ՀՀ կալանավայրերը «Բերմուդյան եռանկյունի» են դարձել

ՀՀ կալանավայրերը «Բերմուդյան եռանկյունի» են դարձել

Ինչ-որ պահից մեր կալանավայրերը դարձան հանրության համար անթափանց, մութ գոտի, որտեղ մարդիկ բերան են կարում, հացադուլ-ջրադուլ են հայտարարում, տարատեսակ այլ ինքնավնասումներ կատարում, ծեծվում են, նվաստացվում: Բայց ՔԿՎ խոսնակ Գոռ Ղլեչյանի «փչացած հեռախոսն» անընդմեջ նույն բանն է հաղորդում՝ ամեն ինչ կարգին է, դատապարտյալը քանդել է բերանը: Կամ՝ ամեն ինչ նորմալ է, կալանավորն այլեւս չի բողոքում: Այդպես եղավ նաեւ երեկ: «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Համլետ Ղազարյանը տարիներ շարունակ հոգեմետ դեղեր է ստանում, բայց վերջերս ՔԿՀ ղեկավարությունն առաջարկել է նրան այլ դեղեր ընդունել:



Դատապարտյալը համոզված է, որ սա իր դեմ ճնշման ձեւ է, քանի որ ինքը բողոքել է դատախազ Կարեն Գաբրիելյանին, որ «Արթիկ» ՔԿՀ-ում համատարած կաշառակերություն է տիրում, որ տեսակցությունների համար փող են ուզում, որ հոգեմետ դեղերը 1000-3000 դրամ վաճառում են այլ դատապարտյալների, եւ նրանց, ում որ պետք է, էլ չի հասնում: «Արթիկ» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի դեմ հետաքննություն է սկսվել, սակայն դատապարտյալին համոզել են հետ վերցնել բողոքը, որից հետո նրա դեմ ճնշումներ են սկսվել: Նա «Արթիկ» ՔԿՀ-ի պետի մանր վրեժխնդրության զոհն է դարձել: Երեկ, երբ շատ է պահանջել, որ իրեն ղեկավարության հետ թույլ տան խոսել, նրան տարել են շենքից դուրս եւ հեռախոսով միացրել են «Արթիկի» պետի տեղակալի հետ, բայց խաբել-ասել են, թե իր հետ խոսում է ՔԿՎ պետը՝ Արթուր Օսիկյանը:



Բայց Արթիկի տարածաշրջանի շեշտադրումը լսելով, նա հասկացել է, որ իր հետ ամենեւին էլ Օսիկյանը չի խոսում, այլ ինչ-որ արթիկցի: Այս ամենի մասին մեզ երեկ հեռախոսով տեղեկացրեց Համլետ Ղազարյանի հարազատներից մեկը: Նա վստահեցրեց, որ «Արթիկի» պետ Մկրտչյանն անձամբ է մտել խուց, քաշքշել դատապարտյալին եւ հայհոյել նրան վերջին բառերով: Համլետ Ղազարյանն էլ կարել է շուրթերը, պահանջելով, որ իրեն հնարավորություն տան բողոք գրել դատախազ Կարեն Գաբրիելյանին, շարադրելու, թե ինչ է կատարվում կալանավայրում: «Նրան ոչ մի նեղություն չեն տալիս: Դեղերը սահմանված կարգով տրամադրվում են: Ոչ ոք չի խոչընդոտում դատախազին բողոք հղելու նրա իրավունքին»,- հայտնեց, ինչպես միշտ, Գոռ Ղլեչյանը: Իսկ ժամանակ անց կրկին զանգահարեց եւ ասաց, որ դատապարտյալը քանդել է բերանի կարերը: Ինչ ճնշումների են նրան ենթարկել, այս մասին մենք երբեք չենք իմանա: ՀՀ կալանավայրերի «Բերմուդյան եռանկյունում» մարդիկ որպես անձ կորչում են: