Ինչո՞ւ է լռում ՀՀԿ-ն

Ինչո՞ւ է լռում ՀՀԿ-ն

Արդեն երկու օր է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Կասեցում» հասարակական շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները, ինչպես նաև հիվանդանոցից ստացվող լուրերը կայքերի գլխավոր էջերից չեն իջնում: Ոստիկանությունից միայն ասել են, որ քրեական գործի համար նյութեր են նախապատրաստվում: Փոխարենը՝ հայտարարությամբ են հանդես եկել ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», որոնք, դատապարտելով տեղի ունեցածը, պահանջել են բացահայտել մեղավորներին:



Ահա, այս իրավիճակում, երկրի քաղաքական իշխանությունը այնպես է լռում, որ հանրային մակարդակում տպավորություն է ստեղծվում, թե նրա մատը հաստատ խառն է այս ամենի մեջ: Չեն խոսում ՀՀԿ դեմքերը (հենց նրանք են մեր քաղաքական իշխանությունը), տարօրինակ լռություն է Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի նման առաջամարտիկների ֆեյսբուքյան տարածքներում: Ըստերևույթին պատասխան չունեն: Իսկ որոշ լրատվամիջոցներ արդեն հստակ զուգահեռներ են տանում Արամ Մանուկյանի հետ տեսած հաշվեհարդարի (դաստիարակչական ապտա՞կ) և Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելու միջև, հաստատ համոզմունք հայտնելով, որ այս ծեծը կապված է Արտակ Խաչատրյանի քաղաքական և հասարակական գործունեության հետ:



Ի՞նչ կանի ոստիկանությունը, կբացահայտի՞ մեղավորներին, պատասխանատվության կենթարկվե՞ն, արդյոք մարդիկ, ովքեր վեց ժամ շարունակ դաժանաբար ծեծել են Արտակին: Այս ամենն, իհարկե, ոստիկանության պատվի գործն է ու պարտականությունը: Եթե դա պետք է անել լուռ, թող անեն լուռ: Բայց ի՞նչ է նշանակում երկրի քաղաքական իշխանության լռությունը, երբ իրեն բացահայտ մեղադրում են բառիս բուն իմաստով քստմնելի արարքի մեջ: Այդ լռությունը, մեր կարծիքով, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Կարող են, չէ՞, հերքել իրենց մասնակցությունը կամ դատապարտել տեղի ունեցածը: Այս պահին չկա ոչ մեկը և ոչ էլ մյուսը:



Չի բացառվում, իհարկե, որ Արտակ Խաչատրյանի թիկունքին կանգնած քաղաքական ուժերը չափից շատ են ջանք թափում տեղի ունեցածը կապելու քաղաքականության և երկրի քաղաքական իշխանությունների հետ: Բայց նույնիսկ այդ դեպքում, լռությունը քաղաքական իշխանության համար լավագույն պաշտպանությունը չէ:



Այսպիսի կարծիք կա՝ ենթադրենք իշխանությունները հերքեն իրենց մասնակցությունը, ո՞վ կհավատա: Կարծում ենք՝ շատերը կհավատան, եթե, իհարկե, ինչպես Արամ Մանուկյանի ժամանակ եղավ, այս անգամ էլ չասեն, որ գանգստերների խումբ է եկել Ռուսասաստանից՝ Արտակ Խաչատրյանին դաստիարակչական ծեծի ենթարկելու համար: