Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները երե՞քն են

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները երե՞քն են

Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու են ՀՀ իշխանությունները արագ-արագ կրկնում, որ չի կարելի Գյումրիի դեպքերը քաղաքականացնել կամ կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ:



Ովքե՞ր են Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջոևդները: Ընդամենը երեք հարազատ կամ երեք բարեկա՞մ: Հապա մի տեսեք, թե ինչ քաջ փաստաբաններ ունենք: Երեսուն փաստաբան պատրաստակամություն է հայտնել պաշտպանելու տուժողների իրավահաջորդ ճանաչված երեք մարդու դատը: Խայտառակություն: Երեսուն փաստաբան, փաստորեն, համաձայն է այս ոճիրը դատարանում դարձնել առանձին վերցված մի ընտանիքի պատուհասած դժբախտություն այն դեպքում, երբ սպանության առաջին օրերին ՀՀ ղեկավարները, իրար հերթ չտալով, հայտարարում էին, թե սա բոլորիս ցավն է: Ո՞ւր մնաց, հանկարծ բոլորիս ցավը, ինչո՞ւ այն դարձավ երեք մարդու ցավ: ՙՇարլի Էբդո՚-ի գնդակահարված խմբագրության անդամների իրավահաջորդն ամբողջ Ֆրանսիան է, եթե չասենք Եվրոպան ու աշխարհը, իսկ Ավետիսյանների պարագայում միայն երեք բարեկա՞մ:



Ինչպե՞ս, ո՞ւմ անունից են դատելու Պերմյակովին, եթե պարզվի, որ նա Ադրբեջանի, Թուրքիայի կամ մի այլ երկրի հատուկ ծառայությունների գործիքն է: Ավետիսյանների երեք իրավահաջորդների՞: Ավետիսյանների իրավահաջորդ ճանաչված այդ երեք հոգի՞ն պետք է արդարություն ու հատուցում պահանջեն, եթե պարզվի, որ ռուսական բազայում շունը տիրոջը չի ճանաչում:



Ո՞ւր է չորրորդ իրավահաջորդը, թերևս ամենաազդեցիկը` Հայաստանի Հանրապետությունը, որի յոթ քաղաքացու զրկել են կյանքից և այն էլ այսպիսի դաժանությամբ:



Այս ամենի մեջ, արդյոք, չկա՞ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա ներկայացնելու կամ շարքային քրեական գործ որակելու միտում: Տարօրինակ չէ՞, երբ մեր անվտանգության հետ անմիջական կապ ունեցող այս հանցագործության բացահայտման ընթացքում մեզ քաղաքավարի կերպով մի կողմ են հրում և մեծահոգաբար տուժողի իրավահաջորդ ճանաչում Ավետիսյանների երեք բարեկամի:



Ես կդժվարանամ ասել, թե ինչ կկատարվի ՀՀ իշխանությունների հետ, եթե կայացված դատավճիռը Ավետիսյանների երեք իրավահաջորդների կողմից բողոքարկվի, և բողոքարկվի ընդհուպ մինչև միջազգային դատարան: Մի՞թե այդ դեպքում Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչվելու պատասխանող կողմ: Ասացեք, խնդրեմ, սրանից ավելի մեծ խայտառակություն կարո՞ղ է լինել: