Բանակի օրն է

Բանակի օրն է

Այսօր բանակի օրն է:



-Իյա, իրո՞ք…



Իրոք այսօր մեր բանակի օրն է: Իրոք Սերժ Սարգսյանը մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է, իրոք բանակում մարդ ունեցող ու չունեցող այսօր բաժակ է բարձրացնում` մեր զինվորի կենացը… Թող խաղաղություն լինի…



Պատրանքներ չկան` խաղաղությունն առանց այդ զինվորի չի կարող լինել, խաղաղություն առանց հրամանատարի չի կարող լինել… Խաղաղությունը փրկություն է: Առանց զինվորի ու զենքի խաղաղություն ու փրկություն չկա:



Այսօր մեր ազգային բանակի օրն է, մեր ազգային զենքի` որ թշնամուն մոտ չի թողնում հայրենիքի սահմաններին: Հպարտ ենք մեր բանակով, մեր զենքով, մեր հրամանատարով:



-Իյա, իրո՞ք:



Իրոք: Եթե մեր բանակը լիներ Գյումրիում… Մեր բանակը պետք է հզորանա այնքան, որ ուրիշի բանակ չկերակրենք մեզ ՙխաղաղություն ու փրկություն՚ բերելու համար:



Այսօր կռիվը միայն դրսից չէ, նաև ներսից է: Ներսում մենք միասնական չենք ու չենք կարողանում մեր բանակին ուժ տալ:



-Իյա, իրո՞ք:



Իրոք: Երբեք այսքան թափթփված չենք եղել: Այն օրն ենք ընկել, որ հայն իր հայրենիքում ազագային-ազատագրական դրոշ է բարձրացնում:



-Իյա, իրո՞ք:



Իրոք, իրոք… ու այդ ՙազգայիններին՚, իրենց ասելով, տասնյակներով ՙազգայիններ՚ են միանում` նույնքան տգետ, ինչքան անկախ հայրենիքում ՙազգային ազատագրական դրոշ՚ պարզողները: Ուզում են ՙազգային-ազատագրական՚ ավտոերթ անել Արցախում, ու ասող չկա` գլուխներդ պատն եք տալիս: Ցեղասպանության օրը քաղաքական վայրահաչության օր են հռչակել ու ասող չկա` այ օտարասուններ, ի՞նչ կապ ունի Ցեղասպանության հիշատակի և միասնության օրը ձեր ինքնահաստատումի տվայտանքների հետ:



Դեռ ինչքա՞ն պիտի կուսակցություն-կուսակցություն խաղանք, դեռ ինչքա՞ն պիտի խավարամիտ թալանչիները մնան պետության ղեկին: Այդ մարդիկ արդեն ուղղություն չունեն` լափածը մարսելով են զբաղված, քեֆ են քաշում: Պիտի հեռանան, պիտի բան փոխվի:



-Իյա, իրո՞ք:



Իրոք: