Պուտինի նահանջը Գյումրիից. ժամանակագրություն

Պուտինի նահանջը Գյումրիից. ժամանակագրություն

Երեկ հունվարի 21-ի երեկոյան ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց այն մասին, որ “ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը”:



Ինչն անհամեմատ էական է, համաձայն նույն հաղորդագրության` “ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա”:
Էլ ավելի վաղ, հունվարի 20-ի երեկոյան ՀՀ նախագահի պաշտոնական կայքն էր քննությունը հայկական կողմին հանձնելու մասին հաղորդագրություն տարածել: Համաձայն նախագահական կայքի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում “ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը”:



Դրանից էլ վաղ, հունվարի 20-ի կեսօրին, երբ ՌԴ վերոնշյալ պաշտոնյան դեռ Հայաստանում էր, հանդիպումներ էր ունենում Երեւանում ու Գյումրիում եւ դրանց արդյունքների մասին Հայաստանում ոչինչ դեռ չէր հաղորդվել, Մոսկվայում ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, իրենց ժամանակով 13:45-ին արդեն հաղորդել էր. “Председатель Следственного комитета России заверил своего коллегу, что расследование и судебное разбирательство в отношении Пермякова будет проходить исключительно на территории Армении. При этом расследование уголовного дела и все процессуальные действия по нему будут осуществляться в соответствии с нормами международного права, а также в соответствии с Конвенцией о правовой помощи и правовых отношениях по гражданским, семейным и уголовным делам от 22.01.1993 года; Договором между Российской Федерацией и Республикой Армения о российской военной базе на территории Республики Армения от 16.03.1995 года, Соглашением между Российской Федерацией и Республикой Армения по вопросам юрисдикции и взаимной правовой помощи по делам, связанным с нахождением российской военной базы на территории Республики Армении от 29.08.1997 года”.



Ինչպես տեսնում ենք ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում հունվարի 20-ի կեսօրին արդեն մի կողմ էին թողնվել ՌԴ սահմանադրությունը եւ դրա վկայակոչումները, որոնք, եթե հավատանք նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, իբր պիտի թույլ չտային Պերմյակովին հայկական կողմին հանձնել: ՌԴ քննչական կոմիտեն վկայակոչում էր ոչ թե սահմանադրությունը, այլ միջազգային այն համաձայնագրերը, որոնց համաձայն Պերմյակովը ենթակա է հայկական կողմի իրավազորությանը, դատավարական եւ դատաքննական գործողություններին:



Սակայն բոլոր այս ժամ առ ժամ զարգացումներից ամենահետաքրքիրը հունվարի 20-ի գիշերը, ՌԴ քննչական կոմիտեի եւ ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրություններից հետո, Գյումրիի “Գալա” հեռուսաընկերության տարածած հարցազրույցն էր ՌԴ նախագահի մամլո քարտուղարի` Պեսկովի հետ, որտեղ վերջինս հայտարարում էր, թե Գյումրիի ոճրագործը ՌԴ քաղաքացի է, հետեւաբար նրա նկատմամբ արդարադատություն պետք է իրականացնի ՌԴ դատարանը:



Անկախ հանգամանքից, թե “Գալան” երբ տարածեց Պեսկովի հարցազրույցը, պարզ է, որ այն կայացել էր ավելի վաղ, քան կտարածվեր ՌԴ քննչական կոմիտեի եւ ՀՀ նախագահականի հաղորդագրությունները, քանի որ հակասում էր դրանց: Միաժամանակ “Գալայի” հարցազրույցում կար հարց Պուտինի հեռախոսազանգի եւ ձախավեր ցավակցության մասին, որը կայացել էր հունվարի 18-ին: Հետեւաբար “Գալայի” հարցազրույցը կայացել էր կամ հունվարի 19-ին, կամ ծայրահեղ դեպքում 20-ի առավոտյան, եւ արձանագրում էր, որ այդ պահի դրությամբ Կրեմլում դեռ որոշում է եղել Պերմյակովին հայ իրավապահներին չփոխանցելու մասին: Ի դեպ ՌԴ քննչական կոմիտեի նախագահն էլ, դատելով հունվարի 19-ին Մոսկվայում տարածված հաղորդագրությունից, Երեւան էր ժամանել ՌԴ քրեական օրենսգրքով զինված:



Երեւանում արդեն ՀՀ իշխանությունները, ենթադրելի է, ինչ-որ իրողություններ են բացատրել Հայաստան ժամանած ռուս պաշտոնյային, ինչի արդյունքում վերջինս մի կողմ է թողել ՌԴ սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքը եւ, որքան կարելի է հասկանալ, ստորագրել է համատեղ նախաքննություն եւ դատաքննություն իրականացնելու մասին համարյա այն Համաձայնագրի ներքո, որի նախագիծը անցյալ շաբաթավերջին առաջարկել էր Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թե ՀՀ իշխանությունները ՌԴ քննչական կոմիտեին նախագահին ինչ են բացատրել, որ վերջինս “Ինչպես գողանալ միլիոն” կինոֆիլմի հերոսի նմանությամբ “այդպես ամուր կերպով կանգնեց ճիշտ ուղու վրա”, իրենք գիտեն:



Սակայն ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջարկած նախագծում (իսկ այդ նախագիծը ուշագրավ էր անկախ հանգամանքից` ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցված էր, թե` ոչ, քանի որ ՀՀ արդարադատության համակարգի հիմնական ինստիտուտներից մեկի ղեկավարի խոսքն էր), կար ուշագրավ մի դրվագ: Եվ այն դեպքում, եթե ՀՀ իրավապահները հարկադրանքով արգելանքի տակ վերցնեին Պերմյակովին, եւ հակառակ պարագայում, եթե ռուսները չհանձնեին կամ Հայաստանից հանեին Պերմյակովին, ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` արդյունքը լինելու էր ա/ Հայաստանի եւ Ռուսատանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումը, բ/ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կամ ռազմավարական հարաբերությունների դադարեցումը` դրանից բխող հետեւանքներով:



Ակնհայտորեն ռազմաբազայի` պրոբլեմային դառնալը հասավ Պուտինի գիտակցությանը, որ նահանջեց: Հայաստանի ժողովուրդը մի քանի օրում Կրեմլին բացատրեց այն, ինչ 25 տարվա ընթացքում, ՀՀ գետնաքարշ քաղաքական ֆիգուրների հետ շփվելով, Կրեմլին հաջողվել էր մոռանալ. այն է` Հայաստանում ՌԴ ռազմաբազան միայն հանդուրժում են, ճիշտ ինչպես Արեւելյան Եվրոպայում ԽՍՀՄ ռազմաբազաները: Հետեւաբար Մոսկվան այդ հանդուրժողականության համար պետք է դողա եւ հարմարվի, որպեսզի ԽՍՀՄ ռազմաբազաների ճակատագրից խուսափի: Եվ ռուս տականք Պերմյակովն էլ չպետք է ՀՀ իրավազորությանը փոխանցվելու կես ճանապարհին մնա, այլ պետք է ֆիզիկապես ՀՀ արդարադատության նախարարությանը պատկանող կալանավայր տեղափոխվի: