ՊՆ մամլո խոսնակը նախաքննության գաղտնի՞ք է հրապարակում

ՊՆ մամլո խոսնակը նախաքննության գաղտնի՞ք է հրապարակում

Հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կատարված զարհուրելի սպանության մասին խոսում են ամենուրեք: Հանրային հետաքրքրությունն այնքան մեծ է, որ դժվար է սուտն ու ճիշտը տարբերել: Պատմում են, որ տղային կտտանքների են ենթարկել եւ նույնիսկ փորձել պատուհանից ցած նետել, բայց նա կենդանի է մնացել: Տեսնելով, որ կենդանի է, կտրել են երակները: Մեր տեղեկություններով, Հայկազ Բարսեղյանը դեպքից առաջ մահվան կանխազգացում է ունեցել: Երեկոյան, երբ շորերը հանելիս է եղել, իր հետ նույն սենյակում գիշերող ծառայակիցներին ասել է, որ այլեւս դրանք չի հագնելու, որ գիշերն այնպիսի բան է կատարվելու, որ ինքն այլեւս այստեղ կարող է չլինել: Առավոտյան վերկացից հետո նրա ննջարանում արյուն են տեսել: Սկսել են փնտրել տղային: Նրա մարմինը մարզահրապարակի պտտաձողից կախված վիճակում հայտնաբերել են կուրսանտները: Նա կախված է եղել բաճկոնի եւ կոշիկների քուղերից պատրաստված պարանով:



Սպանության ենթադրյալ կատարողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թեւոսյանը եւ Նորիկ Սահակյանը, կալանավորված են եւ մեղադրվում են խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանության մեջ: Փաստաբան Հովիկ Արսենյանն ասում է, որ նրանց թույլ չեն տվել ցուցմունքներ տալ նախաքննության մարմնին, որ նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: Այս մասին հայտնել է կալանավորվածներից մեկը՝ Նորիկ Սահակյանը: «Ես ոստիկանությունում ասեցի, որ ալիբի ունեմ եւ ցուցմունք եմ ուզում տալ, բայց ինձ հարվածում էին ու չէին թողնում, որ խոսեմ: Դրա փոխարեն գրեցին, թե իբր հրաժարվել եմ ցուցմունքներից»,- գրել է նա իր փաստաբանի պահանջով:



Նորիկ Սահակյանի ալիբին՝ այլուրեքությունը, ըստ նրա, այն է, որ նա սպանության գիշերը միջանցքում, որտեղ տեղադրված են սեղան եւ մի քանի աթոռներ, մի քանի այլ ծառայակիցների եւ սպայի՝ կապիտան Կարապետյանի հետ պարապելիս է եղել «Հրետանային հրաձգություն» առարկան, որպեսզի հաջորդ օրը թեստ հանձնի, ինչը կարող էին հաստատել իր հետ պարապող ուսանողներն ու սպան: «Իմ պաշտպանյալը բանավոր ներկայացրել է իր այլուրեքությունը, եւ այլուրեքությունը հերքող գործողություններ են կատարվել,- ահազանգում է Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը:- Նա ինձ հայտնեց, որ հենց իր ներկայությամբ ծեծի են ենթարկել իր հետ գիշերը պարապած անձանց, եւ չի բացառվում, որ նրանք, վախից եւ սպառնալիքներից դրդված, ցուցմունք տված լինեն: Մինչ օրս դեռեւս իմ պաշտպանյալից ցուցմունք չեն վերցրել: Սարսափելի հանցագործություն է կատարվել, բայց չի նշանակում, որ սարսափելի եղանակներով էլ պետք է մարդկանց կտտանքների ենթարկելով՝ ցուցմունքներ կորզել, այն դեպքում, երբ խոսքը զինվորների մասին է՝ ենթարկյալ վիճակում գտնվող կուրսանտների: Զինվորներ են, հրահանգ են կատարում, ոնց վախեցրին, այդպես էլ կատարում են, հավանոց են սարքել: Կամ այն նույն սպան, որ թողել է գիշերով պարապեն, անուշադիր է եղել, անփույթ է եղել, այսինքն, դամոկլյան սուրը նրա գլխին արդեն կա, որ քրեական պատասխանատվության կենթարկվի: Այս սպառնալիքի ազդեցության տակ այդ նույն սպային ինչ ցուցմունք էլ թելադրեն, նա էլ կգրի»:



Արսենյանը պատմում է, որ ուրբաթ երեկոյան հեռուստատեսությամբ տեսել է, որ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե «այդ մարդասպանները նույն սենյակում են քնելիս եղել տուժողի հետ», նկատի ունենալով կալանավորված անձանց: «Սա սուտ տեղեկություն է: Ո՞նց կարելի է նման բաներ հայտարարել, մյուս կողմից էլ փաստաբաններից պահանջել, որ նախաքննության նյութեր չհրապարակեն, այն դեպքում, երբ մյուս կողմը սուտ տեղեկություններ է տարածում եւ փորձում է հասարակական կարծիք ստեղծել»,- ասաց Արսենյանը, ավելացնելով, որ ինքը ոչ թե նախաքննության, այլ իր ձեռք բերած նյութերն է հրապարակում:



Ի դեպ, հետաքրքիր տվյալներ ստացանք իրավիճակից տեղյակ մեկ այլ աղբյուրից: Պարզվում է, գործով կալանավորված 4 անձանց Ռազմական ոստիկանությունից մեկուսարան են տեղափոխել փետրվարի 4-ին, այն դեպքում, երբ կալանավորման սանկցիան ստացվել է փետրվարի 1-ին: Սա կարող է նշանակել, որ նրանք ունեցել են մարմնական վնասվածքների հետքեր, և նրանց ապաքինվելու ժամանակ է տրվել։ Ի դեպ, տեղեկություն ունենք, որ գործով անցնող ուսանողներից երկուսը «բացատրություններ» տալուց հետո տեղափոխվել են բուժմաս։ Այս տեղեկությունները պաշտոնապես ճշտել երեկ չհաջողվեց: Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ կալանավորված անձանցից երեքն ունեն փաստաբաններ, սակայն նրանցից որեւէ գրավոր բողոք կոմիտեն չի ստացել:



Երեկ զրուցեցինք նաեւ Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ: Նա ասաց, որ իր պաշտպանյալի հանդեպ նույնպես եղել է նման վերաբերմունք, սակայն վնասվածքներ գնդապետի որդին չունի: Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը վարում է քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժինը: