Ամիրխանյանի տունը քանդվեց այն պահից, երբ նա սկսեց կառուցել Ավանի հյուրանոցը

Ամիրխանյանի տունը քանդվեց այն պահից, երբ նա սկսեց կառուցել Ավանի հյուրանոցը

«Լեւոն Ամիրխանյան» ընկերության կառուցած էլիտարների պատկերները՝ Խանջյան եւ Վարդանանց փողոցներում, Սայաթ-Նովայում, դեռ հանված չեն գովազդային կայքերից եւ կանչում են գայթակղիչ տեսքով ու տեքստով. «Մեր կառուցած բնակարանները նրանց համար են, ում համար կարեւոր են ժամանակակից ճարտարապետական լուծումները… եւ թե ինչ տեսարաններ են բացվում այդ բնակարանների պատուհաններից»: Այդ լուսանկարները դիտելիս դժվար է պատկերացնել, որ այս ամենն իրագործողն ինքնասպան է եղել, ՍՊԸ պատասխանատուները փախել են Հայաստանից դեռեւս Ամիրխանյանի մահից առաջ, իսկ գնորդները շուտով կարող են փողոցում հայտնվել:



Նրանց 80 տոկոսն ահռելի գումարներ են վճարել իրենց բնակարանների դիմաց, սակայն մինչ օրս չունեն սեփականության վկայականներ, այլ ընդամենը ստացականներ են ստացել «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի նախագահ Աբրամ Ամիրխանյանից, գումարի վճարման փաստը վավերացնող թղթիկներ: Համլետ (կամ Աբրամ) Ամիրխանյանի մասին շենքերի բնակիչներն ասում են, որ նա «քցող» չէր, լավ շինարար էր, որակյալ շենքեր էր կառուցում, բայց այն պահին, երբ նա սկսեց կառուցել Ավանի Wyndham Hotel Yerevan անվանմամբ հյուրանոցը, նրա «տունը քանդվեց», նա խրվեց պարտքերի մեջ: 200 համար ունեցող այս հյուրանոցը, որը գրեթե պատրաստ է, նորաոճ լողավազաններ էր ունենալու, ֆիթնես-կենտրոն, մարզադահլիճ, 600 տեղանոց ռեստորան, կոնֆերանս- սրահներ, թենիսի կորտ, վոլեյբոլի հրապարակ եւ իր մեծությամբ բացառիկ՝ 400 մեքենայի համար նախատեսված 21.500 քմ տարածքով ավտոկանգառ:



Համլետ Ամիրխանյանը սիրում էր ընդգծել, որ իր հյուրանոցը 300 նոր աշխատատեղ է ապահովելու եւ իսկական եվրոպական չափանիշների հինգաստղանի է լինելու: Այս հյուրանոցի շուրջ հիմա տարբեր պատմություւններ են հյուսվում: Ասում են, որ երբ շինարարությունը դեռ չէր սկսվել, ինչ-որ մարդիկ Ամիրխանյանին հույսով են արել, նույնիսկ գումարներ ներդրել, սակայն գործի կեսից ներդրողը հրաժարվել է համագործակցությունից եւ հետ պահանջել իր գումարը: Շինարարությունը գլուխ բերելու համար Ամիրխանյանին մեծ գումար է անհրաժեշտ եղել, որը նա փորձել է գտնել դեսից-դենից: Սակայն փողերը փոշիացել են, իսկ հյուրանոցի շինարարությունն ավարտին չի հասցվել: Այդ ժամանակ էլ գործարարը որոշել է գրավադնել Կենտրոնում կառուցած իր մի քանի բազմաբնակարան շենքերը: Դրանց սեփականության վկայականներն անվանափոխվել են «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի անունով եւ գրավադրվել Զարգացման հայկական բանկում, «Արդշինինվեստ»-ում, «Կոնվերսբանկում», «Նորվիգում», այլ բանկերում եւ վարկային կազմակերպություններում:



Ստացված գումարները Համլետ Ամիրխանյանը ներդրել է հյուրանոցի վրա, բայց շինարարությունը խժռել է դրանք: Հիշեցնենք, որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն օգտվել է կառավարության հովանավորությունից եւ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք նույնիսկ կարողացել է բյուջետային երաշխիքի դիմաց 690 մլն դրամ ստանալ Սայաթ-Նովա 40 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքն ավարտելու համար (ավարտվածության աստիճանն այդ օրերին 73% էր): Այդ ժամանակ ընկերությունը 2.75 մլրդ դրամի անշարժ գույք է գրավադրել: Ըստ քաղաքում տարածված մի վարկածի էլ՝ գործարարը փորձել է վաճառել հյուրանոցը, եւ նրա մահից մի քանի օր առաջ խոշոր գնորդ է հայտնվել, սակայն գործարքին դեմ են գնացել ինչ-ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հենց սա էլ բերել է նրան, որ Համլետ Ամիրխանյանը կորցրել է վերջին հույսը, կոտրվել եւ ինքնասպան եղել, առանց սեփականության վկայականների թողնելով մոտ 200 բնակարանատերերի:



«Ամիրխանյանը հիպնոզելու հատկություն ուներ: Շատերն էին փորձում նրանից իրենց վկայականներն ուզել, բայց գնում էինք նրա մոտ, ասում էր՝ հա, ցավդ տանեմ, ախպեր ջան, մի ամսից կտամ, երեք ամսից կտամ, վաղը կտամ: Նրան հավատում էին, ու այդպես անցավ 3 տարի,- պատմեց բնակարանատերերից մեկը:- Ինքը մի քիչ վախկոտ մարդ էր, ով մի քիչ բարձր էր գոռում ու բողոքում, կարողացավ վկայականն ստանալ, մյուսները քցվեցին»: Մեր տեղեկություններով, այս մարդկանցից ոմանց հենց Ամիրխանյանի մահվան հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին, զանգահարել են բանկերից եւ պահանջել ազատել բանկի սեփականություն հանդիսացող բնակարանները: Մյուսներին էլ բանկն առաջարկել է իրենց բնակարանները հետ գնել, քառակուսի մետրի համար վճարելով 900 դոլար: «Բոլորը վկայականների գումարները մուծել են, 4 տարի է՝ կոմունալ վճարումները կատարում են, մարդիկ ապրում են այդ բնակարաններում, արդեն այդտեղ երեխա են ունեցել, թոշակի են գնացել, կյանքը շարունակվել է 4 տարի, ու մեկ էլ իրենց տները գրավադրվում են առանց իրենց գիտության»,- պատմում է բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը, ով կոորդինացնում է «քցված» սեփականատերերին: Վերջիններս 224 հոգի են:



Ամիրխանյանի մահից հետո նրանք նամակներ են գրել ՀՀ կառավարություն, Կենտրոնական բանկ, դատախազություն, Քննչական կոմիտե, նախագահական, ահազանգելով իրենց վիճակի մասին: 2008 թվականին Սայաթ-Նովա 40 հասցեում նրանք 1 քառակուսի մետրի համար մոտ 1200 դոլար են վճարել, ընդ որում՝ բնակարանները ձեռք են բերել առանց ներքին հարդարման, նույնիսկ էլեկտրականությունն ու ջուրն իրենք են անցկացրել, իսկ հիմա բանկից եկել-ասում են, որ այդ բնակարանները բանկինն են, եւ իրենք պետք է գնան: Այնուամենայնիվ զարմանալի է, թե ինչպես են բանկերն ուրիշի տունը գրավ վերցրել՝ առանց այդ մարդկանց տեղեկացնելու, առանց ուսումնասիրելու, առանց գոնե այդ շենքեր այցելելու եւ տեսնելու, որ այդտեղ մարդիկ են ապրում: «Մենք չգիտենք»,- պատասխանում են բնակիչները, ակնկալիքով, որ կառավարությունը կօգնի իրենց՝ դուրս գալու այս աղետալի վիճակից: