Կարծում ենք՝ ոմանք ԲՀԿ-ում Ծառուկյանին սխալ են հասկացել

Կարծում ենք՝ ոմանք ԲՀԿ-ում Ծառուկյանին սխալ են հասկացել

Դատելով այն ամենից, ինչ այժմ տեղի է ունենում ԲՀԿ-ում, Նաիրա Զոհրաբյանն ու նրա նախագահության տակ անցած ԲՀԿ-ականները մի քիչ սխալ են հասկացել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու հայտարարությունն ու նրա քայլերի ենթատեքստը:



Շատ հնարավոր է, որ իսկական «առնետները» ոչ թե նրանք են, ովքեր Ծառուկյանից առաջ, նրա հետ և նրանից հետո լքեցին ԲՀԿ-ն, այլ նրանք, ովքեր որոշել են Նաիրա Զոհրաբյանի հետ շարունակել Գագիկ Ծառուկյանի կիսատ թողած գործերը:



Եվ իրոք, ԲՀԿ-ի այս թևում, որ ամուր կառչել է կուսակցության անվանումից, հենց այն մարդիկ են, ովքեր բոլորից բարձր էին իշխանափոխություն պահանջում և, ի վերջո, այլընտրանքային ԲՀԿ-ն ներքաշեցին մի ավանտյուրայի մեջ, որին պատրաստ չէր ոչ Ծառուկյանը և ոչ էլ կուսակցության օլիգարխիկ մասը:



Իսկ ամենազավեշտալին էլ այն է, որ տուկի թել, ձրի սերմացու չբաժանած, խաղող չմթերած, անվճար գիծ չպահած նաիրազոհրաբյանականները շատ բնական են համարում խորհրդարանում իրենց մնալը, որտեղ հայտնվել են Գագիկ Ծառուկյանի թվարկված հրաշագոծությունների, շատ դեպքերում՝ ընտրակաշառք բաժանելու, ընտրակեղծիքներ կատարելու շնորհիվ:



Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանի հարյուրավոր ու հազարավոր կողմնակիցներ լքում են ԲՀԿ-ն, երբ Ծառուկյանն անգամ տարածքային կառույցների հնամաշ կահույքն ու համակարգիչներն է հետ պահանջում, ինչի՞ վրա են հույս դրել ՀՀԿ-ի երիտթևից ոչնչով չտարբերվող ԲՀԿ-ական 10-15 այս ջահելները, որ ամուր կառչել են իրենց մանդատնեից: Գուցե ՀՀԿ-ն նրանց խոստացել է տիրությո՞ւն անել: Եթե այո, ապա ավելի վատ իրենց համար: Ի դեպ՝ Գագիկ Ծառուկյանը ներդրում ունի նրանցից շատերի հենց անձնական բարգավաճման գործում: Եվ ի՞նչ է լինելու, երբ գործը հասնի հագների կոստյումներից ու բնակարանի ավելորդ շքեղություններից բաժանվելուն: