Եթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլո՞ր է

Եթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլո՞ր է

Մեր հեռուստաշոուներից մեկի ժամանակ, մասնակցին խնդիր առաջադրեցին` ի՞նչ կա փակ տուփի մեջ: Սա, որ շատ խելացի էր, սկսեց տրամաբանել. ՙԵթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է: Եթե միջինը կլոր է, ուրեմն` դեղին է: Եթե դեղին է, ուրեմն` նարինջ է՚: Տուփը բացեցին և, ով զարմանք, միջից մի մեծ ու գեղեցիկ նարինջ դուրս եկավ:
ՙՀայոց աշխարհ՚ թերթը հունվարի 20-ին մի հոդված էր հրապարակել ՙՙՔարը նետողի՚ նպատակը՚ վերնագրով, որի հեղինակը, ճիշտ հեռուստաշոուի մասնակցի նման, փայլել էր կուռ տրամաբանությամբ և ասել, թե ինչ է կատարվել Գյումրիում հունվարի 12-ին:



Դատելով այն հանգամանքից, թե որ թերթում է հրապարակվել այդ շոուն, կարելի է գրեթե միանշանակ ասել, որ շուտով կպարզվի, որ Գյումրիում տեղի է ունեցել հենց այն, ինչ ասում է հոդվածի հեղինակը: Իսկ նա ասել է, ավելի ճիշտ` համարյա տրամաբանելով ապացուցել է, որ Պերմյակովը արևմտյան գործակալ է, իսկ կատարվածը մեկ նպատակ է հետապնդել` սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Ինչպես տեսնում եք` տիպիկ իշխանական վերսիա, իսկ իշխանությունները միշտ համոզված են, որ իրենց վերսիան ամենաճիշտն է և նույնիսկ իրավապահները ոչինչ անել չեն կարող` վիճարկելու համար թեկուզ ցնդաբանություն հիշեցնող վերսիան, եթե այն իշխանական է:



Եվ ուրեմն` ի՞նչ կա տուփի մեջ: «Հայոց աշխարհի» մեկնաբանը տրամաբանում է. «Փաստը, որ աղաղակող զանգվածային սպանությունը կատարվում է Եվրասիական միություն Հայաստանի պաշտոնական մուտքին անմիջապես հաջորդող օրերին, հուշում է հանցագործության աշխարհաքաղաքական բնույթի մասին», ապա` շարունակում մոտավորապես այսպես` եթե հարցը աշխարհաքաղաքական է, նշանակում է` Ռուսաստանի դեմ է, եթե Ռուսաստանի դեմ է, նշանակում է գործել են նրա հակառակորդները, եթե գործել են Ռուսաստանի հակառակորդները, ապա նրանք ունեն հեռահար նպատակներ, իսկ եթե նպատակները հեռահար են, ապա նրանց համար «մի ընտանիքի կորուստը չի կարող հեռահար նպատակներից հրաժարվելու խոչընդոտ դառնալ»։ Այսքանը տրամաբանելուց հետո «Հայոց աշխարհը» հրապարակում է նաև, չասենք գործի հետ կապված իր վերդիկտը, բայց այդ վերդիկտի հիմքերը` «փաստերը», ինչպես կասեին իրավապահները: Ներողություն խնդրելով ընթերցողից` այդ փաստերը և վերդիկտանման եզրակացությունը մեջբերենք ամբողջությամբ.



«Փաստ է, որ մի ողջ հայկական ընտանիք սպանվում է հենց Գյումրիում՝ որտեղ ռուսական զորախումբ է տեղակայված, դահիճն էլ, ռուս դասալիք զինվոր է: Փաստ է, որ դահիճը առանց որեւէ պատճառի, առանց տեսանելի նպատակի, առանց հետագա քայլերը հաշվարկելու է գործել: Փաստ է, որ ռուս դասալիք զինվոր-մարդասպանը թաքնվելու, իր անձը քողարկելու, մոլորություն առաջացնելու, ճողոպրելու որեւէ քայլ չի ձեռնարկել: Փաստ է, որ առանց պատճառի ու հանպատրաստից վեց մարդու՝ մեկը մյուսի հետեւից ու առանց շփոթության սպանել կարող է միայն հոգեբանորեն կայուն ու խիստ որոշակի փորձառություն ունեցող անձը: Այս ամենը հուշում է, որ սպանդը մանրակրկիտ ծրագրված է եղել, իսկ ռուս դասալիք-զինվորը Հայաստան է «գործուղվել» հատուկ նպատակով եւ պատրաստ է եղել կատարել ցանկացած առաջադրանք, ապա՝ հանձնվել: Ակներեւ է նաեւ, որ պլանավորողներին անհրաժեշտ է եղել, որ կատարողը կամ կատարելու հանձնառուն անհապաղ բացահայտվի, հայտնաբերվի ու ձերբակալվի՚:



Ի՞նչ է մնում իրավապահներին այսքանից հետո: Երևի միայն հիանալ ՀՀ իշխանությունների խորաթափանց մտքով ու բարդագույն այս ռեբուսը հինգ րոպեում լուծելու կարողականությամբ:
Սակայն ստորև մենք կփորձենք մի փոքր բարդացնել «Հայոց աշխարհի» հետաքննությունը, թեև վերոշարադրյալ վերսիան առաջին հայացքից շատ խելացի է թվում: Եվ այսպես` Պերմյակովին առաջարկեք ևս մեկ անգամ դուրս գալ զորամասից և ինքնուրույն քայլել դեպի Ավետիսյանների տուն: Գյումրիին անծանոթ զինվորը կգտնի՞ այդ տունը: Պերմյակովին առաջարկեք Ավետիսյանների տնից, մթնով, քայլել դեպի հայ-թուրքական սահման և դուք էլ հետևեք, որ նրան գայլերը չուտեն ճամփին: Նա կգտնի՞ սահմանը:



Դուք ասում եք նաև, որ Պերմյակովը չի փորձել մոլորեցնել, ճողոպրել, նաև` ակնհայտ հանցանշաններ է թողել: Այս հարցում համաձայն ենք ձեզ հետ, բայց ինչո՞ւ է գնացել հայ-թուրքական սահման և ոչ թե ուղիղ ոստիկանություն: Խոսքը ՀՀ ոստիկանության մասին է: Ինչո՞ւ է Ռուսաստանի թշնամիների «պատրաստած» գործակալը հանձնվել ռուսներին և ոչ թե հայերին, ինչը ավելի ուժեղ սեպ կխրեր հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Ահա` սևով սպիտակի վրա եզրակացրել եք. «Ակներեւ է նաեւ, որ պլանավորողներին անհրաժեշտ է եղել, որ կատարողը կամ կատարելու հանձնառուն անհապաղ բացահայտվի, հայտնաբերվի ու ձերբակալվի»: Ոչ, պարոնայք, այստեղ այլ բան է ակներև: Ակներև է, որ, ըստ ձեզ, եթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է:



Եկեք` մտքով մի պահ սլանանք 2014 թվականի մայիսի 29-ը, երբ Աստանայում Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը ստորագրեցին ԵՏՄ կազմավորման համաձայնագիրը: Այո, այն համաձայնագիրը, որին թույլ չտվեցին միանալ Հայաստանին: «Հայոց աշխարհի» վերսիայից հետևում է, որ եթե Ալիևի նամակը չլիներ և Հայաստանը ևս դառնար ԵՏՄ հիմնադիր-անդամ, Գյումրիի այս աղետը, կամ մի ուրիշ աղետ տեղի էր ունենալու ամռանը` մի քանի օր անց Աստանայի ժողովից: Փաստորեն Ալիևն այդ ժամանակ մեզ փրկել է: Իսկ տեսնես ինչո՞ւ Ռուսաստանի հակառակորդները նման մի բան չկազմակերպեցին Բելառուսում կամ առավել մոլեռանդ Ղազախստանում: Այդ կողմերում Ռուսաստանը բազա չունե՞ր, թե՞ բելառուսներն ու ղազախները, ի տարբերություն հայերի, անհույս ռուսամետ են:



Հայ իրականության մեջ տարածված բան եմ ասում` եթե չես ուզում մեկին մայր հայհոյել, որպեսզի սպանություն չլինի, տիրոջ մեր ես հայհոյում: Լավագույն դեպքում կարող ես պրծնել ծեծով: «Հայոց աշխարհը», որպեսզի չստացվի, որ Արևմուտքին մայր հայհոյեց (ի՞նչ իմանաս, թե վաղը որտեղ է լինելու ռուսական ռազմաբազան), տիրոջ մեր է հայհոյել. «Միանգամայն հավանական է, որ պատվիրատուները ոչ թե հենց արեւմտյան, այլ ռուսական որոշակի՝ դրամաշնորհներով սնվող ու միաբեւեռ աշխարհակարգ դավանող շրջանակներից են»: Համաձայնենք, սակայն, որ Արևմուտքն ու արևմտյան գրանտներից սնվող շրջանակները իրարից տարբեր են այնքան, ինչքան ՙմերն ու տիրոջ մերը՚:



Հիմա ասելս ի՞նչ է: Առաջարկում եմ` ավանակից ավելի ավանակ չերևալ և վերջապես դադարել աշխարհաքաղաքական գիգանտոմանիայով տառապել: Հայաստանում հակառուսական հիսթերիա, բառիս իսկական իմաստով, գոյություն չունի: Հակառակ պարագայում այդ հիսթերիան կբարձրանար ավելի վաղ և ավելի հիմնավոր, երբ ստորագրվում էր ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու պայմանագիրը, երբ մեկը մյուսի հետևից Ռուսաստանին էին հանձնվում Հայաստանի կենսաապահովման կոմունիկացիաներն ու արտադրական ձեռնարկությունները: Ավելին ասեմ`հայ-ռուսական հարաբերություն, որպես պարտնյորություն, գոյություն չունի, ինչը, եթե պարզ չէ մեր իշխանություններին ու նրանց հարող շրջանակներին, ապա պարզ է թե Արևմուտքին և թե հայաստանյան հանրությանը:



Հետևաբար, եկեք նախ` սպասենք քննության ավարտին: Մենք պետք է պատրաստ լինենք լսելու նույնիսկ ամենադաժան բացահայտումները: Իսկ որ այդպիսիք կլինեն, միանգամայն հավանական է: Ինչպես ասում են` ամեն քառակուսի տուփի մեջ չէ, որ կլոր բան է լինում: Ի՞նչ կարիք կա անընդհատ հայտարարել, որ Պերմյակովին չէին կարող պատրաստած լինել Ռուսաստանի պաշտոնական-պետական դիրքորոշումներին հետամուտ և Եվրասիական միության գաղափարաբանությունն արտահայտող շրջանակից: Դրանով մեր հանրությանն անընդհատ դրդում եք մտածելու հենց այդ ուղղությամբ` իսկ ինչո՞ւ ոչ…