ARMագեդոն

ARMագեդոն

Կարող ենք արձանագրել՝ Ինքնախորհրդարանի «ուիք էնդը» ստացվեց:



Ջարդված քիթ, սալջարդ, պայթած փայծաղ, ջարդուփշուր արված ավտոմեքենաներ՝ ամեն ինչ կա ազգային ազատագրական պայքարի մասին լավ ֆիլմի համար: Նույնիսկ, որպես ֆոն, արդեն հրապարակվել են այն մտավորականների հարցազրույցները, ովքեր զարմացած են այս ամենից ու խոցված: Իսկ ինչ վերաբերում է հայֆեյսբուքին, ուղղակի խոսքեր չկան նկարագրելու այն, ինչ կատարվում է այդ տարածքում հենց ազգային-ազատագրական պայքարի տեսքով: Հայերն այնտեղ արդեն իսկ պայքարում են միմյանցից ազատագրվելու համար: Ֆեյսբուքում իսկական ARMագեդոն է:



Ես Ինքնախորհրդարանի ռեժիսորների չափ լավ ռեժիսոր չեմ, բայց իմ կարծիքով ֆիլմը, այնուամենայնիվ, զերծ չէ թերություններից, իսկ գլխավոր թերություններից է այն, որ կադրոմ Պարույր Հայրիկյան չկա: Բանն այն է, որ ԱԻՄ-ի ավագանին երթի նախօրյակին դուխ էր տվել Ինքնախորհրդարանին՝ անպայման քշել դեպի Արցախ, իսկ թե ինչու Հայրիկյանի մակարդակով չի միացել «դեպի Արցախ» ազգային-ազատագրական պայքարի ավտոերթին, ֆիլմում չի երևում:



Ֆիլմի հեղինակները պնդում են, որ իրենց հաջողվել է ցույց տալ Հայաստանի և Արցախի միջև գոյություն ունեցող սահմանը: Արցախի անկախության տեսանկյունից այդ գաղափարն իքնին վատը չէ, բայց, ավաղ, հասկանալի չէ, թե ինչո՞ւ և ո՞ւմ են ցույց տալիս, համոզում, որ կա այդ սահմանը: Եվ հետո, ֆիլմի հեղինակները, եթե պնդում են, որ կա այդ սահմանը, պարտավոր էին ցույց տալ, թե ինչո՞ւ շարասյունը չկանգնեցվեց Գորիսում: Հանդիսատեսի մեջ բնական հարց կարող է առաջանալ՝ ՀՀ իշխանությունները մի՞թե այնքան չեն սիրում ԼՂՀ իշխանություններին, որ իրենց ամենաոխերիմ ընդդիմությանը՝ Ինքնախորհրդարանին, թույլ են տալիս «չերեզ» Սուրիկի մարզ հատել հայաստանա-ղարաբաղյան սամանը: Համոզիչ չէ:



Կադրում պարզ երևում է նաև, որ Արցախի ոստիկանությունը (ֆիլմում այդ կառույցը կոչվում է ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք) սկզբում սիրալիր են, և, որ հատկանշական է, գրական հայերենով արշավախմբի գլխավորներին համոզոմ են՝ այս փորձանքը իրենց տարածքից դուրս հանել և ազգային-ազատագրական պայքար չսկսել «իմեննը» Արցախում, որտեղ արդեն 25 տարի առաջ սկսված ազգային-ազատագրական պայքարը դեռ կարգին չի ավարտվել:



Այստեղ վրա է հասնում կուլմինացիան: Ինքնախորհրդարանը հասկանում է, որ շարասյան գլուխը հետ դարձնելը չի բխում ոչ իր, ոչ ֆիլմի շահերից, որովհետև հանգուցալուծումը կլիներ թուլացող, մինչդեռ խնդիրը տիտրերից առաջ հզոր բազմակետեր դնելն էր ու աշխարհին զարմացնելը, թե իրոք մեկ և միևնույն ազգի ներսում ազգային-ազատագրական պատերազմն, այնուամենայնիվ, հնարավոր է: Հենց այդ բարձր նոտայով էլ ավարտվում է ֆիլմը, ինչպես ասացի՝ ջարդված քիթ, սալջարդ, պայթած փայծաղ, ջարդուփշուր արված ավտոմեքենաներ, կրակոցներ՝ օդ, ավտոմեքենաներում՝ վախեցած կանայք և երեխաներ… Հզոր է:



Ֆիլմը լավն է, երբ հանդիսատեսը դահլիճից հեռանում է այդ ֆիլմի ստեղծագործական խմբի հետ հաջորդ հանդիպման ցանկություններով ու սպասումներով: Դատելով Ինքնախորհրդարանի խոստումներից ու կարգախոսներից, մենք կունենանք այդ հանդիպումը; Ընդ որում արդեն հայտնի է հանդիպման օրը՝ ապրիլի 24: Նախնական «պրոկատում» այդ ֆիլմը հայտնի է «100-ամյակն առանց ռեժիմի» վերնագրով: Ստեղծագործական խումբը պնդում է, որ այս անգամ  հաջողված կլինեն հատկապես մասովկաները: