Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Թեհրանում

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում՝ Թեհրանում

Փետրվարի 22-ին Թեհրանում` Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի Հայոց Թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:



Միջոցառմանը ներկա են եղել հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:



Համերգից առաջ ելույթ է ունեցել ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Խուան Կառլոս Օխեդան, ով իր խոսքում մասնավորապես ասել է. «Ուրուգվայի ողջ ժողովուրդը համոզված է, որ Հայոց ցեղասպանության հիշատակմամբ և դատապարտմամբ կարելի է կանխել հետագա հնարավոր ցեղասպանությունները: Ցավոք, դեռ աշխարհը շարունակում է ականատեսը լինել մարդկության դեմ շարունակվող վայրագությունների: Ուրուգվայը համոզված է, որ երկխոսությունը և մարդկանց միջև շփումները կկանխեն կրոնական և ազգամիջյան ընդհարումները»:



Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին կարճամետրաժ ֆիլմ, որից հետո լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտասի մեղեդիները, իսկ «Մաշտոց» երգչախումբը կատարել է օպերային արիաներ, ժողովրդական, դասական և հոգևոր երգեր: