարզաբանել հետո: ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարների ստորագրած համաձայնագրի հրապարակայնացված հատվածից էլ եթե ջուրը հանում ես, մի բան է պարզ. ստեղծել են համակարգող շտաբ, որը 10 անձից՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներից է կազմված: Ով է ղեկավարելու քննչական խումբը, Քննչական կոմիտեից չեն հայտնում, պատասխանում են, որ այս հարցերի պատասխանները «նախաքննության գաղտնիքներին առնչվող տվյալներ են պարունակում»: «Քրեական գործի քննությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Միակ փրկօղակը Պերմյակովի հայ փաստաբան Թամար Յայլոյանն էր, որը դեպքի հաջորդ օրը ստանձնել էր նրա շահերի պաշտպանությունը եւ նույնիսկ ներկա եղել նրա հարցաքննության սկզբնական մասին: Բայց, իր իսկ խոստովանությամբ, չէր կարողացել զսպել հուզմունքը, երբ պաշտպանյալը հասել էր երեխայի սպանության հատվածին: Այստեղ փաստաբանի հոգում հայը հաղթել է պրոֆեսիոնալին, եւ այժմ Պերմյակովին 2 փաստաբան են պաշտպանում. հանրային պաշտպան՝ հայկական կողմից, որի անունը չի հրապարակվում, եւ ռուսաստանցի փաստաբան: «Ես կարծում եմ, ճիշտ է, որ հայկական կողմից փաստաբան մասնակցի, բայց էթիկայի սահմաններում չէր նստել այդ մարդու կողքին եւ լաց լինել: Դա ճնշող կլիներ եւ պաշտպանյալի, եւ քննիչների համար: Ահա ինչու ճիշտը հրաժարվելն էր»,- բացատրեց Թամար Յայլոյանը: Նրա արարքը քննարկեցին մասնագիտական շրջանակում: «Բախվել են հանրային պաշտպանի պարտականությունները եւ մարդկային զգացմունքները». փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքն է, իսկ Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է սկսել Յայլոյանի դեմ եւ պետք է ուսումնասիրի, թե որքանով է Պերմյակովի պաշտպանությունից հրաժարվելը համապատասխանում փաստաբանական էթիկայի պահանջներին: Ի դեպ, ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն օրերս ՖԲ-ում առաջարկել է հայ եւ ռուս իրավապահների համատեղ խումբ ստեղծել, եւ, ըստ որոշ տվյալների, նրա առաջարկն է դրվել քննչական կոմիտեների ղեկավարների ստորագրած համաձայնագրի հիմքում:
«Թե ինչ են գրել նրանք, ես չգիտեմ, բայց իմ առաջարկած սխեմայում մարդուն դատելու են հայաստանյան օրենքներով, եւ պատիժը նա կրելու է Հայաստանում»,- ասաց Զոհրաբյանը: Նրա առաջարկած մոդելում մեր քննիչներն իրականացնելու են հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման գործողությունները, իսկ ռուսական կողմը՝ ռուսական իրավազորության: Արդյունքներն ամփոփվելու են համատեղ: Փաստաբանների պալատի նախագահի առաջարկում գործը քննվելու է համատեղ ստեղծված դատարանում:
ՀԳ. Ուշ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ քննչական խմբի կողմից կատարվել են «անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, 3 տասնյակից ավելի վկաների հարցաքննություններ, նշանակվել են ավելի քան մեկ տասնյակ փորձաքննություններ»: Եվ «ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական եւ դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա»:
Կարծիքներ