10 օր շարունակ հրեշի կերպար էին կերտում

10 օր շարունակ հրեշի կերպար էին կերտում

Սա պետականորեն կազմակերպված խուլիգանություն էր



Քերոբ Ղազարյանը 24 տարի դաշնակցական է եղել, բայց օրերս ՀՅԴ-ից դուրս գալու դիմում գրեց իր մեկ տասնյակ ընկերների հետ եւ դարձավ Հիմնադիր խորհրդարանի անդամ: Դեպքերի օրը նա եւս երկու կուսակիցների հետ Ստեփանակերտից ուղեւորվել է Բերձոր: Ահա թե ինչ է նա պատմում. «Մենք մի քանի ընկերներով գնացել էինք, որ դիմավորեինք ավտոերթի մասնակիցներին, քանի որ Ժիրայր Սեֆիլյանն իմ հրամանատարն է եղել, իմ մարտական ընկերներն էլ այնտեղ էին: Մինչեւ Քաշաթաղ հասնելը տեսանք, որ ճանապարհներին շատ մեքենաներ կան կանգնած, մարդիկ կային հեռախոսներով: Երեւում էր, որ ճանապարհները վերահսկվում են: Մինչեւ Քաշաթաղ հասնելը եւս մի պահակակետ կար՝ Ստեփանակերտի կողմից: Մեզ բաց թողեցին այդ անցակետից, բայց Զաբուխի անցակետին որ հասանք, տեսանք, որ ճանապարհի երկու կողմերը մեքենաներով զբաղված են: Զաբուխի կողմն ամբոխ է հավաքված: Աջի վրա կանգնեցինք, դուրս եկանք մեքենաներից: Հեռվում կանգնած ամբոխից մի 30-35 հոգի եկան դեպի մեզ, հարցրին՝ ի՞նչ եք անում ստեղ: Ասեցինք՝ կանգնած ենք: Բա չե՞ք լսել, որ մենք զգուշացրել ենք, որ չգաք, որ «Ազատամարտիկների միությունը» թույլ չի տալու, որ ավտոերթը գա: Ասեցինք՝ հա, գիտենք: Ասեցին՝ բա լսել եք ու եկե՞լ եք: Դրանից հետո սկսվեց»:



- Ի՞նչն սկսվեց, ի՞նչ արեցին:



- Հարձակվեցին մեզ վրա՝ հարվածներ, ծեծկռտուք, հայհոյանք: Այդտեղից մենք էլ առաջ չենք գնացել: Տարբեր մարդիկ կային: Նաեւ այնպիսիք, որ ասում էին՝ վերջ տվեք: Նաեւ այնպիսիք, ովքեր վերահսկում էին, որ ծանր հետեւանքներ չլինեն:



- Ինչպե՞ս վերադարձաք Ստեփանակերտ:



- Երբ այդ ծեծկռտուքը վերջացավ, մենք նստեցինք մեքենաները, տեսանք, որ դրանք ստուգել էին: Քաղաքացիական հագուստով մարդիկ մեր հեռախոսները պահանջեցին, ֆոտոապարատը: Մենք տվեցինք, որովհետեւ հասկացանք, որ զոռով են վերցնելու: Հետ վերադառնալուց, Լաչինից դուրս եկող անցակետն արդեն փակել էին: Մեզ կրկին հանեցին մեքենաներից, նորից ծեծկռտուք եղավ, մեքենաների ապակիները ջարդեցին ոտքերով: Մենք երեքով էինք, որոնցից մեկը կին էր, նրան ձեռք չեն տվել: Բայց մենք երկու ընկերներով վնասվածքներ էինք ստացել: Մեզ «դաբիվատ» արին, նոր թողեցին, ու մենք գնացինք անմիջապես Ստեփանակերտի հիվանդանոց:



- Շա՞տ վնասվածքներ ունեք:



- Դե, ունենք, եթե ամենքիս 7-8 հոգով ծեծեն, ի՞նչ կլինենք:



- Ձեր կարծիքով, ովքե՞ր էին այդ մարդիկ:



- Կային մարդիկ, որոնց ձեռքին ռադիոկապ կար: Համազգեստով մարդիկ չկային, բայց երեւում էր, որ նրանք պետական ծառայողներ են: Հագուկապից, խոսելաձեւից էր երեւում: Հատուկ ջոկատայինների ֆիզիկական կազմվածքից երեւում էր, որ նրանք հասարակ մարդիկ չեն: Հասարակ մարդիկ հասարակ շորերով էին, կային նաեւ բերած մարդիկ:



- Ընտրությունների պե՞ս, որ ամենքին մի բա՞ն են խոստացել:



- Չգիտեմ ինչ են խոստացել, բայց որոշ մարդիկ իրենց ցանկությամբ էին եկել, ոմանց բերել էին:



- Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:



- Պայքարը շարունակվելու է: Մենք հետ չենք գնալու: Մենք ասում ենք, որ այս երկիրը յուրային կառավարում չունի: Օտարի խամաճիկներ են ղեկավարում մեր երկիրը, պայքարի ձեւն էլ ընտրել ենք ու շարունակելու ենք:



- ՀՅԴ կուսակցությունն այս օրերին ակտի՞վ էր:



- ՀՅԴ-ն մի հայտարարություն է տարածել միայն: Այստեղ լուրեր էին պտտվում, որ դաշնակներն են գալիս: Նրանք ընդամենը հերքեցին, որ դա իրենք չեն, որ իրենք կապ չունեն ավտոերթի հետ:



- Ձեզ չօգնեցի՞ն:



- Ես մի քանի օր առաջ եմ հայտարարությամբ դուրս եկել ՀՅԴ-ից, իրենք իմ կողքին չէին կանգնի, թեեւ 24 տարվա դաշնակցական եմ եղել:



Սա նախապես մշակված օպերացիա էր



«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյան 



- Ի՞նչ կատարվեց Բերձորում, Ձեր գնահատականը:



- Նախախորհրդարանի երթն ընդամենը իրազեկման ակցիա էր քաղաքացիների միավորման, ինչը նորմալ եմ դիտում: Արցախում 10 օր շարունակ տեղի էր ունենում այդ երթի «դեմոնիզացիան», հրեշի կերպարի ներկայացումը: Օգտագործելով Հանրային հեռուստատեսությունը, իշխանական կայքերը, կառավարությունից սնվող ՀԿ-ների, պետական կառույցների ներուժը, վարչական կառույցները: Լուրեր են տարածել, որ, իբր, գալիս են Մայդան սարքելու Արցախում, կարգուկանոնը փոխելու, երեւանցի զինծառայողներին վերցնել-տանելու: Այս «դեմոնիզացիային», որին մասնակցել են նաեւ խորհրդարանական ուժերը, հետեւել են վայրագ գործողություններ: Մի խոսքով, սա նախօրոք մշակված օպերացիա էր, բայց չէի մտածում, որ կարող էր այսքան դաժան լինել ամեն ինչ:



- Ովքե՞ր են պատասխանատու կատարվածի համար, ըստ Ձեզ:



- Դրա մեղավորը Բակո Սահակյանն է, Արցախի իշխանությունները, որոնք, բնականաբար, գործել են Սերժ Սարգսյանի հրահանգով: Ոստիկաններին, այնտեղ եկած քաղաքացիական անձանց ես համարում եմ զոհեր, այս համակարգի զոհեր: Այսինքն, բավական հեշտ է այստեղ քիչ մեդիականացված հասարակության մեջ նման մարդկանց կարծիքը մանիպուլյացիայի ենթարկել:



- Մարդիկ ինչպե՞ս ես վերաբերվում այս դեպքերին:



- Այս դեպքերից հետո ես խոսել եմ բազմաթիվ ոստիկանների եւ այնտեղ գնացած երիտասարդների հետ: Բոլորն ափսոսանք են հայտնում, հայհոյում են իշխանություններին եւ նշում են, որ «իրենց ռեխն են տվել», այսինքն, տարել եւ օգտագործել են:



- Ռեպորտաժում, որը ցուցադրեցին Արցախի հեռուստատեսությամբ, այնպես էր ներկայացված, իբր, ժողովուրդը դեմ էր Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խաղաղ ակցիային: Իրո՞ք այդպես է:



- Պետության կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն օգտագործել են, որպեսզի տարբեր քաղաքացիական անձանց բերեն այստեղ: Այդ ռեպորտաժում ելույթ ունեցողը վարչակազմի ղեկավարի տեղակալն էր, այսինքն, վարչական, իշխանական բոլոր լծակներն օգտագործել են կարծիք ստեղծելու, թե, իբր, ժողովուրդը դեմ է: Ժողովուրդն ընդհանրապես մինչեւ վերջ գաղափար էլ չուներ ոչ Հիմնադիր խորհրդարանի, ոչ էլ Նախախորհրդարանի մասին, եւ եթե երթ տեղի ունենար, մի հարսանիքի տպավորություն էր թողնելու, ուրիշ ոչինչ:



- Ինչո՞ւ էին իշխանություններն այսպիսի վտանգ տեսել խաղաղ երթից, Ձեր կարծիքով:



- Վտանգավորն այն էր, որ Սերժ Սարգսյանը բավականին ցավագին է տանում իր հասցեին Արցախում հնչած ցանկացած քննադատություն, եւ Արցախի իշխանության տարբեր օղակներ, իրար հերթ չտալով, որոշել էին հաճոյանալ Սերժ Սարգսյանին: