Քաղաքագրություն. Մկրտիչ Արմեն` «Երևան» /հատվածներ/

Քաղաքագրություն. Մկրտիչ Արմեն` «Երևան» /հատվածներ/

Նրանք երգում էին թառերի, քյամանչաների վրա, կենտրոնացած, ուշադիր: Նվագում էին կարմիր, մեծ դաուլի եւ հնչուն զուռնաների վրա: Նրանք վախենում էին լռությունից: Նրանք չէին ուզում գոնե մի վայրկյան դադարեցնել նվագը, որովհետեւ լռության մեջ առարկաներն ու մարդիկ կորցնում էին իրենց ներդաշնակությունը եւ նորից ստանում էին իրենց առօրյա կերպարանքը: Նվագում էին նրանք եւ լսում անշարժ, անթարթ… Երբ սկսվում էր նվագը, նրանք թողնում էին իրենց սիրուհիներին, սիրահարներին, ընկերներին, գլուխները հենում էին ձեռների վրա եւ ականջ դնում: Ոչ մի կողմնակի միտք նրանց չէր վրդովում, ոչ մի կողմնակի առարկա նրանց ուշադրությունը չէր գրավում: Նվագի տակ նրանք պատրաստ էին համբուրել ամբողջ աշխարհը եւ կատարել հազար ու մի լավ գործեր: Նվագը բարձրացնում էր նրանց, բարձրացնում, եւ նրանք վախենում էին նրա ընդհատվելու հետ միասին ներքեւ գահավիժել այդ բարձունքից: Եվ նվագում էին անընդհատ, կրնկակոխ, մի նվագախումբը մյուսին փոխարինելով…




Շափխաները դեպի աչքերը թեքած, նվագում էին դաուլ-զուռնաչիները տենդոտ ելեւէջներով: Դաուլչին երգում էր յուրաքանչյուր տունը նվագելուց հետո: Նա երգում էր, զուռնաչին ու դան պահողը ցածրացնում էին իրենց ձայնը, իսկ դաուլը բոլորովին չէր խփում: Իսկ երբ վերջացնում էր նա, երգի հենց վերջին հնչյունի հետ միասին նորից զլում էին զուռնաները, եւ երկու ձեռների ջղոտ մատները դաուլ էին խփում: Քառասունամյա տղամարդկանցից մեկնումեկը վեր էր կենում սեղանի մոտից եւ երեք բաժակ գինի ձեռքին, մոտենում նվագախմբին: Նվագողները մի կումով դատարկում էին բաժակները, գլխի շարժումով շնորհակալություն հայտնում, ափով սրբում էին բեխերը եւ նորից նվագը շարունակում: Այդ բոլորը տեւում էր միայն մի քանի վայրկյան: Նրանք խմիչքը խմում էին լուրջ եւ անտարբեր, իբրեւ պարտականություն, իբրեւ մի գործողություն, որը վերաբերում էր ոչ իրենց, այլ նվագարաններին: Եվ իրոք, խմիչքը նրանց վրա ոչ մի տպավորություն չէր թողնում: Դրա փոխարեն նա ազդում էր նվագի վրա: Յուրաքանչյուր բաժակից հետո նվագը դառնում էր ավելի զգայուն, ավելի արյունավոր, ավելի տենդային: Եվ որքան գեղեցկանում էր նա, այնքան հաճախ էին հրամցնում գինու բաժակները քառասունամյա մարդիկ: Նվագողները դատարկում էին խմիչքն իբրեւ բենզին, իբրեւ վառելանյութ, իբրեւ շարժիչ ուժ…




Նրանք պարում էին: - Տա՜շ, տուշ, տուշ,- բացականչում էին դիտողները եւ դաուլի տակտի համաձայն ծափ զարկում: Կազմած օղակի մեջ, պարի նազուկ շարժումներով օրորվում էին տասնվեցամյա աղջիկները, եւ նրանց ուռուցիկ կրծքերը վեր ու վար էին թռչում նրանց յուրաքանչյուր ցնցումից: Կտրուկ շարժումներով փոթորկվում էին երիտասարդներն աղջիկների հետ, եւ նրանց սեւ մազերը թափվում էին ճակատների վրա: Հանկարծ խշշում էին դաֆերի փուլերն ու փոքրիկ զանգակները, նվագել էին սկսում թառերն ու քյամանչաները, եւ դաուլ-զուռնան լռում էր, հերթը տալով նրանց:




Հաղթանդամ թառ նվագողները, օձիքների կոճակները քանդած եւ գլխարկները դեպի ծոծրակները թեքած, լարերից դուրս էին կոչում թառի, թե իրենց մեջ ամփոփված հույզերն ու զգացմունքները, ցնցվում էին ողջ իրանով եւ իրենց հետ ցնցում նվագարանը: Քյամանչա նվագողներն իրենց նվագարանների վրա թեքված, լացացնում էին նրանց եւ նվագի համաձայն օրորում իրենց գլուխները հետ ու առաջ: Սեղանի վրա բացվում էին նոր շշեր, Մարուսը եւ Գաբոյի աղջիկը դրսից բերում էին խորովածի նոր շամփուրներ, եւ նոր կենացներ էին առաջարկում Արշակ Բուդաղյանները:



***



Երբ ժամը երեքը եղավ, եւ աքաղաղներն առաջին անգամ կանչեցին, Արշակ Բուդաղյանը վեր կացավ բաժակը ձեռքին եւ խոսեց.



- Էնտուզիաստներ, մենք Երեւանի յուրաքանչյուր քանդվող տնակը կհանձնենք երգով ու նվագով: Թող բոլորն իմանան, որ երբ լույսը բացվի, այդ տունը պիտի դադարի ապրելուց: Տունը… հայրական տունը… Թող վերջինը նա լսի մեր նվագը եւ գնա… Էնտուզիաստներ, ես հարբած չեմ, մի նայեք ինձ թերահավատ աչքերով, մի զարմացեք իմ խոսքերի վրա: Դուք բոլորդ հիանալի մարդիկ եք, որովհետեւ սիրում եք ձեր Երեւանը եւ միեւնույն ժամանակ նրան հեշտ հանձնում: Գիտեք ինչպիսի քայլ է դա ձեր կողմից: Կգան նոր մարդիկ, նոր սերունդներ, նրանք կքրքրեն պատմությունը եւ հանդիպելով ձեզ, կապշեն ձեր վարմունքից: Եվ նրանք նույնպես իրենց հերթին, ապագա դարերին կհանձնեն պատմությունն այն մասին, թե ինչպես եղել են մարդիկ, որոնք երգով ու պարով քանդել են իրենց աշխարհը եւ երգով ու պարով ճանապարհ են տվել մեծ եկողին: