Էրդողանն այն դիակն է, որի շուրջն այդ օրը կպարի Անկարան

Էրդողանն այն դիակն է, որի շուրջն այդ օրը կպարի Անկարան

Թուրքիայի որոշումը` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել հենց ապրիլի 24-ին, մեր կարծիքով, պայմանավորված չէ բացառապես Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հակակշիռ ստեղծելու մտադրությամբ: Ուստի, երեւի հարկ էլ չկա հատուկ մրցակցության մեջ մտնելու Էրդողանի հետ, որ տեսնենք` Երեւանո՞ւմ, թե՞ Անկարայում շատ մարդ կհավաքվի այդ օրը:



Ողջ մարդկությանն է հայտնի, որ Ապրիլի 24-ը հայության մեծ վշտի ու պահանջատիրության օրն է, իսկ Էրդողանն ու Թուրքիան այդ օրն ընտրել են զուտ քաղաքական հաշվարկներից ելնելով, հաշվարկներ, որոնք մեծ հաշվով նույնիսկ իրենցը չեն, այլ այն տերություններինը, որոնց ղեկավարները փորձում են կեցվածք ցուցադրել Պուտինի դեմ, եւ մայիսի 9-ին, երբ նշվելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը, չգնալ Մոսկվա, այլ դրա նախօրյակին մասնակցել մի գործողության 100-ամյակի միջոցառումների, որի ժամանակ իրենց երկրներն ամոթահար են եղել:



Պատմությունից հայտնի է, որ Դարդանելի նեղուցում տեւական անիմաստ գործողություններից հետո անգլիացիները պարզապես հեռացան, ինչն էլ վճռորոշ եղավ, որ Անտանտի զորքերը չկարողանան ափ դուրս գալ ու ջախջախել թուրքական բանակները: Բայց արի ու տես, որ արքայազն Չարլզը ոչ թե գնում է Մոսկվա` մասնակցելու Անգլիան Հիտլերի ռմբակոծություններից փրկելու 70-ամյակին, այլ` Թուրքիա, որը երկու աշխարհամարտերում էլ Անգլիայի թշնամին է եղել:



Եթե չլիներ Էրդողանի, այսպես կոչված, միջոցառումը, հակառուսական կոալիցիայի երկրները, միեւնույն է, կգտնեին որեւէ առիթ` մի տեղ հավաքվելու եւ իրենց կեցվածքը ցուցադրելու համար: Օրինակ, կարող էին հիշել, որ 70 տարի առաջ, ճիշտ մայիսի 9-ին, Անգլիայի թագուհին առաջին անգամ ինքնուրույն կտրել է իր ձախ ձեռքի ճկույթի եղունգը: Ահա եւ առիթ Լոնդոնում 70-ամյակ տոնելու համար: Իսկ Էրդողանը, պարզապես, նախանձելի հնարամտություն է ցուցաբերել: Նա մի կրակոցով երկու նապաստակ է խփում` թե արեւմտյան տերությունների լիդերներին է ազատում «զբաղվածության» առիթ փնտրելու հոգսից եւ թե փորձում է այդկերպ ստվերել Երեւանում եւ աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքներում այդ օրը տեղի ունենալիք ձեռնարկները:



Բայց ի՞նչ կհաջողվի Էրդողանին, եթե, օրինակ, ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ին ժամանի Թուրքիա եւ հենց Թուրքիայում հնչեցնի հայերին իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձը: ԱՄՆ-ի նման երկրի նախագահը թույլ կտա՞ իրեն այդպես խայտառակեն: Բնականաբար` ոչ: Հետեւաբար, Էրդողանն այդ օրը բավարարվելու է միայն ամերիկյան որեւէ պաշտոնյայի ձեռքը սեղմելու բախտով: Մի շարք երկրների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, արդեն տվել են իրենց համաձայնությունը` մասնակցելու Էրդողանի կազմակերպած շոուին: Նրանց թվում, արքայազն Չարլզից բացի, նշվում է նաեւ արքայազն Ուիլյամսի անունը, Թուքիայում կլինեն Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի վարչապետները: Այս ցանկը, բնականաբար, միջոցառմանն ընդառաջ, կհամալրվի: Հրավեր է ուղարկվել 100-ից ավելի երկրների:



Բոլորն են հասկանում, որ Էրդողանի հաշիվները կառուցված են աշխարհում այսօր տիրող ռուսաֆոբիայի եւ Հայաստանի` ԵՏՄ անդամ դառնալու իրողության վրա, ինչը երբեք չի կարող հավասարության նշան դնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկների եւ կամակորությամբ ընտրված ինչ-որ հաղթանակի օրվա տոնակատարությունների միջեւ:
Օրերս Ուրուգվայի նախագահը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկներն իր երկրում կանցկացվեն նախագահի բարձր հովանու ներքո: Այդպես լինելու է աշխարհի ոչ քիչ երկրներում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այն իրականացնողներին: Շրջել այս ընթացքը Էրդողանը չի կարող: Նրա թեթեւսոլիկ հրավերը Հայաստանի նախագահին եւ վերջինից ստացած խայտառակ մերժումը (մեր կարծիքով` Սարգսյանն ընդհանրապես պետք է արհամարհեր այն) եւս մեկ անգամ ընդգծեցին, որ Թուրքիայում կազմակերպվելիք թատերական ներկայացումը եւ Հայոց ցեղասպանության տարելիցը բոլորովին այլ հարթություններում գտնվող հարցեր են:
Առաջին դեմքեր, բնականաբար, ապրիլի 24-ին կլինեն նաեւ Հայաստանում: Չի բացառվում, որ մի շարք երկրներ նախագահի կարգավիճակով լինեն Հայաստանում, իսկ վարչապետի կարգավիճակով` Թուրքիայում կամ` հակառակը: Եվ սա նույնպես ապացույց է այն բանի, որ մեր ու նրանց ապրիլի 24-երն ընդհանուր եզրեր չունեն եւ, առավել եւս, հակակշիռներ չեն:



Ապրիլի 24-ին հետեւելու է ապրիլի 25-ը եւ էլի մի ողջ տարի, որի ընթացքում ամբողջ աշխարհում խոսվելու է հարյուրամյակն ամբողջացրած թուրքական հանցագործության մասին: Այդ հանցագործությունը երբեք եւ աշխարհի որեւէ անկյունում չի արդարացվել, եթե հաշվի չառնենք ելուզակ թուրք գործիչների կողմից հնչեցված ուրացման առանձին հայտարարությունները: Մեկ տարի շարունակ ի՞նչ է հակադրելու Էրդողանը: Քանի՞ Գալիպոլիի ճակատամարտ է պետք նրան` ստվերելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Եվ, ուրեմն, նրա կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին տոնախմբություն սարքելն ընդամենը հուսահատ ճիգ է` այդ օրը ոչ թե արհամարհված, այլ ինչ-որ բանի կենտրոնում լինելու հուսահատ փորձ:



Կհաջողվի՞ նրան արհամարհված չլինել այդ օրը: Մեր կարծիքով` շատ բան կախված կլինի նաեւ այն բանից, թե մինչ այդ օրն իրենց պատմությանն ու իրենց երկրներում առկա իրողություններին ինչպես կվերաբերվեն այն երկրները, որոնց ղեկավարներն անցյալ տարի մեծ ցնծությամբ էին տոնում Նորմանդիայում դաշնակից զորքերի ափ դուրս գալու 70-ամյակը: Արդյոք նրանք կհամաձայնե՞ն, հանուն Պուտինի դեմ կեցվածք ընդունելու, ներկա գտնվել հենց դաշնակիցների խայտառակությունը հանդիսացող Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնախմբությանը:



ՀԳ. Նենգությունը քաղաքական կատեգորիա չէ: Այդուհանդերձ, Էրդողանի որոշումը` հենց ապրիլի 24-ին հրավառություն սարքել Թուրքիայում, երբ դարավոր հարեւանի տանը սգո օր է, շատ վատ նախադեպ կարող է դառնալ: Էրդողանն իր այս քայլով վերածվեց դիակի հենց թուրքերի աչքում: