Ձերբակալվածներից երկուսը պաշտոնյաների որդիներ են

Ձերբակալվածներից երկուսը պաշտոնյաների որդիներ են

Մինչ Սեյրան Օհանյանն Օպերայում բանակի տոնին նվիրված համերգ էր ունկնդրում Հայաստանի բարձրաստիճան վերնախավի հետ, Հայաստանի գլխավոր սպայական դարբնոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում: Հունվարի 29-ի վաղ առավոտյան, 06:35-ի սահմաններում, ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողին հայտնաբերվեց առաջին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի անկենդան մարմինը՝ կախված վիճակում: Նրա կողքին գտել են թուղթ՝ ոչ մեկին չմեղադրելու խնդրանքով: Տեղում աշխատող քննիչների խումբը շուտով հայտնաբերեց, որ երիտասարդը ոչ թե ինքնասպան է եղել կախվելու միջոցով, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ սպանվել է մի խումբ անձանց կողմից: Ապագա սպայի մարմնին հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք վկայում են, որ տղային նախ տանջել են, ծեծի ենթարկել, հասցրել մահվան, ապա կախվելու նմանակում են ստեղծել, նրա անկենդան մարմինը պարանով կախելով պտտաձողից: Հայկազ Բարսեղյանը հասարակ գյուղացու ընտանիքից էր, Արարատի մարզի Նիզամի գյուղից: Հայրը գյուղատնտեսությամբ է զբաղվում, մայրը տնային տնտեսուհի է: Նիզամիի գյուղապետ Կարապետյանը հայտնեց, որ մի կերպ է կարողացել տղայի մահվան լուրը հասցնել ծնողներին: Բարսեղյաններն ունեն երեք որդի: Հայկազը նրանց ավագն էր: Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՀՀ քրօր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ սպանություն, կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այս հանցանքի համար օրենսգիրքը սահմանում է ազատազրկում 12.5-20 տարի ժամկետով կամ ցմահ: Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ զինծառայողին սպանելու կասկածանքով 4 հոգի ձերբակալվել են՝ Հայկազ Բարսեղյանի 4 ծառայակիցները: Ահա նրանց անունները. Վաչե Սահակյան, Մովսես Ազարյան, Գնել Թեւոսյան, Նորիկ Սահակյան: Բոլորը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողներ են, ապագա սպաներ, որոնցով պետք է պարծենար մեր բանակը: Հատկանշական է, որ նողկալի այս հանցագործությունն իրականացվել է հենց բանակի 23-րդ տարեդարձին: Մեր տեղեկություններով, կոնֆլիկտը ծագել է անհեթեթ վեճից՝ ճաշարանում թափթփելու, ապա թափածը չհավաքելու հետ կապված խոսակցությունից: Բայց ուշագրավն այն է, որ ձերբակալված ուսանողներից երկուսը բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են: Մեկի հայրն իրավապահ մարմիններում ղեկավար աշխատանքի է, մյուսինն աշխատում է հենց Ռազմական ինստիտուտում: Նա ինստիտուտի տնօրեն Մարտին Կարապետյանի տեղակալներից մեկն է: Երեկ ինստիտուտից հրաժարվում էին մեկնաբանություններ տալ, իսկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ ձերբակալվածների թվում Մարտին Կարապետյանի տեղակալներից մեկի որդին է: «Ես քննության գաղտնիքների վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասաց նա: Թե ինչու է այս տեղեկությունը գաղտնի, երեւի միայն ՊՆ խոսնակին է հայտնի: Մեր տվյալներով, ՊՆ-ում դժգոհ են Ռազմական ինստիտուտի ղեկավարությունից, եւ առաջիկայում մի շարք պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից: