Բերձորը` ինչպես որ կա

Բերձորը` ինչպես որ կա

«Բերձորում քչերն են վեր կանգնում օրվա ապրուստի խնդրից» վերնագրով մեր հրապարակումը, որում անդրադարձել էինք ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման պրոբլեմներին, վարչական այս շրջանում տիրող սոցիալական եւ բարոյահոգեբանական ծանր իրավիճակին, անսպասելիորեն մեծ ռեզոնանս առաջացրեց: Երեկ մեզ զանգահարում էին Բերձորի նախկին բնակիչներ եւ տպավորություններն էին կիսում, նաեւ դժգոհում էին վարչակազմի ներկայիս ղեկավար Սուրեն Խաչատրյանից: «Նա Սյունիքի մարզպետի իսկական քսերոքսն է»,- մեզ ասաց զանգահարող Կոնստանտին Արզաքանյանը, որը 2007-2012թթ. ապրել էր Քաշաթաղի շրջանում, ապա, կյանքի անտանելի պայմաններին չհարմարվելով, վերադարձել Երեւան: «Ես չեմ զարմանում, որ բռնության դեպքերը տեղի են ունեցել հենց Բերձորում: Սա հասկանալի է:



Սուրեն Խաչատրյանը, որը Բերձորի վարչակազմի ղեկավարն է, Բերձորը դարձրել է իր ֆազենդան, ինչ ուզում՝ անում է, իսկ այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվում են իր հրահանգները կատարել, սկսում է զզվեցնել, այնպես անել, որ նրանք թողնեն եւ հեռանան, կարող է նույնիսկ գործ սարքել նրանց վրա»: Նախկին բերձորցին, որը դպրոցում կենսաբանության եւ քիմիայի ուսուցիչ է աշխատել, պատմեց, որ ընտրությունների ժամանակ չի ենթարկվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա «տղաների» հրահանգներին, ընտրել է, ում ցանկացել է, եւ այդ պատճառով վերջիններս իր համար «քաղցր կյանք» են ապահովել. «Երեխաներիս ծեծել էին տալիս: Ինձ հող չէին հատկացնում՝ դիտավորյալ: Հիմա էլ զոքանչիս են այնտեղ ճնշում: Մեղվանոց ունեի, գողություն էին անում մեղվանոցիցս, անասնագոմիս դռներն էին ջարդում: Արբանյակային անտենաս էին նույնիսկ մի անգամ պոկել, գետնին նետել, իսկ երբ բողոքում էի մարզպետին՝ Խաչատրյանին, նա ինձ չէր ընդունում: Նրա շեստյորկեքն են ոստիկանության աշխատողները, թաղայինը, գյուղապետերը»: Նա պատմեց, որ երբ իր անասնագոմի դռներն են ջարդել, գնացել է գյուղապետի մոտ՝ Պողոսյան Քաջիկի: Հարցրել է՝ ինչո՞ւ եք անում: Վերջինս պատասխանել է. «Որ զզվես՝ գնաս»: Ի դեպ, Պողոսյան Քաջիկը հայաստանցի է:



Ընդհանրապես, Բերձորը հիմնականում հայաստանցիներով է բնակեցված: Քաշաթաղում լավով են հիշում Բերձորի վարչակազմի նախկին ղեկավարներին՝ Կամո Մարտիրոսյանին, Էռնեստ Ղեւոնդյանին, որոնց օրոք անօրինականություններ չէին կատարվում: Էռնեստ Ղեւոնդյանի մասին պատմում են, որ նա «ոչ ինքն էր ուտում, ոչ ուրիշներին էր թողնում, որ ուտեն»: Ահա թե ինչու չթողեցին, որ երկար աշխատի: