Իշխան Զաքարյանը, պարզապես, սափրված չէր այդ օրը

Իշխան Զաքարյանը, պարզապես, սափրված չէր այդ օրը

Ես զարմանում եմ` իրո՞ք Նաիրա Զոհրաբյանը չգիտի, թե ով կամ ովքեր Իշխան Զաքարյանին թույլ չեն տվել գալ խորհրդարան եւ ներկայացնել իր ղեկավարած (՞՞՞) կառույցի հաշվետվությունը: Նիկոլի վրա էլ եմ զարմանում եւ մյուսների վրա էլ, ովքեր նախապես հարցեր էին պատրաստել Իշխան Զաքարյանին ուղղելու, եւ, այ քեզ անհաջողություն, Իշխան Զաքարյանը չի գալիս: Փաստորեն, կամ իրոք գլխի չեն ընկնում, թե ինչու Իշխան Զաքարյանը չեկավ, կամ էլ գլխի են ընկնում, բայց քաղաքական կապիկությամբ են զբաղված ու չեն տալիս այն մարդու անունը, ով Իշխան Զաքարյանին չի թողել գալ խորհրդարան:



Դիցուք` Նաիրա Զոհրաբյանն սպառնացել է, որ ԲՀԿ խմբակցությունը Վերահսկիչ պալատի նախագահին կհրավիրի խմբակցության սենյակ եւ նրանից կկորզի չներկայանալու հետ կապված ողջ ճշմարտությունը: Ես մի քիչ կասկածում եմ, որ ԲՀԿ-ն կանի այդ բանը, եւ ավելի շատ կասկածում եմ, որ Իշխան Զաքարյանն անկեղծ հաշվետվություն կտա ԲՀԿ-ին, թե ինչու չի եկել: Եվ իմ կասկածները պայմանավորված են ոչ թե ԲՀԿ-ի թուլության կամ Իշխան Զաքարյանի խորամանկ անձնավորություն լինելու անձնական ընկալումներով, այլ մեր պետության այս ամոթալի եւ խայտառակ վիճակով:



Մենք Վերահսկիչ պալատի նախորդ աղմկահարույց հաշվետվությունից հետո պետք է արդեն սերտած լինեինք, որ այդ կառույցի գործունեության հետ կապված հարցերը, մեծ հաշվով, Իշխան Զաքարյանը չի լուծում, այլ նրա անմիջական ղեկավարը, որին կից էլ գործում է այդ կառույցը: Ինչքան էլ չուզենանք անուններ տալ, միեւնույն է, այդ մարդը Սերժ Սարգսյանն է, ով նախորդ անգամ Իշխան Զաքարյանին, առանց որեւէ ենթատեքստի, բանավոր կերպով կարգադրեց` հոպ, Իշխան, դու ձեր տանը չես: Իսկ Իշխան Զաքարյանը, եթե հիշում եք, էքստազի մեջ ընկած՝ արդեն կոռուպցիայի մեջ թաղված մարդկանց անուններ էր սկսել տալ, ինչն էլ կանխեց Սերժ Սարգսյանը:



Հիմա Նաիրա Զոհրաբյանը, քաղաքականապես կույս ներկայանալով, հռետորական հարց է հնչեցնում` այն ո՞վ չթողեց, որ Իշխան Զաքարյանը գա խորհրդարան: Ե՞ս պետք է մեր պառլամենտի սոխակին բացատրեմ, թե ով չթողեց: Սերժ Սարգսյանը չթողեց, հասկանո՞ւմ եք, Սերժ Սարգսյանը: Իսկ այս ծիծաղելի դրվագն էլ ոչ թե պետք է ընդունեք որպես խաղ Իշխան Զաքարյանի գլխին, այլ ձեր գլխին, հարգելի երեսփոխաններ, խաղ, որով նախագահը եւս մեկ անգամ հասկացրեց, որ այնպիսի համակարգերը, ինչպիսին կա նաեւ Հայաստանում, ամենեւին կարիք չունեն հաշվետվություններ տալու խորհրդարաններին: Այդ համակարգերը Վերահսկիչ պալատի գործունեությունն անգամ ծառայեցնում են համակարգի շահերին եւ ոչ երբեք ժողովրդի, ինչպես սխալմամբ կարծում ենք մենք: Կարեւորն այն է, որ համակարգից (օբշչագից) գողացող չլինի: Ու երբ Իշխան Զաքարյանն սկսում է օբշչագի անուններ տալ` համակարգն ընդվզում է, զայրանում, նույնիսկ թույլ չի տալիս, որ Վերահսկիչ պալատի նախագահը շփվի օբշչագից դուրս գոյություն ունեցող այնպիսի շերտի հետ, ինչպիսին ԱԺ պատգամավորների շերտն է:



Խորհրդարանական մոդելի դեպքում Վերահսկիչ պալատը կից կլինի ոչ թե նախագահին, այլ խորհրդարանին: Ես կարծում եմ` դա այդպես էլ կլինի, եթե Հայաստանում Սահմանադրություն փոխվի եւ վերացվի նախագահի մենիշխանությունը: Սակայն այն ուժերը, ովքեր ուղղակի սգում են Իշխան Զաքարյանի խորհրդարան չգալու փաստը, պայքարում են, որ Սահմանադրությունը չփոխվի: Կատարյալ ցիրկ է, եթե չասենք` կրկես: Ի՞նչ երաշխիք ունեն այդ ուժերը, որ եթե նախագահն իրենցից լինի, Վերահսկիչ պալատի նախագահը կգա խորհրդարան ու կմերկացնի նոր իշխանությունների կեղտը: Դա նոնսենս է: Իրենք էլ կունենան իրենց Վերահսկիչ պալատը, որին կթույլատրվի վերահսկել այնքան, որքան պետք է: Իսկ դրանից այնկողմ անցնելու դեպքում իրենք էլ իրենց Իշխան Զաքարյանին կասեն` հոպ, Իշխան, դու ձեր տանը չես: Ասել է թե՝ հակաբարեփոխչական այս ողջ քարոզը միտված է մեկ նպատակի` թույլ չտալ փոփոխություններ, որ իրենք գան եւ շարունակեն իշխել նույն պաթոսով, ինչ իրենց նախորդները: Իսկ որ ժողովուրդն է տուժելու այդ ամենից, որ երկիրն է մնալու կիսամիապետական համակարգի ճիրաններում, դա, ավաղ, քչերին է մտահոգում:



Ով հետեւում է հակաբարեփոխիչների մամուլին, երեւի նկատել է, որ արդեն իսկ հայտարարում են, որ քաղաքական ուժերի եւ ժողովրդի մեծամասնությունն իրենց գաղափարն է պաշտպանում, այն է` Սահմանադրությունը թողնել անփոփոխ: Սա կեղծ է այնքանով, որքանով կեղծ է նաեւ Նաիրա Զոհրաբյանի զարմանքը, թե այդ ո՞վ կամ ովքե՞ր Իշխան Զաքարյանին չթողեցին գալ խորհրդարան: Դժվար է, առհասարակ, պատկերացնել որեւէ քաղաքական ուժ, որ կարողանա ապացուցել նախագահական համակարգի առավելությունները խորհրդարանական կառավարման համակարգի նկատմամբ: Այլ բան է, եթե իրավիճակն է ստիպում ունենալ հենց նախագահական համակարգ, եւ կամ տվյալ երկիրը ժողովրդավարության տեսանկյունից արդեն այնքան է առաջացած, որ նրա համար նշանակություն չունի, թե ինչպիսին կլինի կառավարման համակարգը: Ուկրաինայի մեծագույն սխալը Յանուկովիչին փախուստի մատնելուց հետո նախագահական համակարգի պահպանումն էր: Նրանք պարտավոր էին, Վրաստանի օրինակով, անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, ինչից հետո թե Ռուսաստանի եւ թե Արեւմուտքի հետ հարցերը կկարգավորվեին բոլորովին այլ տեղում` խորհրդարանում, եւ ոչ թե Պորոշենկոյի հետ մասնավոր զրույցներում: