Պուտինը չի՞ տեսնում՝ ակնոցս տամ իրեն...

Պուտինը չի՞ տեսնում՝ ակնոցս տամ իրեն...

Մինչ երեկ երկու հիմնական լրատվական թեմաների` ռուս զինվորական Պերմյակովի գործով քննության եւ անցյալ շաբաթավերջին Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի վրա ղարաբաղցիների վայրագ հարձակման շուրջ զարգացումները Հայաստանում շարունակում էին զբաղեցնել մարդկանց, մնացյալ աշխարհում, գոնե ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ժամանակաշրջանի կտրվածքով, որոշիչ վերադասավորումներ կատարվեցին:



ՆԱՏՕ-ն առաջանում է արևելք և հարավ



Երեկ, ինչպես հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Հյուսիս-ատլանտյան դաշինքը ձեռնամուխ եղավ սառը պատերազմի ավարտից ի վեր իր ամենախոշոր ծրագրի իրականացմանն Արեւելյան Եվրոպայում: Խոսքը Readiness Action Plan-ի մասին է: Այն, ինչի մասին նախագահ Պուտինն «ահազանգում» էր իր ճառերում ու ասուլիսներում, հիմա կվիճակվի տեսնել իրականում: Ինչի՞ մասին էր ճառում Պուտինը, նրա, որ ՆԱՏՕ-ն առաջանում է դեպի Ռուսաստանի սահմաննե՞րը: Հիմա կարող է հանգիստ համարել, որ մինչ այժմ իր տեսածը կինոժուռնալ էր: Իրական առաջխաղացումն այսուհետ է լինելու: 



Երեկ Բրյուսելում հրավիրված ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը որոշվեց, որ Readiness Action Plan-ի շրջանակներում ՆԱՏՕ-ի Արձագանքման ուժերի (NATO Response Force) թվակազմը 13 հազարից հասցվում է 30 հազարի: Այդ թվակազմից 5 հազարը կլինեն Ավանգարդային ուժերը (Spearhead Force), որոնք կունենան բարձրագույն պատրաստվածություն եւ կկարողանան երկու օրում ցանկացած կետ տեղափոխվել ու ռազմական գործողություններում ներգրավվել:



Բացի դա, ինչպես դեռ անցյալ շաբաթ էր հայտնի դարձել, Արեւելյան Եվրոպայի վեց երկրներում տեղակայվում են հրամանատարական 40-50 հոգանոց զորաջոկատներ, որոնք պետք է կազմակերպեն իրենց տեղակայման երկրներում ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունները եւ համակարգեն ազգային բանակների փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կենտրոնական կառույցների հետ: Հրամանատարական կենտրոնները հաստատվելու են Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում: Երեկ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի խոսքից պարզ է դարձել, որ հաջորդ փուլով նույնպիսի հրամանատարական կենտրոններ հիմնվելու են նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցող հարավային երկրներում` թերեւս ISIS-ից եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքից, Հյուսիսային Աֆրիկայից եկող հնարավոր վտանգներին դիմակայելու համար:
Արդյունքում սպասելի է, որ մինչեւ տարեվերջ կունենանք ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարական կենտրոններ թե Հայաստանի արեւմտյան սահմանի մոտ, թե հյուսիսային:



Վերջին պահի ձեռքմեկնում



Բրյուսելի հանդիպումը որքան էլ առանցքային էր, այդուհանդերձ, երեկ Կիեւի գեոպոլիտիկ անցուդարձն էլ ստվերում չմնաց: Այստեղ գրեթե շրջադարձային պահ է, քանի որ ԱՄՆ-ն կարծես վերջապես հակվել է Կիեւին զինելուն: Ուկրաինական բանակին ժամանակակից զենք մատակարարելուն կողմ են արտահայտվում արդեն ոչ միայն ներկա ու ապագա Պենտագոնի ղեկավարները, ԿՀՎ-ն, պետքարտուղարությունը, այլեւ նախագահ Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, ով համարվել է Կիեւին զինելու ամենահամոզված ընդդիմախոսը: Խոսքը հակահրթիռային պաշտպանական միջոցների, թռչող սարքերի, հետախուզական համակարգերի տրամադրման մասին է՝ շուրջ մեկ միլիարդ դոլար արժողությամբ:



Երեկ պետքարտուղար Քերրին Կիեւում էր եւ հանդիպումներ ունեցավ նախագահ Պորոշենկոյի եւ վարչապետ Յացենյուկի հետ: Ի դեպ, հենց Յացենյուկին էլ պատկանում է հոդվածը վերնագրած ֆրազը: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հարց տրվեց Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության մասին: Յացենյուկը պատասխանեց. «Միակ երկիրը երկրագնդի վրա, որ չի տեսնում Ուկրաինայում գտնվող ռուսական զինուժը, Ռուսաստանն է եւ մասնավորապես նախագահ Պուտինը: Եթե տեսողության հետ խնդիր ունի, կարող եմ ակնոցս իրեն տրամադրել…»:



Այդուհանդերձ, չնայած սպասումներին եւ հանգամանքին, որ թե Պորոշենկոյի, թե Յացենյուկի հետ հանդիպումներում զենքի մատակարարման հարցն էր սեղանին, Քերրին խուսանավեց հրապարակավ հայտնելուց` ԱՄՆ-ն զենք կմատակարարի՞ Ուկրաինային, թե՞ ոչ: Առավելագույնը, ինչ Քերրին ասաց, ֆրազն էր. «Մենք դիվանագիտական կարգավորման կողմնակից ենք, բայց չենք կարող չտեսնելու տալ Ուկրաինայի սահմանը հատող ռուսական տանկերը»: Նման կեցվածքը հասկանալի դարձավ, երբ Քերիից մի քանի ժամ հետո Կիեւ մեկնեցին նաեւ Գերմանիայի կանցլերը եւ Ֆրանսիայի նախագահը: Նրանք տանում էին խաղաղության հաստատման առաջարկ, որը հաջորդ օրը ներկայացնելու են նաեւ ՌԴ նախագահին: Որքան էլ ասվի «առաջարկ», իրականում ամենքն էլ գիտակցում են, որ ըստ էության Պուտինը լսելու է Եվրոպայի վերջնագիրը: Պուտինին վերջին անգամ կխնդրեն կողմնորոշվել, մինչեւ Ուկրաինային զենքի մատակարարումներ սկսելը: Որովհետեւ կասկած չկա, որ սկսելուց հետո ԱՄՆ-ի օրինակին կհետեւեն G7-ի, ԵՄ-ի այլ երկրներ: Ավելի վաղ Ստոլտենբերգն էլ հայտարարել էր, որ յուրաքանչյուր երկիր մատակարարումների հարցը կորոշի անհատապես:



Թե ինչով կավարտվի Օլանդի եւ Մերկելի վերջին պահի դիվանագիտությունը, կերեւա հաջորդ շաբաթ: Ամեն դեպքում, որոշումները թե զենքի մատակարարման, թե տնտեսական նոր պատժամիջոցների մասին կայացվելու են մինչեւ փետրվարի 12-ին գումարվող ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որպեսզի 12-ին արդեն հաստատվեն: