Լիսկան կարող է գիտնական դառնալ, իսկ Ճոյտը չի՞ կարող կինո նկարել

Լիսկան կարող է գիտնական դառնալ, իսկ Ճոյտը չի՞ կարող կինո նկարել

«Լիսկան կարող է գիտնական դառնալ, իսկ Ճոյտը չի՞ կարող կինո նկարել»,- այսպես է արտահայտվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, իր կալանավորման վերաբերյալ: Եթե, իհարկե, հավատանք նրա մտերիմներին: Փետրվարի 10-ին նրա աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, ինչպես եւ սպասվում էր, չկայացավ, քանի որ ցուցադրության կազմակերպիչն ապօրինի ձեռնարկատիրության եւ հարկերից խուսափելու մեղադրանքով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:



«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը հայտնեց, որ պրեմիերան հետաձգվում է, իսկ անանուն աղբյուրները տարածում են, որ ֆիլմի բոլոր օրինակներն առգրավված են քննիչների կողմից, մեկ այլ վարկածով էլ՝ ոչնչացված: Անգամ նրա համակարգչում ոչ մի օրինակ չի պահպանվել: Ամենայն հավանականությամբ, ոչնչացումը «Հիշողության» սցենարիստի համաձայնությամբ է եղել, որից հետո նրա առողջությունը կտրուկ վատացել է, ինչպես պնդում են նրա ընկերները: Սկանդալային ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք գրող, սցենարիստ, Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանի հետ:



- Ոչ մեկին չի կարելի արգելել, որ սեփական միջոցներով ֆիլմ նկարի: Բայց պարզ է, որ Ճոյտի ֆիլմ մեծ լսարան էր հավաքելու, գուցե ավելի մեծ, քան Ցեղասպանության տարելիցին նվիրված բոլոր մյուս միջոցառումները միասին վերցրած: Ի՞նչ անել նման դեպքերում՝ խայտառակությունից փրկվելու համար:



- Ես «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանին չեմ կարող մեղադրել, որ նա «հակահիգիենիկ» ֆիլմ է նկարել: Ճոյտը որոշել է իր ունակություններն ու հնարավորությունները փորձել կինոասպարեզում: Ցանկությունն անկեղծ է, եւ չի կարելի այդ ցանկությունը քարկոծել միայն նրա համար, որ դա Ճոյտի ցանկությունն է: Մարդն իր ուղեղի կարողությունների չափով գործել է: Ինչու չէ՝ նաեւ դրանից օգուտ ստանալու ակնկալիքով: Սովետի ժամանակ էր, չէ՞, որ մայիսի 1-ին մանղալները դնում, քյաբաբ էին վաճառում կամ փուչիկ, կամ շխկշխկացող գնդակներ:



Մայիսի 1-ն ու 9-ը լավագույն օրերն էին բիզնեսի համար: Հիմա ես այս մարդուն չեմ մեղադրում: Նա ցանկացել է, մի կողմից, իր ազգի համար լավ բան արած լինի, քանի որ պետական մակարդակով դա չեն անում՝ կամ միջոցներ չունեն, կամ զլացել են ֆիլմ նկարել, չնայած եղել են նախագծեր: Նա էլ իր ուղեղի կարողության սահմաններում գրել է սցենար, այն մտքով, որ ազգին մի հանճարեղ գործ կնվիրի՝ «պատմական» իմաստով, նաեւ դրանից կշահի: Անկեղծ է եւ առանց հետին մտքի: Այլ հարց, որ վատ ֆիլմ է ստացվել, բայց ո՞վ պետք է նրան հուշեր այդ մասին: Ֆիլմը մեկ օրում չի նկարվել, ոչ էլ մեկ շաբաթում, դա ամիսներ է տեւել:



Դրա մասին գրել է մամուլը, ֆիլմում նկարվել են հայտնի, վաստակավորի կոչում ստացած դերասաններ, ոմանք վերջերս են ստացել այդ կոչումները: Ովքե՞ր պետք է հետաքրքրվեին ֆիլմի ճակատագրով, ովքե՞ր պետք է ծանոթ լինեին սցենարին: Վերջապես, այս երկրում կա՞ մարմին, որ զբաղվում է կինոարտադրության խնդիրներով, թե՞ այդտեղ էլ է բարձիթողի վիճակ: Ի վերջո, Ճոյտը կինոսցենար է հեղինակել: Միայն այս փաստը, որ նա նման քայլ է արել, արդեն գովելի է, նաեւ զարմանալի: Ճոյտից ոչ պակաս պատգամավորներ կան այսօր, որ ոչ միայն չեն փորձի նման բան անել, այլ նույնիսկ, կարծում եմ, տառաճանաչ էլ չեն:



- Ի՞նչ կարող էր անել, ասենք, մշակույթի նախարարությունը:



- Ասեմ, օրինակ, ամենապարզ բանը՝ կարելի էր փորձել համոզել նրան՝ գումարները ներդնել հաջողված սցենարների վրա, որ նա դառնար այդ ֆիլմերից մեկի պրոդյուսերներից մեկը եւ, բնականաբար, իր ներդրած գումարի տոկոսային չափով նաեւ շահույթ ստանար: Բայց այս մարդով ոչ ոք չի հետաքրքրվել: Վերջապես, չի նկարվում սցենար Յոնջալախի եւ Արեշի կռվի մասին, այլ Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ֆիլմ է: Հիմա, եթե Ճոյտի նման մեկ-երկու հոգի կա, որ կուզենան ներդրում անել ֆիլմարտադրության ոլորտում, նրանք էլ կզգուշանան եւ կհրաժարվեն: Սա աննորմալ վիճակ է, թափթփվածության արդյունք, ինչն էլ հանգեցնում է նրան, որ մեր երկրում կինոն անտերության է մատնվել: Եթե կինոարտադրությունը տեր ունենար, օրենք կունենայինք, եւ նման հարցերը կկարգավորվեին օրենքի սահմաններում:



- Ի՞նչ կտար մեզ կինոյի մասին օրենքը:



- Եթե երկիրն ունենար կինոյի մասին օրենք, ինչն ի դեպ արդեն երկար ժամանակ «քնած» է ԱԺ-ի գզրոցներում, Ճոյտն այլ կերպ կներգրավվեր կինոաշխատանքների մեջ, բայց քանի որ այդ օրենքը չկա, ով ուզի, ինչ ուզի՝ կարող է արտադրել: Նույն հաջողությամբ Ճոյտը կարող էր որոշել, որ ինքը լավ սրտաբան է, եւ իր «Զվարթնոց» մոթելի սենյակներից մեկում սրտի ստենդավորում իրականացներ, բայց քանի որ «Առողջապահության մասին» օրենքում նման գործունեությունը հստակեցված է, նա պետք է դրա համար համապատասխան լիցենզիա ունենա: Կինոյի ոլորտում այս բացը մի օր մի տեղից «ճաք» էր տալու եւ տվեց: