Թու, քեզ մարդ ասողին... կամ` իշխանափոխություն հայկական ձևով

Թու, քեզ մարդ ասողին... կամ` իշխանափոխություն հայկական ձևով

Դժվար է ասել, թե էլի ինչ պետք է տեղի ունենար, որ եռյակը կենդանության նշաններ ցույց տար: Երեւի մեկ էլ հանրահավաք անեին, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ վաղը ստորագրելու է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կամ ուղղակի ստորագրեր այն ու դներ շրջանառության մեջ:



Նախագահը դա չարեց, բայց ՀՀԿ խորհրդի նիստում նրա ելույթը պակաս ազդեցություն չթողեց: Կանյաչնիի ճամփան ջրի ճամփա շինած եռյակի լիդերները միանգամից կանգնեցին Գագիկ Ծառուկյանի թասիբին: Եռյակը հենց նրանով է հրաշալի, որ դժվար պահերին են հասնում իրար: Ըստ երեւույթին, նրանց հաջողվեց Գագիկ Ծառուկյանին համոզել, որ իշխանափոխությունը սահմանամերձ գյուղերից չի սկսվում, այլ Երեւանից, որտեղ ապրում ու ստեղծագործում է Սերժ Սարգսյանը:



Տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանին համոզել են ոչ թե եռյակի լիդերները, այլ ինչ-ինչ անհայտ մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի ելույթից հետո շտապել են կանյաչնի` Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթը գրելու: Ասում են` այդ խորհրդավոր անձնավորությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Տեր-Պետրոսյանի մարդիկ են եղել, որոնց համատեղ ջանքերով էլ հրապարակ է բերվել «Ծառուկյանի պատասխանը Չեմբեռլենին», որը նա «տո լի» ընթերցել, «տո լի» չի ընթերցել ԲՀԿ քաղխորհրդի նիստում:



Այնուամենայնիվ, որպես ԲՀԿ ղեկավարի պաշտոնական հայտարարություն է ընդունվել հենց այն տեքստը, որը ներկայացվել է լրատվամիջոցներով, իսկ այդ տեքստում հստակ ասված է, որ այսուհետ այլեւս այլընտրանք-մայլընտրանք չկա, եւ ԲՀԿ-ն գնում է ակտիվ ընդդիմադիր գործողությունների, այն է` շուրջօրյա հանրահավաքների, անհնազանդության եւ իշխանափոխության: Դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանն իր ելույթով այսպիսի բան սադրեց եւ արթնացրեց գյուղերում շտաբաշինությամբ զբաղված ու այդ գործով բուն ընդդիմությանը կաշկանդող ԲՀԿ-ին:



Սիրելի ժողովուրդ



Մեր կարծիքով, այս պահին ամենակարեւոր հարցը հետեւյալն է` Սերժ Սարգսյա՞նն է շտապել, թե՞ գիշերով կանյաչնիում հավաքված միսիոներները, ովքեր այդպես օպերատիվ (Գագիկ Ծառուկյանը, հաստատ, մի գիշերում այդպիսի պատասխան գրողը չէր) պատասխանեցին Սերժ Սարգսյանի ելույթին ու պետական ապարատին դեմ տվեցին Գագիկ Ծառուկյանին: Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի: Այն պարզ կդառնա առաջիկա օրերին: Սակայն հստակ է այլ բան: Պարզվեց, որ նույնիսկ օրակարգ ձեւավորել չկարողացող ընդդիմությանը խոսելու նյութ տվողն իշխանությունն է, ծրագիր տվողն իշխանությունն է, պայքարի մեթոդներ հուշողն իշխանությունն է: Այս մի սադրանքը (Սերժ Սարգսյանի ելույթի տեսքով) պարզապես մոգական ազդեցություն գործեց, եւ այն ավելին էր, քան ԲՀԿ գործընկեր կուսակցությունների հորդորները` չհեռանալ հրապարակից եւ շարունակել ակտիվ գործողությունները: Եվ հիմա տպավորությունն այնպիսին է, որ մի բան էլ Գագիկ Ծառուկյանին պետք է բռնեն, որ չափից ավելի չակտիվանա:



Եռյակը նույնիսկ մաղարիչ ունի անելու Կարեն Ավագյանին, Արմեն Աշոտյանին, Հովհաննես Սահակյանին, գեներալ Մանվելին, Մարգարիտ Եսայանին ու բոլոր նրանց, ովքեր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ու նիստից հետո, իրար հերթ չտալով, ցախ էին լցնում նախագահի բորբոքած կրակին: Հասկանո՞ւմ էին, արդյոք, նրանք, որ արթնացնում, «հերոսությունների» էին կոչում ասելիքի ու անելիքի լուրջ դեֆիցիտ ունեցող եռյակին:



Իհարկե, այնպես էլ չէ, որ ընդդիմության պայքարի վրա չազդեն իշխանությունների գործողությունները: Բայց լավն է այն ընդդիմությունը, որ միշտ մեկ քայլ առաջ է իշխանություններից եւ ինքն է օրակարգ թելադրում քաղաքական դաշտում: Մեր պարագայում առաջին քայլն իշխանությունն է անում, եւ դա պետք է ընդդիմությանը խորհելու տեղիք տար եւ ոչ թե մղեր ավանտյուրիստական հայտարարությունների:



Սիրելի ժողովուրդ



Դժվար թե մինչեւ ելույթը Սերժ Սարգսյանը հաշվարկած չլիներ ԲՀԿ-ի հնարավոր պատասխան քայլերը: Ավելին, նա հենց իր ելույթում նշեց, որ նույն օրն ստորագրելու է Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԽ կազմից հեռացնելու հրամանագիրը, թվարկեց այլ գործողություններ, որոնք հետեւելու են դրան եւ նույն շարքից են` հարկային ստուգումներ, ԱԺ պատգամավորի մանդատից զրկել եւ այլն: Սերժ Սարգսյանը նաեւ հիշատակեց այն մարմինները, որոնք զբաղվելու են ԲՀԿ-ով` անվտանգության ծառայություն, իրավապահներ: Նա ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը չարիք է պետության համար:



Այս ամենին պետք էր լուրջ վերաբերվել, ինչը կանյաչնին չարեց եւ իր պատասխանով, փաստորեն, ընդունեց ոչ թե Սերժ Սարգսյան քաղաքական գործչի եւ իշխող կուսակցության, այլ պետության մարտահրավերը: Եվ, ինքնաբերաբար, ստեղծվեց մի վիճակ, որ ընդդիմությունը ներքաշվեց ոչ թե ներքաղաքական պայքարի մեջ (քաղաքական պայքարի մասին խոսքի նշույլ իսկ չկա ոչ Սերժ Սարգսյանի ելույթում եւ ոչ էլ Գագիկ Ծառուկյանի «պատասխանի» մեջ), այլ մի դաշտ, որտեղ հարցերը բոլորովին այլ «ձյաձյաներ» են տալիս:



Սիրելի ժողովուրդ



Դատիր ինքդ, թե որքանով է այս ամենը վերաբերում քեզ: Այս մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում եղել են իշխանություն, այսօր միմյանց կոկորդ են կրծում, մի կողմից, այդ իշխանությունը պահելու, իսկ մյուս կողմից` վերադառնալու, իշխանությունն ուրիշին չզիջելու համար: Նրանց մի մասը (օրվա իշխանությունը), գուցե, դա փորձում է անել սահմանադրական փոփոխություններով, իսկ մի մասն էլ (վերադառնալ ցանկացողը) իր գոյության իմաստը տեսնում է բացառապես ֆեոդալական այս սահմանադրության պահպանման մեջ: Իրականում թե մեկ եւ թե մյուս կողմը համակարգի պահպանման հոգսն է հոգում եւ ոչ թե հացի կարոտ մարդու: Ներկա առճակատումը (բնականաբար` մերժելի) ոչ մի խնդիր չի լուծում ժողովրդի ու երկրի համար: Խնդիրները լուծելու հարցում թե մեկ եւ թե մյուս կողմը մերկապարանոց հայտարարություններից այն կողմ չի անցնում, այլ բավարարվում են միմյանց վատաբանելով ու չարիք անվանելով, միմյանց տակից աթոռ քաշելով:



Սիրելի ժողովուրդ



Քո հարցերը դու պետք է լուծես: Հենց դու պետք է պահանջես սահմանադրական բարեփոխումներ ու այնպիսի բարեփոխումներ, որոնք կծառայեն ոչ թե իշխանության այս ու այն թեւի վերարտադրությանը, այլ ճանապարհ կբացեն հետագա համակարգային փոփոխությունների համար, քեզ համար, քո երեխաների համար:



Չի բացառվում, որ այս առճակատումն ավարտվի հենց իշխանափոխությամբ, բայց այնպիսի իշխանափոխությամբ, որ բոլորովին կապ չունի ոչ քո սպասումների եւ ոչ էլ, մանավանդ, երազանքների հետ: Դա կլինի բուրժուադեմոկրատական ծաղր հենց քո հանդեպ, եւ զգացումները, որ կունենաս այդ «իշխանափոխությունից» հետո, նույնն են լինելու, ինչ «Ձախորդ Փանոսի հեքիաթի» հերոսինը, երբ կացինը ջրատակ եղավ, իսկ բադերը շարունակեցին անխռով լողալ իրենց ճահճում: