10 զոհ սահմանին և համերգի հրավեր նախարար Օհանյանից

10 զոհ սահմանին և համերգի հրավեր նախարար Օհանյանից

Էլի մեկ զոհ սահմանին: Այս տարի՝ արդեն տասներորդը: Արման Ռաշիդի Ուդումյան, պայմանագրային զինծառայող, 34 տարեկան, զոհված ադրբեջանական գնդակից: Սերժանտ Ուդումյանը Տավուշի մարզի Չորաթան գյուղից էր, Բերդից ոչ հեռու: Նա ուներ երեք երեխա՝ երկու աղջիկ եւ մեկ տղա: Երկուսը դպրոցական են՝ 3-րդ եւ 6-րդ դասարանցիներ, մեկը 5 տարեկան է: «Սահմանամերձ գյուղ ենք, բոլորն էլ հասկանում են, որ պատերազմի մեջ ենք, ամեն վայրկյան էլ կարող ենք զոհ տալ»,- ասում է Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Ո՞վ է վերցնելու իր վրա երեխաների խնամքը:



Գյուղապետը դժվարանում է պատասխանել: «Դեռ նոր է եղել դեպքը, դեռ չենք մտածել: Պետությունը կպահի, էլի»,- անվստահ ձայնով ասում է նա: Երեկ ողջ գյուղը հավաքվել էր զոհվածի տանը: Այստեղ էին Բերդի քաղաքապետը, զինկոմը, ՊՆ-ից մարդիկ, Տավուշի պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբը): «Դուք կօգնե՞ք այդ ընտանիքին, որն առանց հայր է մնացել»,- հարցրինք Հակոբ Հակոբյանին, ով տեսել էր ընտանիքի վիշտը եւ մեզ հետ խոսելու պահին Չորաթանից վերադարձի ճանապարհին էր: Նա տարօրինակ պատասխան տվեց. «Եթե դիմեն՝ կօգնեմ»: Հետո ուղղեց ինքն իրեն. «Եթե գյուղապետը դիմի՝ կօգնեմ»: Նա խնդրեց չհրապարակել իր պատասխանը: «Մեր խոսակցությունը չի եղել»,- հրահանգեց նա:



Օրվա երկրորդ կեսին զոհվածի տանը հավաքված մարդիկ իմացան, որ նախագահը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Արման Ուդումյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգեւատրել: Հերթական մեդալով, բայց մեդալները, անօգուտ ցավակցության նման, չեն ամոքում կորստյան վիշտը կամ կարճաժամկետ էֆեկտ ունեն: Հոգեհանգստի կամ թաղման օրը միայն հարազատների հոգուն սա մի փոքր հանգստություն է բերում:



10 զոհ տարեսկզբից մինչեւ այսօր: Ըստ սահմանից ստացվող որոշ լուրերի, զոհերն ավելի շատ են: Այսպես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ կորցրինք ՊԲ զինծառայող Սուրեն Փիլոսյանին, ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդեց, որ այդ օրը շփման գծում ադրբեջանական զինուժը 8 «հետախուզադիվերսիոն գործողություններ» է ձեռնարկել: Շատ հնարավոր է, որ զոհերն ավելի շատ եղած լինեն: Հիշենք, որ վերջերս ԼՂՀ պաշտպանական բանակը ՀՀ եւ ԼՂՀ բնակչության հետ առնչվելիս լռության տակտիկա է որդեգրել եւ նույնիսկ զոհվածների անունները չի հրապարակում: Օրինակ, հունվարի 6-ին ոչ պաշտոնական աղբյուրը տարածեց, որ ԼՂՀ-ում երկու պայմանագրային զինծառայող են զոհվել: ՊԲ-ն չհերքեց այս տեղեկությունը, բայց հրաժարվեց հրապարակել զոհվածների անունները:



Անցել է երկու շաբաթ, բայց ՊԲ-ն դեռ մուկն ու կատու է խաղում, թաքցնելով զինծառայողների ինքնությունը: Անանուն այս հերոսների մասին, որոնք ԼՂՀ ՊԲ-ի կողմից չարժանացան նույնիսկ հետմահու պարգեւների, հայտնի է միայն, որ երկուսն էլ ԼՂՀ բնակիչներ էին: Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար Մոսի Հակոբյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցին, խորհուրդ տալով հասնել Ստեփանակերտ՝ «մոտենալ հայրենիքի սահմաններին»: Հայրենիքի սահմաններից հեռու մնալու համար լրագրողներին մեղադրելը խորամանկ տրյուկ է միշտ պարտաճանաչ կերպով մամուլի հետ շփվող Մոսի Հակոբյանի համար: Ի դեպ, այս բացախոսությունն ու պարզությունը շահեկանորեն տարբերակում է դնում ԼՂՀ եւ ՀՀ պաշտոնական վերնախավի միջեւ: Բայց արի ու տես, որ Մոսին էլ խիստ ուրբաթախոս դարձավ եւ սկսեց երկյուղել լրագրողներից:



Ի դեպ, մեր տեղեկություններով, եւ ԼՂՀ ՊԲ-ին, եւ ՀՀ ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաեւ սահմանամերձ գյուղերի գյուղապետերին ուղղակի հրահանգված է թաքցնել տեղեկատվությունը հանրությունից, զինուժի վերաբերյալ ոչ մի հարցի չպատասխանել, թաքնվել ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունների բառակույտի տակ: «Կարո՞ղ եք բնութագրել Ձեր համագյուղացուն, հունվարի 17-ին Ոսկեւանի սահմանագոտում զոհված Արման Հարությունյանին»,- անմեղ այս հարցն ուղղեցինք Ոսկեւանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանին: Բայց նա հրաժարվեց խոսել զոհվածի մասին, կարծես ստալինյան ժամանակների «ժողովրդի թշնամու» մասին էինք հարցնում: «Մեր մարզպետարանն ունի լրատվության բաժին, անվտանգության նկատառումից ելնելով, մենք չենք հրապարակում այդպիսի տվյալներ»,- ասաց գյուղապետը:



Իսկ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանին հարցրինք, թե ինչու են նա եւ մյուս պաշտոնյաները ժողովրդի համար դժվար պահերին, ծանր իրավիճակներում հրաժարվում խոսել մարդկանց հետ, ինչու են թաքնվում լրատվականների լղոզված տեքստերի հետեւում, չէ՞ որ դա ավելի է լարում իրավիճակը: «Չեմ կարծում, որ պաշտպանության նախարարը եւ մամուլի խոսնակը լղոզված տեքստեր են փոխանցում լրագրողներին: Չեմ խոսում, որովհետեւ եթե ամենքն ասում են իրենց կարծիքը, սա ազդում է մարդկանց տրամադրությունների վրա»,- ասաց փոխնախարարը: ՊՆ-ում, փաստորեն, կարծում են, որ մարդկանց տրամադրությունը պետք է բարձր պահել:



Հավանաբար, այս ազնիվ մղումով երեկ Տոնոյանի վերադասը՝ նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության նիստից հետո նախարարներին հրավիրել է Օպերա՝ համերգի: «Դե, մենք Նոր տարի չենք նշում, այլ նշում ենք բանակի կազմավորման տարեդարձը, եւ վերջում, այո, համերգ է լինում»,- պարզաբանեց ՊՆ խոսնակը: Իսկ «բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն» սկսվելու են հունվարի 28-ին Եռաբլուր այցելությամբ եւ վերջանալու են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Համերգ» բառից խուսափում են՝ երեւի հասկանում են, որ ամոթ է. 10 զինծառայողների ընտանիքներում սուգ է: