Ճոյտի ձերբակալության պատճառը նրա խայտառակ ֆիլմն է

Ճոյտի ձերբակալության պատճառը նրա խայտառակ ֆիլմն է

Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) ձերբակալությունը, այն էլ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նրա «փառահեղ» ֆիլմի 2 դիտումից անմիջապես հետո, կատարյալ անակնկալ էր բոլորի, այդ թվում նաեւ նրա ընկերների համար: Փետրվարի 2-ին՝ ձերբակալության օրը, ֆինանսների նախարարությունն անհասկանալի պարզաբանում տարածեց, թե, իբր, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրության համար, որը զուգորդվել է պետությանը խոշոր վնաս պատճառելով եւ առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելով: Սակայն նախկին պատգամավորի մերձավորները պնդում են, որ այս քրեական գործը նոր չի հարուցվել, որ Հակոբ Հակոբյանը սրա շրջանակներում վաղուց էր հարցաքննվում եւ բազմիցս: Խոսքն անցյալ տարվա պատմության մասին է, երբ ամռանը հարկայինը ստուգումներ անցկացրեց Ճոյտին պատկանող «Ուրախ եւ տխուր» ՍՊԸ-ում եւ բացահայտեց, որ գործարարը խուսափել է 400 մլն դրամից ավելի հարկային պարտավորություններից:



Սա նշանակում է, որ պետությանը հասցված վնասը կազմում է մոտ 1 մլն դոլար, բայց ինչո՞ւ են այս մասին հիմա հիշել եւ ձերբակալել ստուգումներից մեկ տարի անց: Հակոբ Հակոբյանի մտերիմներն այս հարցին հետեւյալ պատասխանն են տալիս. «Պատճառը Ճոյտի նկարած խայտառակ «Հիշողություն» ֆիլմն է եւ այն, որ նրան վերեւից հրահանգվել է հրաժարվել դրանից»: Պահանջը տրամաբանական էր: Պարզ է, որ 100-ամյակի բոլոր միջոցառումներից այս մեկը կվերածվեր անհարկի զվարճության ու հայերին ծաղրելու արարողության: Սակայն, մեր տեղեկություններով, Հակոբյանը չի ենթարկվել վերեւից եկող պահանջներին եւ չի հրաժարվել ֆիլմը լայն հանդիսատեսին ներկայացնելու մտադրությունից, քանի որ հույս ուներ մոտ 10 մլն դոլար վաստակել ֆիլմի ցուցադրությունից:



Ճոյտը պարզ բիզնես-հաշվարկ էր արել՝ 1 միլիոն հայ կվճարի 10-ական դոլար, եւ ինքը կհարստանա: Եվ սա միանգամայն ռեալ էր: Ասում են՝ Հակոբ Հակոբյանը նույնիսկ հայտարարել է, որ կկատարի բարձր ատյաններից եկող պահանջը միայն այն դեպքում, եթե փոխհատուցեն իր սպասվելիք եկամուտը՝ 10 միլիոն դոլարը: Հենց այս պատճառով էլ իրավապահները հանել են դարակից հարկային չվճարումների վերաբերյալ հին գործը: Ի դեպ, Հակոբ Հակոբյանին, որը ձերբակալությունից մի քանի օր առաջ էր այցելել մեր խմբագրություն, հարցրինք, թե ինչ ստեղծագործական ծրագրեր ունի ապագայում եւ մտադի՞ր է արդյոք նոր կինո նկարել: Նա պատասխանեց, որ վաղուց ծրագրել է ֆիլմ նկարահանել հոկտեմբերի 27-ի մասին, «թե ինչպես էին իրենց պահում պատգամավորներն ԱԺ դահլիճում»: Հարցին, թե իր՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դերն այդ ֆիլմում ով է կատարելու, նա պատասխանեց. «Դեռ չեմ որոշել»:



ՀԳ. Ինչպես հայտնի է, Ճոյտն իր ֆիլմը մտադիր էր ներկայացնել նաեւ Կաննի կինոփառատոնին, այնպես որ, Ցեղասպանության «խայտառակ» հակագովազդը դուրս էր գալու համաշխարհային ասպարեզ, պետական գլխացավանք դառնալով: Եթե մեկը մի վատ կինո է նկարել, Հայաստանում չկա ոչ մի ատյան, որ հայտարարի՝ սա վատ կինո է: Իսկ եթե վատ կինո նկարողն ԱԺ նախկին պատգամավոր է, ապա այս ֆիլմի կոմերցիոն հաջողությունն ապահովված է: Ի՞նչ անեն պետական մարմինները, որոնք ուզում են, որ սույն կինոն չստվերի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները: Պարզվում է՝ Ճոյտի կինոյի պրեմիերան, որը նշանակված է փետրվարի 10-ին, խափանելու միակ «օրինական» եղանակը նրա ձերբակալությունն է: Պետք է ենթադրել, որ «Հիշողություն» ֆիլմի հեղինակն այնքան ժամանակ կալանավայրում կլինի, քանի դեռ Ցեղասպանության միջոցառումները չեն ավարտվել: Մաքուր հայկական լուծում: