400 դոլարով այսօր մեկը մյուսին բարև էլ չեն տա

400 դոլարով այսօր մեկը մյուսին բարև էլ չեն տա

Ամանորի նախաշեմին ՀՀ նախագահը ներում շնորհեց ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, որին Արաբկիր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտել երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ դատապարտյալի սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար: Երկու տարի տեւեցին նախաքննությունն ու դատաքննությունը, որոնք բազմաթիվ մութ դրվագներ ունեն:



Օրինակ, որ վկան, որի ցուցմունքով կալանավորել էին Հովհաննիսյանին, մոտ 400-ից ավելի հեռախոսազրույց է ունեցել ՔԿՎ պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ, կամ, որ սպանության նախապատրաստության համար իբր տրված գումարն իրականում չի եղել: Դատարանն այս ամենը կարծես չէր նկատում եւ, ինչպես հաճախ է լինում, կարդաց դատավարության ընթացքի հետ որեւէ աղերս չունեցող դատավճիռ: Մութ կետերից էր նաեւ այն, որ, ունենալով բոլոր հիմքերը վերաքննիչ դիմելու համար, Սամվել Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց, ապա հետ վերցրեց բողոքը: Սրանից էլ սկսեցինք բացառիկ հարցազրույցը ՔԿՎ նախկին պետի հետ, ով, անշուշտ, այս երկրի «ամենատեղեկացված» մարդկանցից է:



- Դուք երկու տարի պայքարեցիք եւ մինչեւ վերջ չընդունեցիք Ձեր մեղքը: Ինչո՞ւ հրաժարվեցիք վերաքննիչ բողոքից:



- Երկու տարուց ավելի տեւեցին նախաքննությունը, դատաքննությունը եւ կարող է շատ ավելի երկար տեւեին, եթե ես իմ փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքից չհրաժարվեի: Ես դա արեցի, որովհետեւ արդեն հոգնել էի քննություններից, տեսնում էի, որ դրանց վերջը չի երեւում:



- Ձեզ, գուցե, խոստացել են, որ եթե հրաժարվեք բողոքից, ներո՞ւմ կստանաք:



- Ոչ, նման խնդիր կամ պայմանավորվածություն չի եղել: Ես շնորհակալ եմ հանրապետության նախագահից, որ հարգեց դիմումս եւ ինձ ներում շնորհեց: Ես շատ հակիրճ ներկայացրել էի գործը, գրել էի, որ ես այդ հանցագործությունը չեմ կատարել, այնուամենայնիվ, խնդրում եմ ինձ ներում շնորհել: Եվ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրեց, ու ներում շնորհեցին:



- Այսօր քրեակատարողական հիմնարկները բարեփոխման եզրին են, հասարակությունն սպասում է այդ բարեփոխմանը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անել, որ այդ համակարգը վերջապես սկսի համապատասխանել մեր ժամանակի ոգուն:



- ՔԿ համակարգում աշխատել եմ 1994 թվականից: Մինչեւ 2001 թվականը եղել եմ վարչության պետի առաջին տեղակալ, օպերատիվ աշխատանքներն եմ սպասարկել եւ 2001-2006-ը եղել եմ այդ ծառայության ղեկավարը: Բարեփոխումներ, իհարկե, եղել են: Նախկինի հետ համեմատության եզրեր չկան, բայց այս մակարդակը դեռ գոհացուցիչ չէ:



- Ինչպիսի՞ վիճակ էր կալանավայրում, երբ Դուք այնտեղ էիք:



- Նորմալ: Որեւէ խնդիր չի եղել:



- Ի՞նչ պետք է արվի, Ձեր կարծիքով, որ գոհացուցիչ մակարդակի լինեն կալանավայրերը:



- Պայմանները բարելավելու համար առաջնահերթ պետք է, որ այդ համակարգը լուրջ ֆինանսավորվի: Տեսեք, հասարակ բան. «Արմավիր» ՔԿՀ-ն 400 ազատազրկվածի համար է նախատեսված: Այն իմ օրոք էր դեռ սկսել կառուցվել՝ 2006 թվականին, եւ միայն այս տարի է ավարտվել շինարարությունը: Արդեն այնտեղ տանում են առաջին դատապարտյալներին: 9 տարի տեւեց 400 տեղանոց կալանավայրի շինարարությունը, եւ սա զուտ ֆինանսական միջոցների սղության հետեւանք է: Սա գալիս է երկրի ֆինանսական վիճակից: Մենք բոլորս հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը ծանր է, եւ ավելի կարեւոր նպատակներ կան գումարներն ուղղելու համար, սոցիալական ոլորտներ: Բայց մի բանում վստահ եմ, որ Օսիկյանի նշանակվելուց հետո դրական փոփոխություն կլինի: Ես նրան ճանաչում եմ: Նա շատ գրագետ, բանիմաց՝ ոչ թե ՔԿ ծառայության, այլ կյանքի առումով բանիմաց պաշտոնյա է եւ կփորձի ավելի դրական տեղաշարժ ապահովել:



- Նախկին ոստիկանները շարունակում են ղեկավարել քրեակատարողական ծառայությունը: Օսիկյանը գրագետ, ինտելեկտուալ մարդու իմիջ ունի, բայց ճի՞շտ է, արդյոք, որ համակարգը կրկին ոստիկանի դեմք ունի:



- Ես Օսիկյանին, կներեք, ոստիկան չեմ համարում: Նա կարճ է աշխատել ոստիկանական համակարգում, բայց մի բան էլ ասեմ. այդ համակարգում եւս կան պարկեշտ, գրագետ մարդիկ:



- Մոտեցումը չպե՞տք է փոխել, մի քիչ ավելի սոցիալական դարձնել կալանավայրերը, ոչ թե միայն օպերատիվ ծառայությանը զարկ տալ:



- Մոտեցումը նորմալ է: Սա արդեն 10 տարի առաջվա համակարգը չէ: Աշխատակիցների մոտ հարգանքի աստիճանը, վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ փոխվել է: Կալանավորներն այսօր իրենց ավելի ազատ են երբեմն զգում, քան աշխատողները:



- Անդրադառնանք Ձեր քրեական գործին: Ձեզ նաեւ խարդախության հոդվածով դատեցին, եւ այն վերաբերում էր այժմ արդեն սնանկ ճանաչված «Սամոշ» ՍՊԸ-ի կառուցած էլիտար շենքի բնակարանների վաճառքին: Ի՞նչ եղավ շենքի հետ:



- Սնանկացումից հետո, հատկապես այն շրջանում, երբ ինձ ձերբակալել էին, «Սամոշ» ՍՊԸ-ի հետ կապված չարաշահումներ տեղի ունեցան: Այս կապակցությամբ մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, հայտնել ենք, որ սնանկության գործով կառավարիչը չարաշահումներ է թույլ տվել: Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել կառավարչի գործողությունների հետ կապված, եւ այսօր էլ նախաքննությունն ընթանում է: Փորձաքննություն է նշանակվել: Հուսով եմ, որ մոտ ապագայում եզրակացությունը կլինի, եւ նախաքննական մարմինն իր ձեռքի տակ խոսուն թվեր կունենա:



- Բնակիչները, որոնք բնակարաններ էին գնել, ստացա՞ն իրենց բնակարանները կամ փողերը:



- Սնանկության գործընթացը դեռ ընթանում է: Գրեթե բոլոր այդ անձինք, ովքեր որ պայմանագիր էին կնքել ՍՊԸ-ի հետ, 99 տոկոսով իրենց բնակարաններն ստացել են: Մի քանի հոգի են մնում, որոնց կապակցությամբ ինձ նաեւ խարդախության հոդվածով դատեցին, ինչն անհիմն էր: Կրկնում եմ, որ ես՝ Սամվել Հովհաննիսյանս, այդ ժամանակահատվածում որեւէ իրավական առնչություն չեմ ունեցել «Սամոշ» ՍՊԸ-ի հետ: Ես «Սամոշ» ՍՊԸ-ի տնօրեն եմ դարձել այն ժամանակ, երբ ՍՊԸ-ն սնանկ էր, եւ ես առքուվաճառքի, գումարների, նյութականի հետ կապված ոչ մի գործարք չեմ կատարել: Պայմանագրերը կնքվել են տնօրենի հետ, ես չեմ ստորագրել պայմանագրերը, չնայած դատավճռում գրված է, որ իբր ես եմ կնքել: Բայց պայմանագրերը կան, փաստ են:



- Դատարանում ես հիշում եմ, որ այդ անձինք՝ բնակարանատերերը, գալիս ցուցմունք էին տալիս, որ Ձեզ չեն ճանաչում եւ Ձեզ հետ առնչություն չեն ունեցել: Այնուամենայնիվ, վերջում այդ հոդվածով դատարանը պատիժ նշանակեց: Ի՞նչն էր պատճառը, որ դատարանն այդպես էր վարվում:



- Չեմ կարող ասել: Չգիտեմ: Կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ ցանկանում:



- Դուք դատաքննության ընթացքում շատ ակտիվ էիք, կարելի է ասել, ինքներդ էիք Ձեզ պաշտպանում, թեեւ բազում պաշտպաններ ունեցաք: Հատկապես ի՞նչն է հիշվել այդ դատաքննությունից:



- Ինձ մեղադրում էին նաեւ սպանության նախապատրաստության համար: Օրենսգիրքը տալիս է, որ հանցագործության նախապատրաստություն է համարվում ինչ-որ միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը, պայմաններ ստեղծելը եւ այլն: Այսինքն, պետք է ապացուցվեր, որ ես ինչ-որ գործողություն եմ կատարել, ինչ-որ բանով նպաստում եմ սպանության նախապատրաստմանը: Քրեական գործում կար ընդամենը ցուցմունք, որ իբր ես մեկի միջոցով 400 դոլար գումար էի ուղարկել, որպեսզի նրանք նախապատրաստեին սպանություն: Դա աբսուրդ էր: 400 դոլարով այսօր մեկը մյուսին բարեւ էլ չի տա: Իհարկե, վերջում այդ մարդը, ում որ տվել էին այդ 400 դոլարը, եկավ դատարան եւ ասաց, որ իրեն որեւէ մեկը նման գումար չի տվել:



Գիտե՞ք ամենամեծ զավեշտը որն էր: Ես, ի վերջո, 21 տարեկանից աշխատել եմ իրավապահ մարմիններում, ունեցել եմ պարգեւներ, խրախուսանքներ, իհարկե, տույժ էլ եմ ունեցել: Ընդամենը երկու տույժ՝ 27 տարվա ընթացքում: Սպանության նախապատրաստության համար ամենաբարձր պատժաչափը 10 տարի է, եւ ինձ դատարանն իր դատավճռով այդ ամենախիստ պատժաչափը տվեց: Ինչո՞ւ: Նախկինում դատված չեմ եղել, արատավորված չեմ եղել, եւ այս ամենը նշված է դատավճռում, իմ վերաբերյալ հիվանդություններ կային նշված իմ բժշկական քարտերում, բայց վերջում, չգիտես ինչու, այս ամենը հաշվի չառնվեց եւ ամենաբարձր պատժաչափը տրվեց:



- Անընդհատ տպավորություն կար, որ ինչ-որ մարդիկ կանգնած էին դատավարության հետեւում, ովքե՞ր էին: Ինչո՞վ եւ ո՞ւմ համար էիք Դուք վտանգավոր՝ նախկին պաշտոնյա, որը վաղուց պետական համակարգում չէ:



- Ես չեմ կարող ասել դա. քանի որ չեմ ապացուցել, չեմ կարող ասել: Ես էլ իրենց չնմանվեմ, որ առանց ապացույցի ինչ-որ բաներ ասեմ: Ժամանակը կգտնի դրանց:



- Գաղտնալսումների եւ վերծանումների մասով հետաքրքիր բան կատարվեց: Դատարանը բավարարեց հեռախոսային վերծանումները հրապարակելու Ձեր միջնորդությունը, եւ պարզվեց, որ այն անձը, որի միջոցով, իբր պատվիրվել էր մյուսի սպանությունը, հարյուրավոր անգամներ խոսել է ՔԿՎ պետի տեղակալի հետ: Ինչպե՞ս սա գնահատեց դատարանը:



- Այո, այս հատվածում մի խայտառակ պատմություն պարզվեց: Ձեր նշած անձի եւ ԿՔՎ ղեկավարության կապը վերծանումներով երեւում էր, բայց դատարանն ուղղակի չանդրադարձավ դրան:



- Ինչո՞վ եք մտադիր զբաղվել: Որոշե՞լ եք:



- Ես իրավաբան եմ, ունեմ մասնագիտություն: Դա օպերատիվ աշխատանքն է: Ես կրթությամբ նաեւ տնտեսագետ եմ: Մեծ փորձ ունեմ: Կզբաղվեմ, կաշխատեմ: Պետական համակարգում, բնականաբար, չեմ կարող աշխատել, բայց, հավանաբար, կաշխատեմ մասնավոր կառույցներում, իմ փորձը կներդնեմ: