Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը

Կալանավայրերի վարչությունը թաքցնում է մահվան դեպքերը

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքեց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը՝ ավազակության համար դատապարտված, որին չեն հասցրել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել: Իրազեկ աղբյուրը, սակայն, լրացրեց մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան եւ Համլետ Հովհաննիսյան: Անհասկանալի է, թե ինչու է ՔԿՎ-ն պաշտոնապես ստում, մոռանալով, որ ասեղը պարկում չես թաքցնի, իսկ մարդկային մահը՝ առավել եւս:



Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԵԽԽՎ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հանձնաժողովը բացասական զեկույց հրապարակեց Հայաստանի վերաբերյալ: ԵԽԽՎ պատվիրակները 2013-2014 թվականներին այցելել էին ՀՀ կալանավայրեր եւ ցնցող տվյալներ էին բերում: Օրինակ, որ կան 10 տարուց ավելի անազատության մեջ գտնվող անձինք, որոնց զբոսանքի չեն հանել: Նրանք նաեւ անբավարար բուժզննության փաստեր էին արձանագրել եւ եզրակացրել, որ Հայաստանի կալանավայրերում անմարդկային պայմաններ են: Նկատենք, որ ՔԿՎ պետերի փոփոխությունը ոչ մի տեսանելի արդյունք չի տալիս: