Բանկերը դեռ երկար ժամանակ են զգուշավորություն դրսևորելու

Անցյալ տարեվերջին, դրամի կտրուկ արժեզրկումից հետո, Հայաստանի ֆինանսական շուկան դեռ դեպրեսիվ վիճակում է եւ ոչ մի կերպ չի աշխուժանում: Հունվարին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն էր մոտ 476 դրամ, իսկ փետրվարի վերջից մինչեւ մարտի 3-ը ԿԲ-ի սահմանած փոխարժեքը մոտ էր 478 դրամին: Տարեսկզբի համեմատ սա կարելի է համեմատական կայունացում համարել: Սակայն բանկերը դեռ խուսափում են դրամով վարկեր տրամադրելուց, ինչի մասին վերջերս հաճախ կարելի է գանգատներ լսել քաղաքացիներից: ԿԲ-ն սա չի ժխտում եւ բացատրում է տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններով, որոնք ստիպում են բանկերին վերագնահատել ռիսկերն ու պահպանողական դառնալ: Իր կողմից Հայաստանի գլխավոր դրամատունը դրամային վարկավորումն աշխուժացնելու, դրամային տոկոսադրույքների հնարավոր աճի չեզոքացմանը նպաստելու խոստումներ է տալիս:
Փուլ առ փուլ նվազեցվում են լոմբարդային ռեպո տոկոսադրույքը եւ արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ավելացվում են առեւտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները: «Այս գործողությունները կկրեն շարունակական բնույթ, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում (օրինակ, առավել երկարաժամկետ գործիքների առաջարկի ընդլայնում` նվազեցնելով վերջինների վարկային ռիսկը), եւ դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա»,- «Արմենպրես» գործակալության միջոցով տարածում է ԿԲ-ն: Ինչեւէ, այս պահին ցանկալի արդյունքը չկա, եւ բանկերը շարունակում են զգուշավոր վարք դրսեւորել: Ինչո՞վ է սա պայմանավորված:
Այս հարցին վարկավորման ծավալների առումով առաջատար դիրք ունեցող ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի փոխտնօրեն Արսեն Պետրոսյանը պատասխանեց. «Այո, վարկավորման ծավալները պակասել են: Խնդիրը կապված է դրամի դեֆիցիտի հետ: Բանկերը չունեն դրամ եւ, փաստորեն, ավելի քիչ են տալիս, քան նախկինում, քանի որ ԿԲ-ն զսպողական քաղաքականություն է վարում, նորմատիվները բարձրացրել է, ինչը պետական շահերի առումով, թերեւս, ճիշտ է»: Ըստ Արսեն Պետրոսյանի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ներկայում էլ է դրամային վարկեր տրամադրում: «Պայմանները վարկավորման չեն փոխվել, ուղղակի սահմանափակվել են դրամային վարկերը»,- ասաց նա: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը ներկայում «Գառնի ինվեստ ունիվերսալ» վարկային կազմակերպության տնօրենն է, համաձայն չէ այն գնահատականի հետ, թե դրամով վարկավորման ծավալները պակասել են: «Մեզ մոտ չի պակասել: Նույն ռեժիմով աշխատում ենք,- ասաց նա:- Ես գոնե չեմ նկատում այդ պրոցեսը, թեեւ այդ անհանգստությունը կա: Խնդիրն այն է, որ էմոցիաներն ավելի շատ են: Ֆինանսական վիճակը վատանում է, շատերն են ուզում վարկ ստանալ, եւ քչերն են ուզում վերադարձնել: Բանկերն էլ ավելի կոշտ են վերաբերվում:
Աճող տնտեսության պայմաններում նրանք ավելի ազատ էին, քանի որ հաշվարկների հիմքում կար նաեւ տնտեսության զարգացումը»: Ըստ Բագրատ Ասատրյանի, հիմա զարգացումը գործուն չէ, տնտեսական անկում է գնում, եւ հասարակությունում այս անհանգստությունը կա, որ չեն վարկավորում: Իրականում բանկերն ավելի բծախնդիր են պայմանների եւ վճարողունակության հարցում: Հարցին, թե որքան «կտեւի» այս զգուշավորությունը, նա պատասխանեց. «Շատ երկար, մի երեք տարի, իմ կարծիքով»:
Կարծիքներ