Սարգսյանը նշել է ԵՏՄ-ի ծննդյա՞ն, թե՞ մահվան 40 օրը

Սարգսյանը նշել է ԵՏՄ-ի ծննդյա՞ն, թե՞ մահվան 40 օրը

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին»: Զուգադիպություն է, թե հաշվարկ` հրամանագիրն ստորագրվել է ԵՏՄ-ի հռչակման 40-րդ օրը եւ գործողության մեջ կմտնի Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի ուժի մեջ մտնելու 40-րդ օրը:



Իհարկե, Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին Հայաստանի իշխանություններն առհասարակ չհայտարարեցին, եւ որեւէ արարողակարգով դա տեսանելի չդարձավ, Բելառուսն էլ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի վավերացումն ավարտեց միայն հունվարի 11-ին, արդյունքում Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին հայտնվեց «Եվրասիական հանձնաժողով» հորջորջվող մի կառույցի կայքում, եւ գործնականում դրան տեղեկացան երեւի միայն մաքսատներին առնչվող ՀՀ քաղաքացիները: Մնացյալ հայաստանցիների համար տարեսկզբից ի վեր այնքան իրադարձություններ եղան` թե երկրի ներսում, թե աշխարհում, որ այլեւս ոչ ոք ժամանակ չգտավ հետաքրքրվելու, թե ԵՏՄ-ից Հայաստանն ինչ շահեց կամ կորցրեց:



Սակայն հետզհետե «վարագույրն» իջնում է, եւ անգամ երդվյալ պրոռուսներն էլ սկսել են գիտակցել, որ Ռուսաստանի գործերը լուրջ են, եւ ԵՏՄ-ն էլ մեզ համար երջանիկ ապագա չի կանխորոշելու: Ռուսաստանի տնտեսության վիճակն օբյեկտիվորեն հնարավորություն չի տալիս որեւէ լուրջ ակնկալիք ունենալ նրա հեգեմոնիայով կառուցվող այդ միությունից: Նույնիսկ գործարարության ասելով, Ռուսաստանին խմիչք մատակարարող հայաստանցի ձեռներեցները կրճատել են արտահանման ծավալները: Առջեւում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների անկումն է, հատկապես եթե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն Ռուսաստանն անջատեն միջազգային ֆինանսական SWIFT համակարգից: Այդ քայլը կարգելափակի ՌԴ տնտեսական հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ` ինքնաբերաբար նաեւ Հայաստանի:



Եվ ահա, թերեւս առջեւում ՌԴ տնտեսությանը եւ հայ-ռուսական տնտեսական կապերին սպառնացող այս վտանգը տեսնելով, Սերժ Սարգսյանը երեկ մի հրամանագիր է ստորագրել, որով Հայաստանի ողջ միջազգային տնտեսական հարաբերությունները կոորդինացրել եւ հանձնել է Վաչե Գաբրիելյանի ղեկավարած ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը: Հրամանագրի հենց նախաբանում հայտարարվել է, որ քայլը կատարվում է՝ «ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ ՀՀ տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու եւ ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից»:



Իսկը` ԵՏՄ պոռալով, ԵՄ կերթանք: Հրամանագրի 2-րդ կետում էլ թվարկվել են Գաբրիելյանի նախարարության համակարգմանը վերապահվող ոլորտներն ու աշխատանքները, որոնց ծանոթանալուց հետո օրինաչափ հարց է ծագում, թե ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները, Կենտրոնական բանկն այլեւս ինչո՞վ են զբաղվելու, եթե բոլոր արտաքին հարաբերությունները Գաբրիելյանն է համակարգելու: Մեկ այլ բնականորեն ծագող հարցն էլ այն է, թե սրանից հետո Հովիկ Աբրահամյանը Գաբրիելյանի մոտ ի՞նչ է աշխատելու: Ծագում է նաեւ երրորդ պրոզայիկ ու գործնական հարցադրումը` մի նախարար, մի փոխնախարար ունեցող եւ անգամ աշխատակազմ չունեցող Գաբրիելյանի նախարարությունն ինչպե՞ս պետք է բոլորին եւ ամեն ինչ համակարգի:



Սակայն ամենից ուշագրավն իրողությունն է, որ Գաբրիելյանի նախարարության համակարգմանը վերապահված Հայաստանի ողջ միջազգային տնտեսական համագործակցությունը բաժանվել է 7 ուղղությունների կամ ոլորտների, որոնցից մեկն առնչվում է ԵՏՄ-ին, մեկը՝ ՀԲ-ին, ԱՄՀ, ԱՀԿ-ին, իսկ մնացյալ հինգը՝ ԵՄ-ին: Վիճակագրությունը լավագույն ցուցիչ է, թե մեռելածին ԵՏՄ-ի հռչակման 40-րդ օրը դեպի ուր է նայում Հայաստանը: