ՀԱԿ-ի պատասխանատվության խնդիրը

ՀԱԿ-ի պատասխանատվության խնդիրը

Պարզ հարցեր ունեմ՝ ուղղված Կոնգրեսին:



Կանխելով հակափաստարկը, թե արդյոք ընդդիմությանը հարց տալու բարոյական իրավունք ունեմ, ասեմ – մինչ այժմ կայացած բոլոր ընտրություններում՝ սկսած 2008-ի նախագահականից՝ Կոնգրեսին (2008-ի փետրվարին դեռ Կոնգրես չէր) ու նրա ներկայացուցիչներին եմ ձայն տվել: 2007-2014թթ. էլ մասնակցել եմ ՀԱԿ հանրահավաքների երևի 95%-ին: Սա ասում եմ՝ հարցադրումներիս «օրինակարգությունն» ապահովելու համար: Որպես ընտրող եմ հարցնում՝ իմ ընտրած քաղաքական ուժին: Առանց հեգնանքի:



Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր առաքելությունը 2007-ին շատ հստակ էր. իրերն իրենց անուններով կոչելը: Ինչը որ հազարավոր մարդիկ զգում էին, Լևոնը արտահայտեց խոսքով՝ ասեց, որ սրանք ավազակներ են, խոսեց քրեականացված համակարգի ու դրա ներքին օրենքների մասին, և այլն:
Համաժողովրդական շարժումը կոտրվեց ոչ թե հիասթափության կամ քչաքանակ հանրահավաքների պատճառով, այլ՝ էն պահից, երբ իրերը սկսեցին կոչվել ոչ իրենց անուններով:



Քրեա-օլիգարխը հայտարարվեց քաղաքական գործիչ, բիզնես շահերով միավորված մարդկանց խումբը՝ կուսակցություն: Մարդկանց մոտ շփոթմունք առաջացավ, որովհետև իրականությանը չհապատասխանող անվանումներ տրվեցին:
Թվում ա՝ հնարքը պարզ էր՝ իրերին անվանում տալով – բերել համապատասխան դաշտ: Էն, որ փոքր երեխուն ասում ես – դու մեծ տղա ես, պետք ա հաց ուտես, ուժեղանաս: Ու ակնկալում ես, որ ինքը պետք ա քո տված բնորոշմանը համապատասխան վարք դրսևորի:



Առաջին քրիստոնյա միսիոներները երբեմն կենդանիներին էին քարոզում, ինչի պատճառով առյուծների կեր էին դառնում: Արդյո՞ք առյուծը հլու-հնազանդ պետք ա գա ու տեղավորվի մեր կիրառած հասկացությունների մեջ:



Ու էս կեղծ բառամթերքին համապատասխան մի ամբողջ հայեցակարգ առաջ քաշվեց՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Փորձ էր արվում էդ սխեմայի մեջ խցկել իրականությունը, որը ոչ մի կերպ էնտեղ չէր ուզում տեղավորվել:
Սա դարձավ գլխավոր ջրբաժանն ու շփոթմունքի պատճառը: Ովքեր համաձայն չէին Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ համագործակցությանը՝ հռչակվեցին դավաճան, իսկ լավագույն դեպքում՝ մոլորյալ: Ընդ որում, անհամաձայնությունը ոչ թե քմահաճույք էր, այլ՝ փաստարկված մոտեցում:



Մարտի 1-ի գիշերը, երբ Մյասնիկյանի արձանի մոտ լուրեր էին պտտվում, որ մարդկանց վրա տանկեր են ուղարկում (նույնիսկ լսում էի տանկերի ձայնը, բայց հետո հասկացա, որ տանկ չկար – իմ հուզական գերլարված վիճակից էր), ժողովրդի մեջ մնացել, շրջում ու դուխ էին տալիս էն մարդիկ, ում հերթով ՀԱԿ-ը դավաճան հայտարարեց: Օրինակ՝ Նիկոլը, Արամ Սարգսյանը: Էդ ժամերին մեծ թվով ապագա «դավաճանների» տեսա, ովքեր պատրաստ էին գնալ ինքնազոհության: Անունները չեմ տալիս, եթե ուզեն – էս նոթի ներքո կարձագանքեն:



Էս անձնազոհ մարդկանց ՀԱԿ-ը փոխեց կասկածելի տեսական սխեմաների ու խիստ կասկածելի ուժերի հետ:



Ի վերջո, ԲՀԿ-ի հետ համագործակցության աճեցվող սպասումն էր վերջին տարիների քաղաքական օրակարգի գլխավոր մեխը:
Ու հիմա պարզ-միամիտ հարցեր կան՝ ուղղված իմ ընտրած քաղաքական ուժին: Նորից՝ առանց հեգնանքի կամ ծաղրի:



Էս տարիների մարդկային, բարոյական ու ժամանակային ռեսուրսը մաշեցնելու համար կա՞ արդյոք պատասխանատվության զգացում:



Կուսակցական պատասխանատվության ի՞նչ մեխանիզմներ են գործի դրվելու ՀԱԿ-ում:
Իսկ բարոյական պատասխանատվությա՞ն: Օրինակ՝ ինչ-որ մեկը պատրաստվո՞ւմ ա գոնե ներողություն խնդրել «դավաճաններից» ու «մոլորյալներից»:
Էս հարցերին բաց պատասխանելու կարիքն ավելի շատ կուսակցությունն ունի, իր շահերից ա բխում: Անկեղծ պատասխանները կարող են առավել չվանել էն մարդկանց, ովքեր իմ պես կիսա-դավաճան ու կիսա-մոլորյալ են:



Ավետիք Մեջլումյան