Փանջունու ծայրահեղն էլ կա

Փանջունու ծայրահեղն էլ կա

Ստյոպա Սաֆարյանի հարցազրույցն Առաջին լրատվականին, որ ամբողջությամբ նվիրված է Ռոբերտ Քոչարյանի հոգեվերլուծությանը, ստիպում է վերստին անդրադառնալ երկրորդ նախագահի վերջին ելույթին, բայց ոչ թե նրա մտքերի քննության, այլ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-«Ժառանգություն»-ՀԱԿ քառյակի խորհրդավորությունը հասկանալու համար:



Հենց սկզբից ասեմ` ավելի տձեւ քառյակ դժվար է պատկերացնել: Սա, ավելի շուտ, մի անկանոն քառանկյուն է, որի թե անկյունների եւ թե կողմերի մեծությունները տարբեր են: Երկրաչափության ուսուցիչը հասկացավ, թե ինչ եմ ասում:
Նախ` երկու տող Քոչարյանի հարցազրույցի հիմնական մեսիջի մասին: Ըստ մեզ, նա այս ելույթով եւս մեկ անգամ չբացառեց իր վերադարձը եւ կտրուկ նվազեցրեց Գագիկ Ծառուկյանի նախագահացուների ցանկը` այն հասցնելով մինիմումի, եւ ապա ուղիղ երկխոսության մեջ մտավ Սերժ Սարգսյանի հետ` բարեփոխումներ արա, բայց Սահմանադրությանը ձեռք չտաս: Հոդվածիս քնարական հերոսը` Ստյոպա Սաֆարյանը, փառք Տիրոջը, նկատել է այս նուրբ պահը եւ ընդգծել, որ Քոչարյանը գործող Սահմանադրությունը չփոխելու կողմնակիցներից է, որովհետեւ այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պահպանելու Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգը:



Միշտ էլ հաճելի է, երբ ժամանակակիցներդ հասնում են դիպուկ բնորոշումների եւ տալիս ճիշտ գնահատականներ: Բայց, ավաղ, Ստյոպա Սաֆարյանը հետո փչացնում է ամեն ինչ, երբ սկսում է բացառապես Քոչարյանին մեղադրել այսօրվա տնտեսական անկման մեջ, նշում, որ նրա շինարարական փուչիկների, Ռուսաստանից ներդրվող կասկածելի կապիտալի եւ վարկերի հաշվին է միայն տնտեսական աճ գրանցվել, եւ դա եղել է ընդամենը կարճաժամկետ ու հանգեցրել այսօրվա մեռելային իրավիճակին: Ինչեւէ, ես կուզենայի, որ պարոն Սաֆարյանն իմանար` մեռնող մարդուն հետ բերելու համար, անկախ նրա սեռից, նույնիսկ բերանից բերան արհեստական շնչառություն հաղորդելն է արդարացված: Այսինքն, հանկարծ չստացվի այնպես, որ տնտեսության կարճաժամկետ վերակենդանացումն ու ներգաղթը շատ ավելի վատ են, քան տնտեսական երկարաժամկետ գահավիժումն ու անկառավարելի արտագաղթը:



Իսկ հիմա` տձեւ քառյակի մասին: Պատկերացրեք մի սեղան, որի շուրջ տեղավորված են Քոչարյանը, Սարգսյանը, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, որոնք իրենց հարաբերություններն են պարզում «Սահմանադրություն» վերտառությամբ գրքույկի հետ կապված: Անզեն աչքով էլ նկատելի է, որ Սերժ Սարգսյանը, Սահմանադրությունը փոխելու իր ցանկությամբ, այս քառյակում բացարձակ փոքրամասնություն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը, ով դեմ է սահմանադրական փոփոխություններին, արտահայտում է քննարկման մյուս մասնակիցների` «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կարծիքը եւ բացարձակ մեծամասնություն ունի: Թվում է, թե այս հարցում Ռոբերտ Քոչարյանի նման դաշնակից ունենալը պետք է ոգեւորեր «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին, բայց, դատելով Քոչարյանի հարցազրույցի հետ կապված ՀԱԿ-ի խուլուհամր կեցվածքից եւ Ստյոպա Սաֆարյանի` մեր կարծիքով ոչ ադեկվատ արձագանքից, ՀԱԿ-ում եւ «Ժառանգությունում» այդքան էլ խանդավառ չեն երկրորդ նախագահի մեսիջներից եւ, որ շատ ավելի տարօրինակ է, նրա այն արտահայտությունից, որով Սերժ Սարգսյանին կոչ է անում ձեռք չտալ Սահմանադրությանը: Սա ի՞նչ է, Քոչարյանը պառակտո՞ւմ է հրաշալի եռյակը, որը դեռ երեկ հանրությանը խոստանում էր իշխանափոխություն:



Եկեք ընդունենք, որ բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել սեղանի շուրջ: Պաշտպանելով Քոչարյանի տեսակետը, բայց չընդունելով նրա վերադարձը (անձը)` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», տպավորություն է ստեղծվում, որ պատահաբար են հայտնվել մի սեղանի շուրջ, որտեղ բոլորովին այլ հարց է քննարկվում: Ի՞նչ իշխանափոխություն: Ռոբերտ Քոչարյանի բերանից որեւէ մեկը լսե՞լ է «իշխանափոխություն» բառը: Լավագույն դեպքում նա ասում է` բարեփոխումներ, իսկ Գագիկ Ծառուկյանի բերանով էլ հասկացնում, որ Սերժ Սարգսյանը պետք է հանգիստ պաշտոնավարի մինչեւ ժամկետի ավարտը: Հույս ունենալ, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսպիսի հարաբերությունների պայմաններում դեռ կարելի է գոյություն պաշտպանել ԲՀԿ-ին ասոցացված վիճակում, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պարագայում առնվազն իդիոտություն կլինի, էլ չասենք, թե ինչի կնմանվի նրանց կողմից ԲՀԿ-ի համաժողովներում ակտիվություն ցուցաբերելը:



ՀԱԿ-ը, ինչպես հայտարարել են առաջին նախագահի խոսնակները, տակավին դեմ չէ ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» հետ շարունակել եռակողմ ձեւաչափով քննարկումները: Ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում: Բայց ի՞նչ կարող են տալ ՀԱԿ-ին այդ քննարկումները, երբ երկրորդ նախագահի ամեն ելույթից հետո ավելի ու ավելի հստակ է դառնում ԲՀԿ-ին իշխանափոխության տանելու այս ողջ չարչարանքի անհեռանկարայնությունը:
Չենք կարծում, որ ՀԱԿ-ում եւ «Ժառանգությունում» այս բանը չեն գիտակցում: Եռյակի ներսում ձեւավորվող այս երկյակի հակաքայլերն (օրինակ` ԲՀԿ համաժողովին չմասնակցելու որոշումը) արդեն իսկ հուշում են, որ նրանց մեջ արթնացել է ինքնապահպանման բնազդը: Ի վերջո, ստիպված են ընտրություն կատարել Քոչարյանի կոշտ ստվերի եւ Սարգսյանի օրոք վայելած փառավոր ընդդիմադիր կյանքի միջեւ: Մյուս կողմից էլ` հենց Ռոբերտ Քոչարյանն է դեմ սահմանադրական փոփոխություններին եւ ոչ թե, ինչպես իրենք են պնդում, վերարտադրվել փորձող Սերժ Սարգսյանը:



Ելք այս իրավիճակից, այնուամենայնիվ կա, բայց դրա համար պետք է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նախեւառաջ անկեղծ լինեն իշխանափոխության հարցում իրենց ձգտումների մեջ: Իշխանափոխությունը բավականին դժվար գործ է: Մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել այն իրականացնել ուրիշի սայլին նստած: Առնվազն պետք է հստակեցնել, թե ով է սայլապանը: Կարծում ենք, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հիմա դա գիտեն, եւ եթե նրանց նպատակն իրոք իշխանափոխություն իրականացնելն է ու ոչ թե ԲՀԿ-ից դեռ մի որոշ ժամանակ էլ սնվելը, մնում է մի ելք` լքել սայլը եւ հոգ տանել, որպեսզի սեփական կանտորաները չվերածվեն գեղի կլուբի: Ի՞նչ իմաստ ունի Գագիկ Ծառուկյանից Իվանիշվիլի ստանալու հարցում համառությունը, երբ արդեն պարզ է, որ մի պստլիկ երկրում, որտեղ բուրժուաներին տրված է ամեն ինչ, բուրժուաների հետ հեղափոխություն անելը, մեղմ ասած, ծայրահեղ փանջունիականություն է:



Այն էլ ասենք, որ Քոչարյանի հարցազրույցում հնչած «հրահանգից» հետո` ձեռք չտալ Սահմանադրությանը, ավելի մշուշոտ դարձավ սահմանադրական բարեփոխումներ անելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: Ինչո՞ւ նա արեց այդ առաջարկը, եթե անձամբ չի պաշտպանում Հայաստանի համար խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունը: Սա մի հարց է, որի շուրջ խոսակցությունները կթարմանան փետրվար-մարտ ամիսներին, բայց հստակություն այդքան շուտ չի մտցվի, իսկ սեղանի շուրջ քննարկումներին լուռ հետեւող Սարգսյանն էլ կխոսի միայն այն բանից հետո, երբ պարզվի, որ ընդդիմությունը (ՀԱԿ, «Ժառանգություն») եթե ոչ Քոչարյանի, ապա առնվազն Գագիկ Ծառուկյանի գրպանում է: Սերժ Սարգսյանի համար դժվար չի լինի հայտարարել, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ուժերի լայն կոնսոլիդացիա չկա, ուստի այդ բարեփոխումներն անել չենք կարող: