Կամրջի վրա՞ են սպանել Նեմցովին, թե՞...

Կամրջի վրա՞ են սպանել Նեմցովին, թե՞...

Կարծես, ռուս հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պաշտոնական վարկած է դառնում այն պատմությունը, թե նա իր ընկերուհու հետ պետական հանրախանութից Մոսկվորեցկայա մեծ կամրջի վրայով քայլում էր դեպի Մալայա Օրդինկա փողոցի իր բնակարանը, երբ հետիոտնային վերգետնա անցումի մոտ մարդասպանը Մակարով տիպի ատրճանակից 6 կրակոց է արձակել նրա վրա, ապա դիմել փախուստի` մոտեցած սպիտակ գույնի ավտոմեքենայով:



Բժիշկների պաշտոնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել երկու րոպե անց: Նեմցովը հրազենային վնասվածքներ է ստացել գլխին (պարանոցի մոտ), սրտին, լյարդին, ստամոքսին, և թոքերին: Բոլոր գնդակները նա ստացել է թիկունքից:



Ռուսաստանյան սոցցանցերում, սակայն, քչերն են այս ամենը ընդունում որպես արժանահավատ պատմություն: Քննարկումները շարունակվում են, առաջ են քաշվում դեպքի, այսպես ասած, «ժողովրդական» վարկածներ, որոնք, ի դեպ, այնքան էլ հեռու չեն տրամաբանությունից: Ստորև ներկայացնում ենք այդպիսի մի քննարկում:



Որպես պաշտոնական վարկածի ապացույցներ կան ազատ հասանելության տեսանյութեր և Նեմցովի ընկած մարմնի լուսանկարները:



Իսկ հիմա փորձենք ավելի ուշադիր նայել այդ ամենին: Սկսենք տեսանյութից, որից, առհասարակ շատ դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում:



Այսպես, 23:31:12` «Նեմցովը»` դեռևս ողջ է, և կամրջի վրա նրան ու իր ընկերուհուն է հավասարվում «ձնահավաք» մեքենան, որը, ինչպես հետո է պարզվում, վակուումային փոշեծծիչ է եղել, որովհետև Մոսկվայում ձյուն չէր գալիս, այլ անձրև: Իսկ ի՞նչ է, Նեմցովն ու իր ընկերուհին որոշել էին սառը անձրևի տակ զբոսնել առանց հովանոցի՞: Բայց սա դեռ ամնակարևորը չէ:



23:31:16` ենթադրյալ մարդասպանը, ով կրակել է Նեմցովի վրա, «ձնահավաք» մեքենայի հետևից դուրս է վազում փողոց, որտեղ նստում է իրեն սպասող սպիտակ ավտոմեքենան և հեռանում:



Եթե հավատանք պաշտոնական դարձող վարկածին, ապա մարդասպանից ընդամենը 4 վայրկյան է պահանջվել, որպեսզի դուրս գար թաքստոցից (ենթադրաբար հետիոտնային անցումի տակից), Մակարով տիպի ատրճանակից կատարեր 6 կրակոց և փախչեր: Բայց ամբողջ հարցն այն է, որ Մակարով ատրճանակից 6 անգամ կրակելու համար տեխնիկապես առնվազն 12 վայրկյան է անհրաժեշտ, մինչդեռ այս դեպքում մարդասպանը ընդամենը 4 վայրկյանում ոչ միայն հասցնում է դուրս գալ թաքստոցից, կրակել 6 անգամ, այլև հասնել իրենս պասող ավտոմեքենային:



4 գնդակ` թիկունքին



Սպանության վայրում կատարված լուսանկարներից երևում է, որ Նեմցովն ընկած է մեջքի վրա: Ենթադրենք, որ նա 6 վայրկյանի ընթացքում իրար հետևից 4 գնդակ է ստացել թիկունքից (դա Մակարով ատրճանակի կրակի արագության լավագույն ցուցանիշ է): Կարո՞ղ էր, արդյոք, այդպիսի վիրավորումներ ստացած մարդը ոտքի վրա մնալ 6 վայրկայն` առաջին կրակոցից մինչև վերջինը, ապա` ընկնել մեջքի վրա: Դժվար է պատկերացնելը, թեև կա խիստ անհավանական այսպիսի մի տարբերակ ևս` Նեմցովն իր մարմնով փակել է ընկերուհուն, ով մի որոշ ժամանակ պահել է նրան ոտքի վրա, ապա հրել, և նա ընկել է մեջքի վրա, ինչպես երևում է լուսանկարներում:



Ո՞ւր է արյունը



Ահա այն լուսանկարը, երբ արդեն բժիշկները մոտեցել են ընկած Նեմցովին: Վերքեր չեն երևում: Դրանք մեջքի կողմից են: Բայց ո՞ւր է արյունը: Հաշվի առնելով այդ մասում կամրջի թեքությունը, ֆոտոյում պետք է շատ արյուն երևար, մանավանդ, որ ըստ պաշտոնական տեղեկությունների գնդակները կպել էին գլխին, սրտին և լյարդին: Դարձյալ ըստ պաշտոնական հաղորդագրության` մահը վրա է հասել 2 րոպե անց: Մեկ րոպեում մարդու սիրտը մինչև 6 լիտր արյուն է մղում, մարդու լյարդում է արյան 10 տոկոսը (500-700 գրամ), արյան մոտավորապես 8 տոկոսը մշտապես շրջանառվում է ուղեղում: Իսկ գետնին արյան հետք էլ չի երևում:



Ո՞ւր են կրակոցների մասին ականատեսների վկայությունները



Սպանության վայրից մինչև ավտոբուսի կանգառ, որին մոտենում ու հեռանում են ավտոբուսներ և որտեղ պետք է որ մարդիկ լինեին, ընդամենը 130 մետր է: Բայց մինչ այժմ չկա որևէ ականատես, որ հայտարարած լինի կրակոցների մասին: Եթե նույնիսկ կանգառն էլ մի կողմ թողնենք, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես է պատահել, որ Մոսկվայում 500 մետր շառավղով օրվա այդ ժամին ոչ մի մարդ չի եղել, որ կրակոցների ձայն լսած լիներ:



«Ձնահավաք» մեքենան հեռացավ սպանության վայրից



Կոմունալ ծառայության ավտոմեքենայի վարորդը հաստատել է, որ հայելու մեջ տեսել է գետնին պառկած մարդու, դուրս է եկել ավտոմեքենայից, 4 րոպե շփվել ընկածի ընկերուհու հետ, ապա գնացել իր գործին: Նա նույնիսկ չի մոտեցել պառկած մարդուն, մարդկային հետաքրքրասիրություն չի ցուցաբերել և նույնիսկ չի պատկերացրել, որ ինքը ակամա ականատես է և հետագայում կարող են իրեն հարցեր տալ:



Մարդիկ անցնում էին կողքով



Մենք հասկանում ենք, որ ուրբաթ երեկոյան գետնին ընկած (պառկած) մարդկանց Ռուսաստանում շատ էլ ուշադրություն չեն դարձնում. մարդ է, խմել է, հիմա էլ հանգստանում է` մտածում են, առավել ևս, որ շուրջը արյուն էլ չկա: Բայց տարօրինակ է, որ ուղեկցորդուհին, ում աչքի առաջ սպանել են Նեմցովին և ում միայն հրաշքով գնդակ չի կպել, կանգնել է ու չի դիմել անցորդներին ՙօգնեցեք՚ կանչելով, թեև ինքը բժիշկ չէ և չէր կարող ենթադրել, որ Բորիսն արդեն մահացած է: Անհավատալի է նաև, որ ֆոտոմոդելը, շոշափելով Բորիսի զարկերակը, հասկացել է, որ նա մահացած է և հանգիստ մոտեցել է «ձնահավաք» մեքենայի վարորդին ու զրուցել վերջինիս հետ:



Եզրակացություն



Անաղմուկ Մակարով` Ուզի ատրճանակի կրակային արագությամբ, Նեմցովի անարյուն մարմինը, հեքիաթը, որ նա, ինչպես սպարտացի, ոտքի վրա մեկը մյուսի հետևից 4 գնդակ է ստանում թիկունքից, պողպատյա նյարդերով ֆոտոմոդել, «ձնահավաք» ավտոմեքենայի վարորդ, ով ֆոտոմոդելի հետ զրուցելուց հետո գնում է իր գործին, անտարբեր ու խուլ անցորդներ` այս ամենը վկայում է այն մասին, որ Նեմցովին կամրջի վրա չեն սպանել: Նեմցովին սպանել են դրանից ոչ շատ առաջ և որպես ստուգողական կրակոց ևս երեք անգամ կրակել արդեն ընկած մարդու վրա: Միայն այդպես կարելի է Մակարով ատրճանակից նկարագրված վերքերը հասցնել մարդուն:



Ֆոտոմեդելին ուղեկցող տղամարդը, ով տեսանյութում ենթադրաբար Նեմցովն է, հենց այն մարդն է, ով դուրս է թռչում կոմունալ ծառայության ավտոմեքենայի հետևից և փախչում սպիտակ գույնի մարդատարով (նա պետք է չքվեր այլևս, որովհետև ավելանում էր նոր «գործող անձ»` Նեմցովի դիակը):



«Ձնահավաք» ավտոմեքենան շատ հարմար էր դիակը տեղափոխելու համար, իսկ 4 վայրկյանն էլ լիուլի բավարար, որպեսզի այդ մեքենայի մյուս կողմում, տեսախցիկներից գաղտնի, դիակը դնեին մայթին:



Այս վարկածը որքան էլ անմշակ ու թերի թվա, միայն այս կերպ կարելի է բացատրել, թե ինչո՞ւ ոչ ոք կրակոց չի լսել և ինչո՞ւ արյուն չկա, ինչո՞ւ է ոչ աղքատ մարդը ընկերուհու հետ անձրևի տակ զբոսնել առանց հովանոցի և տաքսի չի վերցրել, ինչու է «ձնահավաք» մեքենան շարժվել այդքան դանդաղ, ապա միանգամից հեռացել դեպքի վայրից, ինչո՞ւ է ֆոտոմոդելը շփվում այդ մեքենայի վարորդի հետ և հիսթերիայի մեջ օգնության չի կանչում անցորդներին:



Էդ.Ա.