Բարձրաստիճան ուժայիննրին դատարանը «մաքրել» է կոռուպցիայից

Բարձրաստիճան ուժայիննրին դատարանը «մաքրել» է կոռուպցիայից

Երեկ «Մեդիա կենտրոնում» իրավապաշտպաններն ու իրավապահները զրուցում էին «Մարդու իրավունքները՝ զինված ուժերում» թեմայով: Ներկա էին նաեւ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կենտրոնական զինվորական դատախազության ներկայացուցիչը, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մի մոռացված կոռուպցիոն պատմություն հիշատակեց, որը զրույցի ամենատպավորիչ հատվածն էր:



ԳՐԵՑԻՆՔ ԵՎ ՄՈՌԱՑԱՆՔ



2012 թվականին ԶԼՄ-ներում, այդ թվում՝ մեր թերթում, թռուցիկ լուր հայտնվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանի կալանավորման մասին: Նրան մեղադրել էին զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի մեջ: Հրապարակումներում նշվում էր, որ Գաբրիելյանը վաճառել է մեծ քանակությամբ փամփուշտներ: Գրվեց նաեւ ՊՆ ինչ-որ անհայտ պաշտոնյայի մասին, որն առնչվել է հանցագործությանը: Սակայն եւ նա, եւ Գելը մնացին անպատիժ: Իսկ Գաբրիելյանի տեղակալի՝ Վանիկ Մանուկյանի մասով գործը գնաց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թե ինչ եղավ հետո, մութ է: ԶԼՄ-ները մոռացան թեման, իսկ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գործը քննեց փակ եւ արագացված կարգով: Օրերս իրավապաշտպանների օգնությամբ մեր ձեռքում հայտնվեցին երեք տարվա վաղեմության դատաքննության նյութերը:



3 ՏԱՍՆՅԱԿ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ ՈՒ ԿԱՐՃՎԵՑ



Ըստ դատավճռի, խոսքը ոչ թե մեծաքանակ փամփուշտների ապօրինի վաճառքի մասին է, այլ մի ամբողջ զինանոցի, իսկ ներգրավված անձինք եղել են մոտ 3 տասնյակ՝ բոլորը ՊՆ եւ ներքին զորքերի պաշտոնատար անձինք: Նրանց մի մասը մինչ օրս պաշտոնավարում է: 2012 թվականի այս դատաքննության նյութերում նշված անունների ցուցակը տպավորիչ է. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյան, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյան, Պնախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյան, նույն դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ Սերոբ Աբրահամյան եւ բաժնի պետ Արամ Սուքիասյան, ՀՀ ՈԶ հրամանատարի թիկունքի գծով նախկին տեղակալ Արա Մալխասյան, ՀՀ ՈԶ այլ նախկին եւ ներկա ղեկավար աշխատակիցներ, ՊՆ N զորամասի սպառազինության եւ ռազմատեխնիկական ունեցվածքի պահպանության բաժնի պահեստի նախկին պետ Մհեր Իսկանդարյան, զորամասի հրաձգային սպառազինության պահպանման բաժնի պետ Հայկ Թաթարյան, ֆինանսական բաժնի պետ Հրաչ Զաքարյան, ԶՈՒ սպառազինության վարչության ծառայության պետի նախկին տեղակալ Հովիկ Կարապետյան, հաշվառման բաժնի պետի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամով եւ այլք: 5 ամիս քննություն իրականացնելուց հետո ՀՔԾ-ն 3 տասնյակ պաշտոնյաների ուղղակի «մաքրել է»՝ նախ տարբեր հոդվածներով քրգործեր է հարուցել, ապա հանցակազմի բացակայությամբ կարճել դրանք: Միակ մեղավորը վերջում մնացել է Գելի տեղակալը՝ Վանիկ Մանուկյանը:



ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՄԻ ԱՐՍԵՆԱԼ ԶԵՆՔ ԵՆ ԻՐԱՑՐԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ



Դատաքննությունը մեկ ամիս էլ չի տեւել: Գործը լսվել է դռնփակ, ընդամենը երեք փակ նիստով: Վանիկ Մանուկյանը խնդրել է արագացված դատաքննություն անցկացնել, իր վրա վերցնելով բոլոր մեղքերը: Ի վերջո, նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման եւ ընդամենը 1,5 մլն դրամ տուգանք է վճարել: Եվ ահա թե ինչ «զինանոցի» ապօրինի վաճառքի համար է նա մեղադրվել. ՈԶ ավտոզրահատանկային ծառայության պահեստից 10 անվադող, հակատանկային կառավարվող հրթիռային համալիրի երկու կայանք, ՀՀ ՈԶ հաշվեկշռից դուրս գրված «ԲՏՌ-152» եւ «ԲՏՌ-60ՊԲ» տեսակի զրահամեքենաների իրաններ, ռազմամթերք հանդիսացող «ՊԳ-7» մոդելի 88 արկ, «ՊԳ-7 իներտ» մոդելի 44 արկ, «ՎՈԳ-17» մոդելի 444 արկ, 14.5 մմ տրամաչափի 9040 փամփուշտ եւ 12.7մմ տրամաչափի 560 փամփուշտ, «Ֆագոտ 9Մ113» եւ «Ֆագոտ 9Մ111» տեսակի հակատանկային կառավարվող երկու հրթիռ, 5 սվին-դանակ, 6 կարճ էլեկտրապարպիչ, «ը12» մոդելի 1 հեռադիտակ եւ «իՀՁ-457» մոդելի 1 դիտախողովակ, խոշոր չափերով ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակի 560 մարտական փամփուշտ եւ 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակի 84 մարտական փամփուշտ: Նաեւ քննությամբ չպարզված աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող՝ 1931թ. ԽՍՀՄ գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի, «66026» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի «ՊՄ» եւ «ԱՊՍ» ատրճանակների համար նախատեսված 1280 մարտական փամփուշտ:



ՎԱՆԻԿԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՍՆՅԱԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ



Սույն «Շվարցենեգերը» 71 կեղծ ակտ է հանձնել ՊՆ եւ ՈԶ պաշտոնյաներին, որոնք դատաքննության ընթացքում ներկայացվել են որպես «մոլորության մեջ գտնվողներ»: «Այս բոլոր մոլորյալներից միայն մեկն է մեղադրյալ ճանաչվել՝ սպառազինությունների ապօրինի իրացման համար,- մեկնաբանում է Արթուր Սաքունցը, հիշատակելով առավել հայտնի «մոլորյալներին»՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյան, ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյան, ՀՀ Պնախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամով եւ այլն:- Ըստ քրեական գործի նյութերի, մեկ հոգի կարողացել է այսքան սպառազինություն դուրս հանել ՀՀ սահմանից: Այս ծավալի հանցագործությունը չէր կարող իրականացնել մեկ անձ: Այն, որ դատական նիստը փակ եւ արագացված են արել, որ դատավճիռը չի բողոքարկվել, որ մեկ հոգու նկատմամբ են մեղադրանք առաջադրել, խոսում է այն մասին, որ ի սկզբանե գործը տարել են կոծկման ճանապարհով: Անմիջական մեղադրանքն ուղղում եմ գլխավոր դատախազին: Ելնելով դատավճռով ներկայացված օբյեկտիվ տվյալներից, դատախազությունը պետք է միջնորդի կամ իր նախաձեռնությամբ նորից քրեական գործ հարուցի արդարադատության մարմնի նկատմամբ: Ոչ միայն դատավորի, այլեւ մեղադրող դատախազի, որն զբաղվել է հնարավոր կասկածյալների արարքները կոծկելով: Բացի այդ, նյութերում գրում են, որ զենքն իրացվել է Վրաստանում: Ով է այն գնել, ումից են գումարն ստացել՝ սա չի բացահայտվում: Գնորդի մասին խոսք չկա: Քանի որ այս ամբողջ զենքի արսենալն իրացվել է ՀՀ տարածքից դուրս, պետք է մաքսային եւ սահմանապահ ծառայությունների հետ կապված քննություն իրականացվեր: Հաշվի առնելով քրեական գործի սկզբում կասկածյալների մեծ թիվը, պետք էր խոսվեր կազմակերպված հանցավորության մասին, ոչ թե ամբողջը «կոտրել» մեկ անձի վրա: Այստեղ կոռուպցիոն հանցագործություն է իրականացվել, պետության շահերին մեծ վնաս է հասցվել: Գլխավոր դատախազը պետք է գործը վերաբացի: Եթե սա չի անում, ուրեմն շարունակում է պարտակել»: