Բարի ժամանց ենք մաղթում Էրդողանին

Բարի ժամանց ենք մաղթում Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ժամանակ ասել է, որ մոտակա ապրիլի 24-ին Ֆրանսիայի ժողովրդի անունից կժամանի Երեւան: Նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցում պետք է կոտրել տաբուները, նա ասել է. «Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ մի նոր ժեստ կարվի»:
Օլանդը թուրքերին կոչ է արել շարունակել ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը եւ հիշեցրել է, որ ինքը ողջունում է նախորդ տարի Էրդողանի հղած ցավակցական ուղերձը:



Թուրքական Haberler կայքը նույն օրը հասցրել էր արձագանքել Օլանդի կոչին՝ այն որակելով «լկտի»:
Ի՞նչ է սա, եթե ոչ եւս մեկ ապացույց այն բանի, որ Թուրքիան ստի ու կեղծիքի վրա հիմնված մի պետություն է, որտեղ երբեք չկա խոսքի ու գործի համապատասխանություն, չկա քաջություն՝ առերեսվելու սեփական պատմությանը, եւ որտեղ գրոշի արժեք չունեն անգամ այդ երկրի ղեկավարների (Էրդողան, Դավութօղլու) ուղերձներն ու այդ ուղերձներում թափած կոկորդիլոսի արցունքները:



Եթե հետեւենք տրամաբանության օրենքներին, ապա Haberler կայքն առնվազն «լկտի» պետք է համարեր նաեւ Էրդողանի ապրիլքսանչորսյան եւ Դավութօղլուի` Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի ուղերձները, որոնցում, ինչպես Օլանդի խոսքում, մեղադրանք կա Թուրքիայի հասցեին, ավելին՝ հորդոր, որ պետք ծանր պահերը հաղթահարել ու նայել ապագային: Բայց դե թուրքական դիվանագիտությունը թքած ունի խոսքի ու գործի հակասության վրա: Էրդողանը կարող է ապագային նայել նաեւ Հայոց ցեղասպանության օրը Թուրքիայում տոնախմբություն կազմակերպելով, ու Haberler կայքը, բնականաբար, նրան չի անվանի «տականք»:



Այսուհանդերձ, Թուրքիայում չեն կարող չնկատել, որ աշխարհում շատ բան է փոխվել, եւ արդեն կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել տարատեսակ շանտաժներով: Դիցուք` Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դրանցից մեկն է, եւ եթե նախկինում Թուրքիան որոշ հաջողությունների էր հասնում այս կամ այն երկրից իր դեսպանին հետ կանչելով կամ հետ կանչելու սպառնալիքներով, այսօր այդ հնարքը չի անցնում: Եվ Օլանդի հանդեպ այդ լկտիությունը, որ Թուրքիայի իշխանությունների հրահանգով դրսեւորում է այդ երկրի լրատվամիջոցը, խոսում է առաջին հերթին այն մասին, որ Ֆրանսիայի վրա չեն ազդում թուրքական դիվանագիտության հնարավոր եւ ընդունելի լծակները:
Մեր համոզմամբ` ապրիլի 24-ին ընդառաջ, Օլանդի հայտարարությանը հետեւելու են առաջին դեմքերի նոր հայտարարություններ, որոնք բովանդակային առումով այնքան էլ չեն տարբերվի Ֆրանսիայի առաջնորդի հայտարարությունից: Ի՞նչ են անելու Թուրքիայի ղեկավարներն ու նրանց հրահանգով շարժվող թուրքական լրատվամիջոցները: Հնարավո՞ր է, արդյոք, բոլորի հայտարարությունները որակել «լկտի» եւ շարունակել տականքի էությամբ ուղերձներ հղել հայ ժողովրդին:



Հայաստանը, հայ ժողովուրդը, հայկական լրատվամիջոցները, չլսեցինք, որ «լկտի» կամ մի ուրիշ բառով բնորոշեն Անգլիայի արքայազների կամ Ավստրալիայի վարչապետի որոշումը` ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի` իրականում գոյություն չունեցող թուրքական հաղթանակի 100-ամյակի տոնախմբություններին: Բնականաբար, կարող են լինել մարդիկ, որոնց` պատմության, ժամանակի եւ իրերի ընկալումները տարբեր են հայկական ընկալումներից: Բայց առնվազն փաստ է, որ ոչ արքայազն Չարլզը եւ ոչ էլ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը երբեք եւ աշխարհի ոչ մի անկյունում չեն ժխտել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ եթե պատրաստվում են ապրիլի 24-ին այցելել Անկարա, ապա ոչ այն պատճառով, որ ցանկանում են մերժողական կեցվածք դրսեւորել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հանդեպ:



Որքան էլ Էրդողանը ցանկանա հակակշիռ ձեւավորել, միեւնույն է, նա արդեն պարտված է, որովհետեւ ի զորու չէ արքայազն Չարլզին ստիպել, որ նա, ի հեճուկս հայերի, այցելի Թուրքիա` լինի դա ապրիլի 24-ին, թե մեկ այլ օր:
Ես կդժվարանամ ասել` ընդունվա՞ծ է, արդյոք, միջազգային հարաբերություններում, նախագահին արված հրավերը փոխանցել արտգործնախարարին եւ վերջինիս մակարդակով մասնակցել միջոցառմանը: Եթե այո, ապա Սերժ Սարգսյանը պարզապես շտապել է մերժել Էրդողանի հրավերը: Ուժեղ քայլ կլիներ Նալբանդյանի մասնակցությունը Գալիպոլիի, այսպես կոչված, հաղթանակի 100-ամյակի տոնախմբությանը: Հայկական կողմի մեկ հատիկ ելույթն Անկարայում, հենց ապրիլի 24-ին, կարգին «կզվարճացներ» Էրդողանի հյուրերից մի քանիսին, օրինակ` Ալիեւին, Նազարբաեւին, ով գիտի, գուցե նույնիսկ Օբամային, եթե վերջինս, Թուրքիայի հասցեին ամեն տարի հնչեցվող իր «լկտի» (Haberler-ի բնորոշմամբ) արտահայտություններից հետո, համարձակվի ներկա լինել այդ ծաղրահանդեսին:



Կարիք չկա, կարծում ենք, Անկարայում եւ Երեւանում այդ օրը ներկա գտնվելիք մարդկանց ռանգով ու կոչումներով ավելի կամ պակաս կարեւորել երկու միջոցառումներից մեկը կամ մյուսը: Աշխարհի բազմաթիվ առաջնորդներ լավ են հասկանում, որ Էրդողանը ցանկանում է գեներալով հարսանիք բեմադրել, եւ դա նրա կողմից մորթապաշտի մի հուսահատ ճիգ է` սեփական պատմությունից եւս մեկ օրով թաքնվելու համար:
Հարյուր տարի է` թաքնվում են: Այսօր արդեն մնացել է համաշխարհային պատմությունը կեղծելու, մարտի 18-ն ապրիլի 24 դարձնելու գնով թաքնվել: Եվ ի՞նչ, Էրդողանին թվում է, թե իր հյուրերն այդքանը չե՞ն հասկանում: Այդ դեպքում մեզ մնում է բարի ժամանց մաղթել Էրդողանին: