Տեր-Պետրոսյանը հեռանում է` հեռացնելով նաև Քոչարյանին

Տեր-Պետրոսյանը հեռանում է` հեռացնելով նաև Քոչարյանին

Երեկ տարածվեց Սերժ Սարգսյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի «Բաց նամակին»: Ինչպես Տեր-Պետրոսյանն էր իր նամակն սկսել տեքստի շարադրանքից` բաց թողնելով հասցեատիրոջ անունը եւ տիտղոսը, որպեսզի «նախագահ» բառը չգործածի, նույնկերպ էլ վարվել էր Սերժ Սարգսյանը՝ նույնպես իր պատասխանն սկսելով ուղիղ տեքստից եւ շրջանցելով հասցեատիրոջը դիմելը:



Դրանից հետո, ինչպես Տեր-Պետրոսյանն էր իր դիմումով ըստ էության հայտարարել, որ Սարգսյանին ընդունում է իբրեւ ՀՀ նախագահ, պատրաստ է նրա հետ հանդիպել եւ համագործակցել ազգային կարեւորության խնդիրների շուրջ, այնպես էլ Սերժ Սարգսյանն էր իր պատասխանում պատրաստակամություն հայտնել Տեր-Պետրոսյանին ընդունելու իբրեւ նախկին նախագահ, ում կարող է հանդիպել եւ քննարկումներ ունենալ: Իրականում կհանդիպեն, թե ոչ՝ արդեն երկրորդական է, էականը միմյանց կարգավիճակների փոխադարձ եւ հրապարակային ճանաչումն էր, ինչը Տեր-Պետրոսյանին թելադրում է թողնել ակտիվ քաղաքականությունը եւ նախկին նախագահի կարգավիճակով ու ներկա նախագահի հետ շփումներով մասնակցել երկրի կյանքին:



Մնում է հարցը` ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն այդ քայլն արեց հիմա: Պատասխանն ակնբախ է, Տեր-Պետրոսյանը հեռանում է, երբ Ծառուկյանի դեմ ճնշումներով ու ԲՀԿ-ի առաջիկա կազմաքանդմամբ ակտիվ քաղաքականությունում մեկընդմիշտ փակվեց Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման եւ վերադարձի ճանապարհը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանը որքան էլ երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղի Ծառուկյանին, դժվար թե մեկ տարի երկրի քաղաքական դաշտում այսուայնկողմ գլորվող եռյակն այլ նպատակ ուներ, քան ԲՀԿ-ին իշխանության դեմ հանելը: Իսկ ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության պարագայում վաղ կամ ուշ իշխանությունը ճնշելու էր ԲՀԿ-ին՝ ինքնաբերաբար չեզոքացնելով Քոչարյանի քաղաքական հենարանն ու վերադարձի ուղիները: Այնպես որ, Տեր-Պետրոսյանը հեռանում է` հեռացնելով նաեւ Քոչարյանին:



Մինչդեռ Սերժ Սարգսյանի համար Քոչարյանի վերադարձն արգելափակելը թերեւս երկրորդային խնդիր էր, առաջնայինը հենց Ծառուկյանին քաղաքական կյանքից հեռացնելն էր: Ինչը եւ արվում է: Ընդսմին, եթե Ծառուկյանն ըմբռնում կցուցաբերի եւ կհեռանա հոժարակամ` լավ, ըմբռնողություն չի ցուցաբերի, կբացատրեն` մանդատից զրկելով, հարկային ստուգումներով, ոստիկանական քննություններով: Ի վերջո, ի՞նչն է Սարգսյանին խոչընդոտում փետրվարյան ելույթի իր թեզերը կյանքի կոչել: Անշուշտ՝ ոչինչ: Ընդհակառակը, իրականությունը նույնիսկ հարկադրում է, որ Սարգսյանը Ծառուկյանին հեռացնի քաղաքական դաշտից: Ինչո՞ւ:



Այդտեղ խնդիրը ոչ այնքան Ծառուկյանն է, որքան տասնյակ իր նմաններն Ազգային ժողովում եւ կառավարությունում: ՀՀԿ-ից մեկն ասել էր, թե ՀՀԿ մականունավորները Ծառուկյանից տարբեր են, քանի որ նրանք կուսակցություն չեն ղեկավարում: Մի՞թե… ՀՀԿ տգետներն ու վայրենիներն էլ կառավարություն, նախարարություն եւ մարզ են ղեկավարում, ինչն անհամեմատ վատ է: Ո՞վ ձեռքը դնելով խղճին չի ասի, որ Ծառուկյանը, իր ողջ անգրագիտությամբ, պլեբեյականությամբ ու պարզունակությամբ հանդերձ, երիցս գերադասելի է Հովիկ Աբրահամյանից, Գագիկ Բեգլարյանից, Սուրեն Խաչատրյանից եւ նմաններից:



Սակայն քաղաքական իրադրության ողջ ինտրիգն այն է, որ երկիրը եւ քաղաքական դաշտը մականունավորներից մաքրելու համար նախ պետք է չեզոքացնել Ծառուկյանին: Ի վերջո, ովքե՞ր են մականունավորները` ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ այլկուսակցական: Դրանք բարոյազուրկ, տգետ, հանցագործ, երբեմն զինված, որպես կանոն՝ հանցաշխարհի հետ կապված եւ, ի վերջո, ֆինանսական կարողությունների տիրապետող անձինք են: Հետեւաբար, եթե երկրի քաղաքական դաշտում կա իրենց նման մեկի կողմից ղեկավարվող ուժ եւ բեւեռ, ապա ամեն մի ասպարեզից մաքրվող մականունավոր վազելու է դեպի այդ բեւեռը, միավորվելու է իր նմանների հետ:



Նրանք այսպես թե այնպես հանցաշխարհի եւ ֆինանսների կենտրոնացմամբ երկրում խնդիրներ կստեղծեին, բայց քաղաքական ուժի շուրջ համախմբվելով՝ ամբողջ երկրին կարող են սպառնալ: Հետեւաբար, մականունավորներին քաղաքականապես, ֆինանսապես կամ վարչականորեն ոչնչացնելուց առաջ պետք է նրանց միավորման պոտենցիալ բեւեռը վերացվի: Իսկ այդ բեւեռը Քոչարյանի գծագրած ԲՀԿ-ն է` Ծառուկյանի խմբավարությամբ: Այնպես որ, Ծառուկյանին եւ ներկայիս ԲՀԿ-ն քաղաքական ասպարեզից հեռացնելը ոչ այնքան Սերժ Սարգսյանի կամայականության, որքան քաղաքական իրականության պահանջ էր: Եվ այն պետք է իրագործվի: