Չի՞ լինի Շարմազանովը լռի

Չի՞ լինի Շարմազանովը լռի

Շարմազանովը Հայաստանի քաղաքական իրականության անխախտ պայմանականություններից է` մեկը, ով ամեն հինգշաբթի ՀՀԿ-ական հավաքներից հետո պիտի դատարկախոսի: Եթե Շարմազանովը դատարկախոսում է, նշանակում է` կյանքն ընթանում է սովորական հունով: Եթե Շարմազանովը լռեց, կնշանակի` երկրում ինչ-որ խնդիր լրջացել է, անգամ ՀՀԿ-ականների գիտակցությանն է հասել: Այնպես որ, Շարմազանովի դատարկախոսություններին անդրադառնալու համար պետք է առանձնակի պատճառ լինի, ինչպես հինգշաբթի օրվա ՀՀԿ-ական ծերակույտի հավաքից հետո պրոռուսական կայքերից մեկի մեջբերումն էր, համաձայն որի՝ Շարմազանովն ասել էր. «Ինչ է, թուրքական վտանգը չեզոքացե՞լ է… ռուսական ռազմաբազան առաջին հերթին մեր անվտանգության համար է»:



Թուրքիայից իբր սպառնացող վտանգով Հայաստանում ՌԴ ներկայությունն արդարացնելու շանտաժն արդեն զզվեցնող է դառնում: Ռուսաստանից եկող առկա վտանգները թողած՝ Թուրքիայի հեռակա վտանգների մասի՞ն ենք փիլիսոփայում: Նախ, Շարմազանովն ինքն իր ապրած կյանքի բոլոր տարիներին Թուրքիայից վտանգ տեսե՞լ է, որ իր մտացածին ֆոբիաները բարձրաձայն տարածում է:
Եվ երկրորդ, ինչն անհամեմատ էական է, եթե Թուրքիան որոշի Հայաստանի անվտանգությանն սպառնալ, ողորմելի Ռուսաստանի՞ց պիտի վախենա, թե՞ 102-րդ ռազմաբազայից: Ռուսաստանը երեւի վերջինն է իր հակառակորդ երկրներից, որից Թուրքիան երբեւէ վախեցել է կամ կվախենա: Հնարավո՞ր է վախենալ մի հակառակորդից, որի հետ մի քանի հարյուրամյակ շարունակ անվերջ պատերազմել ես, շատ անգամներ հաղթել, շատ անգամներ պարտվել, այնպես, որ անգամ ենթագիտակցությամբ ու պատմական հիշողությամբ հակառակորդիդ անգիր գիտես:



Եվ հատկապես, ըստ Շարմազանովի, ռուս-թուրքական բախումների այդ ո՞ր դրվագը պիտի Թուրքիան հիշի, որ հանկարծ Ռուսաստանից վախենա: 1853-56-ի Ղրիմի պատերա՞զմը պիտի հիշի, երբ ռուսական նավատորմը մինչեւ վերջին զինվորը ջախջախվեց անգլո-ֆրանս-թուրքական ուժերի կողմից: 1878-ի Բեռլինի կոնգրե՞սը պիտի հիշի, երբ Կոստանդնուպոլսի վրա սլացող Ռուսաստանը կրկնապատիկ արագությամբ ետ սլացավ՝ գիտակցելով, որ Դարդանելի եւ Բոսֆորի նեղուցներին հավակնելը վերածվելու է Միացյալ Թագավորության հետ պատերազմի երկրագնդի չորս ծագերում: Բավական եղավ, որ Լոնդոնը Միջերկրականին մոտեցնելու համար զորաշարժի ենթարկի Հնդկաստանի եւ Հեռավոր Արեւելքի իր բանակները, որպեսզի ցարական Ռուսաստանը ետ կորսվի ոչ միայն Կոստանդնուպոլսի մատույցներից, այլեւ Բալկաններից ու Արեւելյան Անատոլիայից եւ գնա Բեռլին` Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու: Թե՞ Առաջին աշխարհամարտի հիշողություններից պիտի Թուրքիան ահաբեկվի, երբ, պատերազմը չավարտված, ցարական Ռուսաստանը քարուքանդ եղավ ու ռազմաճակատներից դուրս եկավ:



Կարելի է գրեթե վստահ լինել, որ Թուրքիան երբեք Ռուսաստանից չի վախենա, եթե Հայաստանի անվտանգությանն սպառնալ որոշի: Թուրքիան կախված է եվրոպական տերություններից եւ վերջնահաշվում միայն Արեւմուտքից էլ զգուշանում է: Այնպես որ, եթե Հայաստանը Թուրքիայից պաշտպանելու խնդիր ծագի, դա պետք է անեն ԱՄՆ-ն, Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն, ոչ թե Ռուսաստանը:



Իսկ իրականում Ռուսաստանն ու Թուրքիան, մանավանդ այսօրվա` Արեւմուտքի հետ խնդիրների մեջ թաղված ու ճնշվող Ռուսաստանն ու Թուրքիան, այնքան ընդհանրություններ եւ միասնական շահեր ունեն, որ նրանց բարիկադի հակառակ կողմերում պատկերացնելու համար իրոք Շարմազանովի դատարկախոսությունն ու երեւակայությունը պետք է ունենալ: