Ո՞վ պետք է մաքրի ՀՀԿ ավգյան ախոռը

Ո՞վ պետք է մաքրի ՀՀԿ ավգյան ախոռը

«Դոդի Գագո» արտահայտությունը վերջին 7-8 տարում իսպառ վերացել էր ԶԼՄ-ներից, հրապարակային ելույթներից, իրական եւ վիրտուալ խոսքի հարթակներից: Բայց հաշված րոպեներ պետք եղան ՀՀ նախագահին՝ այն լեգիտիմացնելու եւ ՀՀ քաղաքական լեքսիկոն մտցնելու համար: ՀՀԿ խորհրդի փետրվարի 12-ի նիստին ՀՀԿ «բետեեռ» Աշոտյանն այդպես էլ ասաց. «Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում»: Սերժ Սարգսյանն այս նիստում պատերազմ հայտարարեց «մտավոր ցածր ունակություններով անհատներին», որոնք չգիտեն որն է «այբը», որը՝ «բենը», չեն հասկանում, թե ինչ են խոսում, եւ այլն, եւ որոնք, մտնելով քաղաքականություն, դառնում են «զարգացման արգելակ»: Սույն նիստին ելույթ էին ունենում մտավոր բարձր ունակություններ ունեցող ՀՀԿ-ականներ՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Մանվել Գրիգորյանը:



Վարչապետը, որը դպրոցում, ինչպես հայտնի է, գերազանցիկ է եղել, այնքան լավ է սովորել, որ դասատուները նրանից չէին ցանկանում բաժանվել եւ թողնում էին նույն դասարանում, անմիջապես խոստացավ օգտագործել իր վարչական լծակները եւ «բամփել» նրա գլխին, ով մեկ, երկու, երեք անգամ ասելուց չի հասկանում: «Մարդն ընդունելի է չափի մեջ, երբ անչափության դավանանք է ունենում, դառնում է ծիծաղելի եւ զավեշտի մասին»,- «շարահյուսեց» Գալուստ Սահակյանը եւ, թեւերը քշտած, լծվեց Ծառուկյանին մանդատից զրկելու գործին: Բայց ամենափայլուն, ամենագրագետ, «ոսկեղենիկ» ճառն արտասանեց Մանվել Գրիգորյանը: Այն կրճատելը սրբապղծություն է. «Դոդի Գագոն ազատամարտիկների ճամբարներ ա բացել:



Երբ որ մի հատ բացել էր, ես խնդրեցի հանրապետության նախագահին, Սարոյան Սեյրանը, Աբրահամյան Հովիկը միջամտեց: Թե սպորտսմեն էր, թե քաղաքական գործիչ, դուք ինքներդ գիտեք, սպորտսմեն ա: Մի քանի օր է, վերջը, էդ մարդը տեղը չբերեց, հետո էլ ցույց էին տվել, յանի, որ Ծաղիկ Ռուբենը ֆիդային ա, 92 թվին թողել էր փախել: 92 թվից էս կողմ չեմ ուզում ուրիշ բան ասեմ: Դրանք սկի Ղարաբաղի տեղը չեն իմացել: Ոչ միայն քաղաքական դաշտը, երկիրը աղավաղել են»: Առավել ուշագրավ է գեներալի խոսքը Ղարաբաղում չորացած դիակների մասին. «Մենք էս երկրում անկախության տերերն ենք, արմատները, իմ երկու եղբայրները, շատ-շատ ընկերներ, արյունը, դիակը Ղարաբաղում չի չորացել սահմանների վրա: Իսկ դրանք խաղում էին»:



Ուղղակի հանճարեղ էր Մանվել Գրիգորյանի ճառի ավարտը, որում նա նոր բառ հորինեց՝ «ղրմնղղղղղղղղղղղղ», եւ անգամ ՀՀԿ էլիտայի մտավոր ունակությունները չբավարարեցին գեներալի հնչյունաբանությունը վերծանելու եւ հասկանալու համար, թե ինչ է նշանակում այդ բառը: «Ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ ձեր որոշումը ոչ թե միայն ղրմնղղղղղղղղ, անկախ դրանից, ով ուզում ա ըլի, էս երկրի անկախությունը ուզի վնասի, պոլնի պատասխանատվություն պտի կրի»: