Խոհեր Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերի առթիվ

Խոհեր Լևոն Տեր-Պետրոսյանի խոհերի առթիվ

Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին»: Քիչ է ասել` անդրադարձել է: Նա, իր գիտելիքներն ու ողջ կյանքի փորձը մեկտեղած, վերից վար խոտանել է փաստաթուղթը եւ տվել իր գնահատականը` դա ոչ թե իրավական փաստաթուղթ է, այլ հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ:
Տեր-Պետրոսյանի հետ վիճելը ոչ միայն դժվար է, այլեւ անիմաստ: Հենց այս բանի հստակ գիտակցումով էլ կփորձենք մեկ-երկու նկատառում անել, որ այն թյուր տպավորությունը չստեղծվի, թե անսխալական մարդիկ, այնուամենայնիվ, կան:



Իսկ մինչ այդ, նախ, հասկանանք, թե ում է ուղղված Տեր-Պետրոսյանի սույն ելույթը: Բնականաբար` ոչ հայությանը: ՀՀ առաջին նախագահը, իր վերլուծությունը դեռ չսկսած, հայտարարում է, որ հայության համահավաք կարծիքն իմանալու համար պետք է հանրաքվե անել, իսկ դա հնարավոր չէ, եւ, հետեւաբար, 100-ամյակի հանձնաժողովը, որքան էլ ներկայացուցչական, լեգիտիմ չէ (օրինակարգ չէ) հայության անունից նման հռչակագիր ընդունելու համար:



Տեր-Պետրոսյանը գրում է. «Քանի որ այն (հռչակագիրը) առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որեւէ մեկը կարող է հարցնել. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: «Մի՞թե պարզ չէ» կամ «ինքնըստինքյան հասկանալի է» տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն»: Տեր-Պետրոսյանն ուզում է ասել, որ ոչ ոք աշխարհում չի կարող բոլոր հույների կամ բոլոր ասորիների, կամ բոլոր քրդերի, կամ բոլոր եզդիների, կամ բոլոր պաղեստինցիների, կամ բոլոր հրեաների անունից հայտարարություն անել:



Դե գիտե՞ք ոնց` քանի որ հնարավոր չէ աշխարհասփյուռ հույների հանրաքվե անել, ապա Աթենքում ձեւավորված ոչ մի հանձնախումբ իրավունք չունի բոլոր հույների անունից խոսել, եւ կամ, քանի որ առավել դժվար է ամբողջ աշխարհի հրեաներին հավաքել Իսրայելում, այդ ազգի անունից Իսրայելի նախագահը կամ վարչապետը, կամ որեւէ ներկայացուցչական հանձնախումբ իրավունք չունի հրեաների անունից խոսելու: Միամտություն չէ՞ կարծելը, որ միջազգային հանրությունը կհետաքրքրվի` արդյոք Իսրայելի նախագահն իրավունք ունի՞ հրեաների անունից խոսելու: Եթե մինչ օրս Իսրայելի ոչ մի ղեկավար այդ վախը չի ունեցել, ապա որտեղի՞ց հայտնվեց այդ վախը Լեւոն Տեր-Պետրոսյանի մեջ, որ ՀՀ նախագահի գլխավորած հանձնախմբին միջազգային հանրությունը թերահավատությամբ կմոտենա:



Այսքանից հետո, երբ Տեր-Պետրոսյանը կասկածի տակ է առնում 100-ամյակի հանձնախմբի լեգիտիմությունը, միանգամայն ավելորդ են դառնում նրա բերած հազար ու մի արգումենտներն այն մասին, թե այս կետը պետք է այսպես գրվեր, այն կետը` այնպես, եւ այլն: Կարող էր միանգամից ասել, որ այդ հռչակագիրը չպետք է գրվեր, ու դրանով հարցը փակել:



Մեկ այլ տեղում նա նկատում է, որ կարիք չկա շնորհակալություն հայտնել Ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած երկրներին: Ասում է` դա ՄԱԿ կոնվենցիաներով իրենց պարտականությունն է: Հասկանալի է: Ուզում է ասել` մի բան էլ կարող ենք պահանջել, որ բոլորը ճանաչեն, ու ոչ մի շնորհակալություն էլ չհայտնենք: Եկեք ազգովի փող հավաքենք, մի հատ ՄԱԿ-ի կոնվենցիա դնենք Տեր-Պետրոսյանի թեւի տակ ու նրան գործուղենք Հայոց ցեղասպանությունը չճանաչած որեւէ երկիր, ենթադրենք` Հյուսիսային Կորեա, եւ թող նա Կիմ Չըն Ընին պարտադրի, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե հաջողի, ես պատրաստ եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչեւ այսօր իր նման չեմ մտածել, որ աշխարհը մի շատ ստերիլ միջավայր է ու առաջնորդվում է բացառապես ՄԱԿ-ի կոնվենցիաներով:



Տեր-Պետրոսյանը սխալ է համարում հռչակագրում Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչ-պահանջը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Ցեղասպանության ճանաչել-չճանաչելը Թուրքիայի գործն է: Սակայն, հիշեցնենք Տեր-Պետրոսյանին, որ ինքը վերեւում արդեն ասել է, որ սա ՄԱԿ-ի կոնվենցիայի հարց է, եւ, փաստորեն, ընդգծելով, որ դա Թուրքիայի գործն է, հակասում է ինքն իրեն, քանի որ Թուրքիան, լինելով ՄԱԿ-ի անդամ երկիր, պարտավոր է անվերապահորեն կատարել կոնվենցիայի պահանջը:



Տեր-Պետրոսյանը, առհասարակ, համոզված է, որ պետք է, նախ` կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները եւ նոր միայն Հայաստանը Թուրքիայի հետ բանակցի Ցեղասպանության հարցերի շուրջ, այլապես ճնշումներով հնարավոր չէ Թուրքիային ստիպել, որ նա ճանաչի Ցեղասպանությունը: Ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի հասկացել, թե ինչ է նշանակում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Նախընթաց բուռն փորձն այդ մարդուն ոչինչ չի ասել: Բայց նույնիսկ եթե մի հրաշքով կարգավորվեն այդ հարաբերությունները, ի՞նչ երաշխիք կա, որ Հայոց ցեղասպանության շուրջ բանակցությունները գյալաջիից այն կողմ կանցնեն եւ չեն խաթարի միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեկուզ եւ դանդաղ, բայց տեղաշարժվող գործընթացը:



Ավարտելով ասեմ, որ Տեր-Պետրոսյանի հոդվածում ուսանելի շատ բան կա, եւ, անկեղծ ասած, ուրախ կլինեի նրա առաջարկած որոշ բարեփոխումներ տեսնել հռչակագրի նոր, խմբագրված տեքստում: Ափսսում եմ ուղղակի, որ ՀՀ առաջին նախագահը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների պետական հանձնաժողովի կազմում չէ եւ չի կարողանում գործուն մասնակցություն ունենալ ձեռնարկներին: Ի դեպ` այս բացթողումը երեւի շտկելի է, ինչպես եւ հռչակագրի որոշ կետեր: Դա կնպաստի նաեւ, որ հանձնաժողովը լինի առավել ազդեցիկ ու առավել ընդգրկուն, եւ միջազգային հանրությունն էլ ավելորդ հարց չի տա, թե որտեղի՞ց ձեզ այդ ինքնավստահությունը, որ հայության անունից եք խոսում: Կասենք` բա ուրիշ էլ ո՞վ իրավունք ունի հայության անունից խոսելու, եթե ոչ հայության հոգեւոր եւ նրա վերածնված հայրենիքի աշխարհիկ առաջին դեմքերը: