22-ամյա Ալեքսանյանը Գյումրիի բախումների միակ մեղավորն էր

22-ամյա Ալեքսանյանը Գյումրիի բախումների միակ մեղավորն էր

Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին, ով Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած հակառուսական ցույցերի ակտիվ մասնակիցն էր, երեկ Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով: Նրան փետրվարի 4-ին ձերբակալել էին, սակայն հաջորդ օրը բաց թողեցին, որպես խափանման միջոց կիրառելով հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը:



Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը գյումրեցուն հատուկ հումորով պատմեց, որ քննիչները Մնացական Ալեքսանյանին բախումների միակ մեղավորն են հանել: «Միայն իրեն են մեղադրանք առաջադրել, որոշման մեջ էլ այնպես են նկարագրել, որ կարդացողին կթվա, եթե ինքը չլիներ, այդ օրը ոչինչ էլ չէր կատարվի: Գրված է, որ ինքն է փակել երթեւեկությունը, խաթարել է բնակիչների անդորրը, խանգարել մոտակայքում գտնվող սպասարկման օբյեկտների աշխատանքը: Բայց սա զավեշտ է»,- ասում է փաստաբանը: Նա հայտնեց, որ Ալեքսանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, այսպիսով նախաքննության մարմնին հնարավորություն տալով ուղղել իր սխալը:




- Ալեքսանյանին ձերբակալելու օրը դատախազը ցուցում էր տվել, որ քննիչը ձերբակալության որոշում կայացնի: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննիչն այս ցուցումը բողոքարկել է: Ինչպե՞ս էր սա հնարավոր:



- Այո, ցուցումը եղել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից: Քննիչը գտել էր, որ դրա հիմքերը չկան, բայց հետո դատախազությունը որոշեց, որ Ասլանյանի տեղակալ Պողոսյանի որոշման հիման վրա կարելի է ձերբակալել: Հաջորդ օրն էլ արգելանքի վերցնելու հիմքեր գտան եւ ստորագրություն վերցրին չհեռանալու մասին: