Արձանագրենք` Գալուստ Սահակյանը ծանոթ է Գագիկ Ծառուկյանի ելույթին

Արձանագրենք` Գալուստ Սահակյանը ծանոթ է Գագիկ Ծառուկյանի ելույթին

Գագիկ Ծառուկյանի ելույթը ջարդելը մեկ-երկու հաշվի գործ է: Վստահ եմ` Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե ծանոթ է այդ ելույթին, մտքում արդեն ջարդել, վերլուծել, մի կողմ է դրել այն, որպես քաղաքական խլամ: Եվ ոչ միայն այդ ելույթը: Նույն քաղաքական խլամի նմուշներ են թե Նաիրա Զոհրաբյանի ակնարկախառն-ենթատեքստային երկչոտ հարձակումները, թե Անդրանիկ Թևանյանի` անկապ որակումներով ու սխալ համեմատություններով առանձնացող այսպես ասենք` խոցումները: Կարճ ` համարյա հիասթափված եմ, որ այսքան սպասումներից հետո, մարդկանց այդպիսի քաղքական խլամ է մատուցվում: Այդ մասին չէ, սակայն, որ ուզում եմ խոսել:



Այսօր հանկարծ նկատեցի, որ Գագիկ Ծառուկյանի ելույթին փորձել է գնահատական տալ ոչ այլ ոք, քան ինքը` Գալուստ Սահակյանը: Եզակի դեպք հայ քաղաքական կյանքում: Գալուստ Սահակյանը մի քանի ժամ անց, պարզվում է, արդեն ծանոթ է ԲՀԿ առաջնորդի զեկույցին: Եթե հիշում եք` Գալուստ Գրիգորիչը Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությանը հասցրել էր ծանոթանալ մի քանի օր անց, իսկ այս դեպքում… Ռեկորդ` ուրիշ բառով չես բնորոշի պարոն Սահակյանի փութաջանությունը:



Ի՞նչ է ասում Գալուստ Սահակյանը: Նա ասում է. ՙՆման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին՚: Գրիգորիչը նկատի ունի այն, որ Ծառուկյանը մի կողմից պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել, իսկ մյուս կողմից պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների և այլն: Գալուստ Սահակյանը նույնիսկ ՙսպառնացել է՚, որ ԲՀԿ առաջնորդի այս ելույթը քննարկելու են ՀՀԿ ԳՄ նիստում և քաղաքական գնահատական են հնչեցնելու: Մեզ տարօրինակ թվաց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է քննարկել մի բան, որ, ինչպես Գրիգորիչն է ասել, ՙայնքան անտրամաբանական է, որ նույնիսկ զվարճալի չէ՚: Այդ դեպքում ՀՀԿ ԳՄ-ն չափազանց շատ գործ ունի անելու, պարոն Սահակյան, որովհետև 2008-ից այսկողմ այնքան անտրամաբանական գործեր է արել, որոնց միայն թվարկումը թերթային հեկտարներ կբռնի:



Այդուհանդերձ, մենք դեմ չենք լինի, որ ՀՀԿ ԳՄ-ն իր առաջիկա նիստերից մեկում իրոք անդրադառնա Գագիկ Ծառուկյանի ելույթին, բայց ոչ ընտրողաբար և ոչ միայն հակասությունների տեսանկյունից: Այ, օրինակ, հետաքրքիր է իմանալ` ՀՀԿ ԳՄ-ն ի՞նչ է մտածում Ծառուկյանի ելույթի հետևյալ հատվածի մասին. ՙ… ես կուզեի հիշեցնել մեկ օրինակ՝ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Ինչպես հայտնի է, ընդամենը մեկ տարի առաջ իշխանություններն այն անվանեցին պատմական բարեփոխումներ: Իսկ ես իմ ելույթում՝ ԲՀԿ համագումարի ժամանակ, նշեցի, որ այն հակասոցիալական և հակամարդկային բնույթ ունի և զուրկ է առողջ տնտեսական հաշվարկից: Եվ ահա, ընդամենը մեկ տարվա ընթացքում, դրամն արժեզրկվել է արդեն 15 տոկոսով, այսինքն` նույն 15 տոկոսով արժեզրկվել են տասնյակ հազարավոր մարդկանցից գանձված գումարները՚: Հուսամ` սա այնքան անտրամաբանական չէ, որ Գալուստ Սահակյանը չկարողանա զվարճանալ իր կուսակցության պարտադրած օրենքի վրա:



Կարող եմ մեկ այլ օրինակ բերել: Գագիկ Ծառուկյանն իր ելույթում, ճիշտ է, չնշելով, թե ինչպես կվարվի ինքը, եթե ընտրություններում 90 տոկոս խփի, հայտարարել է, որ մենիշխանությանունը, ռեսուրսների և լծակների կենտրոնացումը մեկ ուժի ձեռում լավ բանի չի հանգեցնի: Ոչինչ, որ այս մասին Դաշնակցությունն արդեն տասնյակ տարիներ է, ինչ խոսում է: Այսօր Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի առաջ պահանջ է դնում` հրաժարվել մենիշխանությունից: ՀՀԿ ԳՄ-ն պատրա՞ստ է քննարկել այս պահանջը:



Անձամբ ես Գալուստ Սահակյանի նման միանշանակ չեմ ընկալել Գագիկ Ծառուկյանի ելույթը: Ճիշտ է, այդ ելույթը շեդևր չէ (նա ավելի լավ ելույթներ է ունեցել), բայց, ինչպես Խորենացին կասեր, այս ելույթում էլ գրի ու հիշատակության արժանի բաներ կան:



Գագիկ Ծառուկյանն իր այս ելույթում ասում է` պետք է կոտրել արատավոր ընտրական մեխանիզմները, ապա ավելացնում` մենք դրա համար ունենք թե մարդկային ռեսուրս և թե փող: ԲՀԿ առաջնորդի այս միտքը չափազանց հետաքրքիր է այն առումով, որ արատավոր ընտրական համակագը կոտրել ասելով` նա նկատի ունի ոչ թե օրենքով ու սահմանադրությամբ արվելիք գործ, այլ ինչ-որ բան բուլդոզերով, էքսկավատորով ջարդելու պրոցես, իսկ փողի մասին հիշեցումն էլ նպատակ ունի ՀՀԿ-ականներին հասկացնելու, որ հարկ եղած դեպքում փողի դեմ կդրվի փող: Մեր կարծիքով` Ծառուկյանի այս միտքը պետք է որ անտրամաբանական չթվա ՀՀԿ-ին, եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, ԲՀԿ-ին տեսնում է իրեն արժանի հակառակորդի դերում, այնպիսի հակառակորդի, որի այսպես կոչված ՙանտրամաբանական՚ հայտարարություններին պատրաստվում են քաղաքական գնահատականներ տալ: