Գլխավոր «գայիշնիկը» դարձավ գլխավոր փրկարար

Գլխավոր «գայիշնիկը» դարձավ գլխավոր փրկարար

Երեւանի ՃՈ նախկին պետ, փոխգնդապետ Արսեն Արշակյանը, որի պաշտոնանկության մասին արդեն մեկ շաբաթ աղաղակում են թերթերը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով նշանակվեց Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ՝ փոխարինելով գնդապետ Պավել Գյոզալյանին: Իսկ Գյոզալյանը նույն՝ ՏԿԱԻ նախարարի հրամանով նոր պաշտոն ստացավ՝ Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ:



Այս կենտրոնն ստեղծվել է ՌԴ կառավարության աջակցությամբ եւ կովկասյան ռեգիոնի համար եզակի նշանակություն է ունենալու: Բայց կենտրոնի, ինչպես եւ գնդապետ Պավել Գյոզալյանի մասին ոչ լավն ենք լսել, ոչ վատը: Վերջինիս տեսել ենք փրկարարների ուսումնավարժանքների մասին սյուժեներում, երբ, ասենք, հատուկ կռունկների օգնությամբ փրկարարները «մարման աշխատանքներ են կատարում», իսկ Գյոզալյանը հետեւում է նրանց արծվի հայացքով կամ էլ բացատրում, թե ինչպես անել, որ կրակը չտարածվի: Դե, բացատրում էր՝ թող բացատրեր, ինչո՞վ է Գյոզալյանը Երեւանի ՃՈ նախկին պետից վատը, կամ ինչո՞ւ հենց նա, այլ ոչ Արշակյանը նշանակվեց անհասկանալի կենտրոնի ղեկավար, հանրությանը չբացատրվեց: Թերեւս նրանով, որ Արսեն Արշակյանը սերիալի տղու դեմք ունի եւ կարծես «Բրիգադ» ֆիլմից դուրս եկած լինի ու համապատասխանում է նախարար Արմեն Երիցյանի իմիջային պատկերացումներին:



Ինչպես եւ նախարար Արմեն Երիցյանը, Արսեն Արշակյանն էլ սովորություն ունի անցնել այն վայրերով, որտեղ արտակարգ իրավիճակ կա՝ մարդ է խեղդվում կամ ինքնասպան լինում: Հայտնի է, որ նախկին պետը փրկարարությամբ է զբաղվել իր նշանակումից դեռեւս 2 տարի առաջ: 2013 թվին նա ջրանցքից դեռահաս աղջիկ է հանել: Սա կատարվել է ոստիկանության օրը: Կարծես ճակատագիրը վերեւից ասի. «Ոչ, դու էլ աստեղային ոստիկան չես լինելու: Դու շուտով զրկվելու ես ՃՈ պետի ուրախ պաշտոնից եւ աչքի չընկնող պաշտոն ես զբաղեցնելու, ոչ թե գայիշնիկների, այլ հասարակ փրկարարների ես ղեկավարելու»: Ահա ինչպես է նկարագրում իր հերոսությունն Արսեն Արշակյանը՝ ՀԺ-ի համար: «Տեսա, որ կինարմատ է շուռ եկած ջրի մեջ, ու բավականին վարարած էր կանալը, քշում էր աղջկան, դրանից 5-6 մետր այն կողմ էլ արդեն թունելն էր սկսվում, ուր ինքը կգնար:



Բացարձակապես կենդանության նշաններ չկար, քանի որ գիտակցություն չուներ այդ աղջիկը: Էդ մարդու կողքից անմիջապես մարմնիս կես չափով կախվեցի դեպի գետի հատվածը, էդ մարդը (աղջկա կողքին էլի տղամարդ կար՝ Ս. Ս.) կարողացել էր աղջկա ժակետի հատվածից բռնել, ինչն արդեն սահում էր ձեռքից, ոնց որ բաց թողելու վիճակ էր արդեն»: Թերթերն իհարկե չափազանցրել էին Արսեն Արշակյանի հերոսությունը (նախկին պետը նաեւ ավտովարող լրագրողների լավ բարեկամն է եւ այս առումով էլ է «փրկարարական» գործ անում՝ Ս. Ս.), նկարագրում էին, թե նա նետվել է ջուրը՝ դեռահասին փրկելու համար: Իրականում, սակայն, նա ջուրը չէր նետվել, դեռ մի բան էլ տանջել էլ փրկյալին ջրից հանելիս. «Քանի որ մի քիչ ավելի բոյով էի, ձեռքերս մեկնեցի ու արդեն կիսով չափ էդ ջրի հատվածի վրա կախվելով` ոտքից բռնեցի, ի վերջո, իմ ձեռքն էլ սահեց, գալիս էր դեպի կոշիկի հատվածը:



Պտտեցի իրան մատներիս ծայրով, պտտեցի` ձեռքի հատվածը եղավ, հետո գրկեցի, բերեցի… առաջին բուժօգնություն ցուցաբերեցի, բերանից ահագին կեղտաջուր եկավ-թափվեց»: Նկարագրությունից տպավորված, հավանաբար, Արմեն Երիցյանը դեռ այն ժամանակ է աչք դրել աստեղային ոստիկանի վրա, այսպիսով կանխորոշելով նրա նոր ճանապարհը: Եվ ահա, Արսեն Արշակյանը նոր դերի մեջ է: «Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանրութեթեւ է արել, մտովի պատկերացրել՝ արդյոք կարո՞ղ է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով»,- գրել է նախօրեին նա իր ֆեյսբուքյան էջում:



Ի դեպ, եթե համեմատենք այս գրառումը 15 տարեկան «կինարմատին» «կանալից» հանելու մասին հեղինակային շարադրանքի հետ, ակներեւ կդառնա, որ այս տեքստը նա չէր կարող գրել: «Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը»,- պատմում է Արշակյանն իր էջի այցելուներին, որոնց նամակներին չի էլ պատասխանում: Ապա ցիտում է փրկարարների կարգախոսը. «Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն», չմոռանալով հիշատակել, որ ուղիղ 16 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 10-ին, ընդունվել է ոստիկանության համակարգ:



Մի խոսքով, ամեն ինչ կինոյի պես է: Մի բան մնում է անհայտ, ինչպես վատ սցենարում՝ ինչո՞ւ Արսեն Արշակյանը որոշեց հեռանալ ՃՈ պետի պաշտոնից: Ինչո՞ւ ամեն անգամ ՃՈ համակարգը բարեփոխելիս ոստիկանապետերը որոշում են ազատվել հենց Արսեն Արշակյանից: Այդպես եղավ Ալիկ Սարգսյանի օրոք, երբ Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց վերջինիս եւ հրահանգեց Վրաստանի նման ճանապարհային ոստիկանություն ունենալ: Վլադիմիր Գասպարյանը, որ շատ էր սիրում Արշակյանին, նրան հետ բերեց, բայց, ահա, նա եւս «բարեփոխում» է համակարգը: Պաշտոնապես հայտարարվում է, որ Արշակյանը հեռացել է իր ցանկությամբ:



Եթե անգամ այդպես է, եւ ոչ մի ներքին կոնֆլիկտ նրա եւ ոստիկանապետի միջեւ չկա, միեւնույն է, Արսեն Արշակյանի անցումն Արմեն Երիցյանի «ձեռքի տակ» ոստիկանությունում ընկալվում է որպես անձնական դավաճանություն Երիցյանի մրցակից Վլադիմիր Գասպարյանին: