Լսեք Խոսրովին և կունենաք հրաշալի ընդդիմություն

Լսեք Խոսրովին և կունենաք հրաշալի ընդդիմություն

Ընդդիմադիր դաշտը ոչնչացնելուց հետո ՀՀ իշխանություններն անցել են քաղաքացիական հասարակության և ժողովրդի փոքրիշատե կազմակերպված հատվածի կազմաքանդմանը: Հիմա արդեն իրենք են սկսել բացատրել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմադիր դաշտը և ընդդիմությունն ընդհանրապես: Բացատրողն էլ ո՞վ է… Ոչ ավել, ոչ պակաս` Խոսրով Հարությունյանը, ով ոչ միայն իր կյանքում երբեք ընդդիմություն չի եղել, այլև հայտնի է որպես բոլոր ժամանակների ընդդիմությունների (սկսած ԽՍՀՄ ժամանակներից) մոլի հակառակորդ: Աենք նաև, որ Խոսրով Հարությունյանն այն դեմքերից է, որոնց մասին Հայաստանում ոչ ոք, առհասարակ, չգիտի, թե ինչով է զբաղված քաղաքական Օլիմպոսում ու ինչ է անում «էս երկրից» երկիր շինելու ուղղությամբ:



Նրա նմաններին ԱԺ ՀՀԿ ֆրակցիայում կարելի է տասնյակներով հաշվել, որոնք պարզապես ոչնչով զբաղված չեն, եթե չհաշվենք դատարկախոսությունը: Եթե Սերժ Սարգսյանը դա համարում է քաղաքական գործունեություն, իսկ այդ «գործով» զբաղվածներին էլ քաղաքական գործիչ, հարց չկա: Բարի վայելում, ինչպես ասում են, ու թող ՀՀԿ-ում Խոսրովհարությունյաններն անպակաս լինեն:



Այսօր այս աննման գործիչը դատարկաբանել է, թե իշխանափոխությունն ու հեղաշրջումը նույն բանն են: Այստեղից էլ եզրակացրել է, որ իշխանափոխություն պայանջել ընդդիմությունը չի կարող, քանի որ դա նույնն է, ինչ հեղաշրջում պահանջես: Այստեղից էլ, փաստորեն ձևավորվում է Խոսրով Հարությունյանի կարծիքն այն ընդդիմության մասին, որը պետք է լցնի ամայացած ընդդիմադիր դաշտը՝ խելոք, հեզ, կառավարելի:



Ընդդիմադիրները, ըստ նրա, ոչ թե իշխանափոխություն պետք է պահանջեն, այլ իրենց գաղափարներով գան հրապարակ ու այնքան քարոզեն այդ գաղափարները, որ ժողովուրդը վերջապես ընդունի դրանք: Սկսենք սակայն այնտեղից, որ ՀՀ իշխանություններն այս տարիների ընթացքում երբեք որևէ ընտրություն չեն հաղթել իրենց գաղափարներով: «Сила есть- ума не надо»՝ սա է եղել ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների կարգախոսը` զարդարված մի քանի մարտակոչերով` «Փոխենք, որ փոխվենք», «Առաջ, Հայաստան», «Դեպի ավելի ապահով Հայաստան» և այլն: Տոկոս խփել ամեն գնով` սա է ՀՀ իշխանությունների գաղափարախոսությունը, ինչը, բնականաբար, հնարավոր չէ հրամցնել լայն մասսաներին: Խոսրով Հրությունյանն առաջարկում է այս ամենի դեմ հրապարակ ելնել գաղափարներով և չխոսել իշխանափոխության մասին, որովհետև դա հեղաշրջում է: Ողբամ զքեզ…



Գաղափարներ ընդդիմությունը շատ ունի, որոնց մասին տասնյակ տարիներ է արդեն բարձրաձայնում ու քարոզում է: Հենց մի քիչ հաջողում է` զանազան միջոցներով կամ գլխին բամփում են, կամ բանտարկում են, կամ նալոգովի են ուղարկում կամ մի ուրիշ բան: Անգամ դեպքեր են եղել, որ ընդդիմադիրներին հայտարարել են պետության համար վտանգավոր էլեմենտ: Ստեղծել են մի վիճակ, որ ժողովուրդը տեսնի ու հասկանա, որ իրենց դեմ խաղ չկա, սակայն իրենք էլ ոչինչ անել չեն կարողանում իրավիճակը շտկելու և երկիրը փոսից հանելու ուղղությամբ: Ճիշտ և ճիշտ` շունը խոտի դեզի վրա: Ընդդիմությունն էլ պետք է գա ու հայտարարի` ահա իմ գաղափարները, բայց ես իշխանափոխություն չեմ ուզում, որովհետև նախ` դա հեղաշրջում է և ապա` ՀՀԿ-ից ավելի լավը չկա: Ինչպե՞ս է պատկերացնում այս իրավիճակը Խոսրով Հարությունյանը, իր կարծիքով, ի՞նչ է, մարդիկ ապո՞ւշ են, չե՞ն տեսնում, թե ինչ խայտառակ վիճակում է ՀՀԿ-ն, որ սարսափում է անգամ իշխանափոխություն բառից:



Իսկ հիմա` Խոսրով Հարությունյանի քաղաքագիտական շողոմաբանության մասին: Զգուշացնեմ` թրքահոտն ուղղակի անտանաելի է: Նա ասում է. «Քաղաքական ցանկացած կուսակցության առաքելությունը հանրային կյանքը որակապես իր հայեցակարգին, դոկտրինալ մոտեցումներին ադեկվատ դարձնելն է»: Այսքան բան իմացող մարդը առնվազն պարտավոր է իմանալ նաև, որ այս տարիների ընթացքում ՀՀԿ-ն մունդռել է մեր կյանքը և այն ադեկվատ դարձրել իր հայեցակարգին և դոկտրինալ մոտեցումներին: Ուրեմն ՀՀԿ-ն պետք է անձայն հեռանա, որովհետև այն, ինչ ադեկվատ է իր հայեցակարգին ու դոկտինալ մոտեցումներին, պարզապես խայտառակություն է և ոչ թե կյանք:



Այդ ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ ընդդիմությունը պետք է ունենա որոշոկի վերահսկողական ֆունկցիաներ և մասնակցի պետական գործերին: Սա էլ նոր պանիր է մկան թակարդում՝ եկեք պաշտոն տանք, որ հետո պատասխանատվույուն էլ ստանձնեք: Դե իհարկե, երբ բոլոր ընդդիմադիր ուժերը լքել են հրապարակը, կարելի է լնգուլավազներին ընդդիմադիրների անվան տակ հրապարակ բերել ու խաղացնել որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը ամեն ինչ կանի բացի իշխանափոխությունից, այսինքն՝ հեղաշրջումից: