Ո՞ւմ թիրախում են հայտնվել Մալաթիայի դատախազները

Ո՞ւմ թիրախում են հայտնվել Մալաթիայի դատախազները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վրա կարծես թուղթ ու գիր են արել: Մեկը մյուսի հետեւից վարույթներ են հարուցվում աշխատակիցների դեմ: Դեռ մի քանի ամիս առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերին, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վարույթ նախաձեռնեց այս շրջանի դատախազ Արմինե Ղուկասյանի դեմ: Նրան մեղադրանք առաջադրվեց Քրօրենսգրքի 315-րդ հոդվածով՝ պաշտոնեական անփութություն: Արմինե Ղուկասյանը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանի դուստրն է, իսկ մասնագիտական շրջանակներում նա հայտնի է որպես բարեկիրթ, պարտաճանաչ անձնավորություն:



Գործի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ: Արմինե Ղուկասյանը պաշտոնական հաղորդագրության մեջ բնութագրվեց որպես «անփույթ» պաշտոնյա, ով «չի կատարել իր պարտականությունը» եւ վնասել է անձանց ու պետությանը: Մինչդեռ խոսքն ընդամենը քննության ժամկետների խախտման մասին էր: Երիտասարդ կինն այդ ժամանակ նոր էր ամուսնացել եւ հարսանեկան ճամփորդությունից վերադառնալով՝ իմացավ իր դեմ քրեական վարույթ հարուցելու մասին: Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվեցին: Ի սկզբանե պարզ էր, որ ոչ այս գործը, ոչ էլ Քննչական կոմիտեի քննիչների դեմ այդ նույն ժամանակաշրջանում հարուցված վարույթները դատարան չեն հասնելու: Այդպես էլ եղավ:



Կարճ ժամանակ անց Ղուկասյանի դեմ վարույթը կարճվեց, եւ նա վերականգնվեց պաշտոնում: Բայց, ինչպես ասում են, նստվածքը մնաց՝ համակարգում տպավորություն ստեղծվեց, որ Ա. Ղուկասյանը բարեխիղճ եւ գրագետ իրավաբան չէ: Սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազների նկատմամբ գործողությունները սրանով չավարտվեցին: Անցյալ տարվանից Հատուկ քննչական ծառայությունը մի քանի դրվագից կազմված մի արտառոց քրեական գործ է քննում, որի շրջանակներում լուրեր տարածվեցին, որ հնարավոր է մեղադրանք առաջադրվի միաժամանակ երկու դատախազների՝ Մանվել Ալեքսանյանին եւ Հարություն Սարգսյանին: Խոսվում էր լուրջ մեղադրանքի մասին: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ այս վարույթի շրջանակներում արդեն կալանավորված անձ կա՝ Մանվել Ալեքսանյանի վարորդը:



Վերջինս, ներկայանալով որպես դատախազի վարորդ, շահել է տարբեր քաղաքացիների վստահությունը, նրանցից գումարներ է շորթել, ավտոմեքենաներ վերցրել, խոստանալով, որ գումար կտա: Ավտոմեքենաների մի մասն ավտոպահեստամասերի վերածելով՝ վաճառել է, մյուսները տրամադրել է օրավարձով, այլ մեքենայություններ է կատարել, իսկ մեքենաների տերերին «քցել» է՝ ոչ գումար է տվել, ոչ էլ ավտոմեքենաներն է վերադարձրել: «Քցվածներից» մի կին հոգնել է սպասելուց եւ դիմել է իրավապահներին: Քննչական կոմիտեում սկսվել է քննություն, որի հսկող դատախազը եղել է Հարություն Սարգսյանը: Լուրեր են պտտվում, որ Մանվել Ալեքսանյանը փորձել է միջնորդել իր վարորդի համար: Որքանով է Ալեքսանյանը տեղյակ եղել իր վարորդի գործերից, ասում են, կպարզվի վարույթի շրջանակներում:



Ինքը՝ Ալեքսանյանը, պնդում է, որ իր վարորդի անօրինական գործողությունների մասին իմացել է միայն քրգործի հարուցումից հետո, երբ վերջինս հայտնվել է բանտում: Պաշտոնական տեղեկություններ ստանալու խնդրանքով դիմեցինք ՀՔԾ: Մեր տվյալներով, ներկայում դատախազները գործով անցնում են որպես վկա: Թե Մանվել Ալեքսանյանը, թե Հարություն Սարգսյանը դատախազության հին կադրերից են, եւ գլխավոր դատախազը դեմ չէ, որ այս գործով անաչառ քննություն կատարվի եւ ապացուցվի դատախազների անմեղությունը: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, գործը բացահայտվել է Քննչական կոմիտեի քննիչների ջանքերով: Կան ձայնագրություններ, որոնք անհերքելի ապացույցներ են համարվում, եւ դատախազությունն ուղղակի չի կարողացել այս գործին ընթացք չտալ:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մանվել Ալեքսանյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: ՀՔԾ-ից պաշտոնապես պատասխանեցին, որ դատախազների դեմ այս պահին քրեական գործ հարուցված չէ: